Լրահոս
Օրվա լրահոսը

Անկեղծ նամակ՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին

Հունիս 12,2009 00:00

Նամակս գրելու շարժառիթը եղավ այն, որ մի խորհրդակցության ժամանակ, այսպես կոչված, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ակնարկեց, թե ես «նախագահին գրողներից» եմ:

Մասնակիցներից որեւէ մեկը չասաց՝ նախագահը մեր երկրի նախագահն է եւ ոչ թե ուրիշ երկրի: Այդ պահին շանթահարված փորձեցի լուռ «մարսել» մի միտք՝ մի՞թե քո երկրի նախագահին ճշմարտություն ասելը անբարոյականություն է: Այս գաղափարը ինձ շատ է մտատանջել: Հիմա ես ազատագրվել եմ այդ մտքերից, նորից եմ գրում եւ այս անգամ՝ հրապարակավ, միաժամանակ խորհուրդ տալիս որոշ պաշտոնյաների, որ կարդան ոչ միայն նախագահին հասցեագրված իմ գրությունները, այլեւ մամուլում հրապարակվող գիտահոգեւոր բնագավառի իմ թարգմանությունները, եթե, իհարկե, հասանելի են:

Ղեկավարման ընթացքում կամայականության դրսեւորումը՝ պաշտոնում պատահականորեն հայտնվելու նշան է: Ահա կամայականության դրսեւորման հերթական մի փաստի մասին. 2008 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ Կոտայքի մարզպետը ինձ նկատողություն է հայտարարել, իսկ 2009 թվականի հունվարի 8-ին պահանջել բացատրություն, թեեւ մարզպետի կարգադրության մեջ գրված է, որ այդ նկատողության հիմքը իմ՝ դպրոցի գործադիր տնօրենիս գրած բացատրագիրն է: Ստացվում է, որ նկատողությունը ես ստացել եմ 9 օր հետո գրվելիք բացատրագրի հիման վրա: Ժամանակի մեջ չկողմնորոշվելու պարզագույն իրողություն, ինչը ոչ թե մեխանիկական սխալ է եղել, այլ կամայականության դրսեւորում: Սա դեռ մի կողմ:

Նկատողություն եմ ստացել նրա համար, որ դպրոց եմ ընդունել մի երեխայի, որը չի ունեցել ծննդյան վկայական: Ստուգման ընթացքում մարզպետարանի աշխատակցին բացատրում եմ, որ երեխան անհետացել է ծննդատնից, ծնողները անհայտ են, նախաձեռնել եմ ծննդյան վկայականի ձեռքբերման գործընթաց եւ այլն: Միեւնույն է, ստուգողը մարզպետին զեկուցում է, որ տնօրենը չի ապահովել երեխայի ծննդյան վկայականը, իսկ արդյունքում՝ դեկտեմբերի 30-ին հայտարարած նկատողության մասին ինձ տեղյակ են պահում հունվարի 8-ին: Ավելորդ չեմ համարում նշել, որ մինչ օրս այդ երեխան չունի ծննդյան վկայական, չնայած դիմել եմ համապատասխան կառույցներին ու մարմիններին:

Պարոն նախագահ, արդյոք սա կամայականություն չէ՞: Մի՞թե այսպես չեն ստիպում, որ մարդը թողնի իր աշխատանքը: Սա իմ եւ մեր դպրոցի նկատմամբ դրսեւորված կամայականություններից ընդամենը մի պատառիկ է: Կասկածից վեր է, որ Դուք անտարբեր չեք անցնի կամայականություններ դրսեւորողների կողքով, իսկ ես էլ ստիպված չեմ լինի լքելու իմ աշխատանքը, թողնելու այն դպրոցը, որը ստեղծվել է իմ նախաձեռնությամբ, որտեղ սովորում են մտավոր թերզարգացում ունեցող երեխաներ եւ, լինելով ոչ գիշերօթիկ, երեխաներին հասարակության մեջ ներառելու նպատակով կատարում է իրական աշխատանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել