Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՄՈՆ ՃՏՃՏԱՑՆԵԼՈՎ ԵԿԵԼ ԷԻՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ

Հունիս 12,2009 00:00

ԳԹԿ-ի բակում երեկ գրանցվեց նույնիսկ ուշաթափության դեպք

\"\"Հուզված եւ մարտական տրամադրված ծնողներ, անարդարությունից դժգոհող դիմորդներ, որոնք հաճախ գալիս էին ոչ միայն ծնողների, այլեւ՝ մորաքույր-հորաքույրների, «ախպեր-տղերքի» ուղեկցությամբ, ԳԹԿ-ի աշխատակիցներ, որոնք հարցախեղդ եղած հերթապահում էին թեստավորման կենտրոնի մուտքի առաջ՝ սպասելով հերթական այցելուներին. երեկ «Առավոտը» այցելելով Գնահատման եւ թեստավորման կենտրոն՝ ականատես եղավ այսպիսի իրավիճակի: Թերեւս ստեղծված կացության գլխավոր պատճառն այն էր, որ մեկ օր առաջ ավարտվել էր հայոց լեզու եւ գրականություն առարկայի՝ հունիսի 5-ին կայացած միասնական քննության բողոքարկման գործընթացը, բայց կային տարբեր պատճառներով ուշացողներ: Օրինակ, Չարենցավանի թիվ 3 դպրոցի քննակենտրոնում հայերեն քննություն հանձնած մի աղջիկ ԳԹԿ էր եկել քորջ հետ՝ բողոքարկելու իր աշխատանքը: Քույրը՝ Լիլիթ Քոչարյանը, «Առավոտին» ներկայացրեց խնդիրը. «Չենք իմացել, թե արդյունքների ցուցակները երբ են կախել: Երբ վերջապես իմացանք, պարզեցինք, որ հաշվարկներն ու արձանագրվածները տարբերվում են միմյանցից: Քույրս մեր հաշվարկներով հավաքել է 10.75 միավոր, իսկ ցուցակում գրված է 10: Ուստի ցանկացանք բողոքարկել: Մեզ ասացին, որ պիտի բողոքարկենք ԵՊՀ-ում, հետո էլ պարզվեց, որ ուշացել ենք»: ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, լսելով բողոքը, ասաց. «Երբ ցուցակները կախվում են, հաջորդ օրը, ըստ ընթացակարգի, դիմորդը կարող է բողոքարկել: Եթե երեկ գնացել եք, ցուցակները նայել, ինչո՞ւ ձեր քննակենտրոնում չեք բողոքարկել, ինչպես կարգն է»: Սակայն ԳԹԿ-ում ընդառաջեցին աղջնակին:

\"\"ԳԹԿ-ի հաջորդ այցելուն մի հայրիկ էր, որն ուներ հետեւյալ խնդիրը: Նրա երեխան ավարտում է ռուսական դասարան եւ ընդհանրապես Հայաստանում չի մեծացել, չի հասկանում հայերեն, բայց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Ուստի հայրը խնդրում էր, որ իր երեխայի համար թեստը թարգմանված լիներ: Գ. Մանուկյանը ծնողին խնդրեց դիմում ներկայացնել, որպեսզի հարցը քննարկվի:

Այսուհետեւ ԳԹԿ-ն, թերեւս, պետք է համագործակցի նաեւ «Շտապօգնություն» ծառայության հետ, քանի որ երեկ գրանցվեցին ուշաթափության դեպքեր: Խմբով եկել էին մի դիմորդի հարազատները, որոնք կարծում էին, թե իրենց երեխան չի հաղթահարել թեստի ոչ միայն ավարտական եւ բուհական տարբերակը, այլեւ՝ միայն ավարտականը: Բայց երբ պարզվեց, որ իրականում նա թեստը հաղթահարել է ավարտականի մասով, եղան ուրախությունից ուշաթափվողներ: Թեստավորման կենտրոնի հաջորդ հյուրերը երկու տղաներ էին, որոնցից մեկը դիմորդ էր, սակայն ելույթ էր ունենում նրան ուղեկցող երիտասարդը: Զրույցից պարզ դարձավ, որ տղաները մի բժշկի թուղթ էին բերել, որպեսզի արդեն քննություն հանձնած դիմորդը եւս մեկ անգամ քննություն հանձնի: Դիմորդին ուղեկցող երիտասարդը ասաց. «Դիմորդը ներկայացել է քննության, բայց ընթացքում իրեն վատ է զգացել, ուստի բժշկի թուղթ ենք բերել, որպեսզի նրան թույլ տրվի նորից քննություն հանձնել»: Իսկ Գ. Մանուկյանը պատասխանեց. «Եթե դիմորդը քննության ժամանակ վատ է զգում, ձեռք է բարձրացնում եւ մոտենում քննասենյակի պատասխանատուին: Քննական կենտրոնի ղեկավարի գիտությամբ նրան ուղեկցում են բժշկի սենյակ, եւ երբ հասկանում են, որ երեխան այլեւս չի կարող շարունակել քննությունը, այն ընդհատվում է, եւ դիմորդի ձեւաթղթի վրա նշվում է, որ քննությունը ընդհատվել է բժշկի թույլտվությամբ: Իսկ ձեր դիմորդի դեպքում քննությունը շարունակվել է, ինչն արդեն կայացած փաստ է»: Իհարկե, տղաներն այս խոսքերը «ծանր տարան»՝ իրենց սրտնեղությունը բարդելով մեզ վրա՝ հետեւյալ խոսքերով. «Ի՞նչ եք անում» (Մենք մեր մասնագիտական պարտքն էինք կատարում): Պակաս տպավորիչ չէին նաեւ ԳԹԿ-ի մյուս հյուրերը. մայրիկի ուղեկցությամբ բողոքարկման եկած մի աղջնակ, որը փոխանակ հետեւեր ինչ է կատարվում, անընդհատ ծամոն էր ճտճտացնում: Երեւի ծնողը գիտեր իր երեխայի կարողությունները, դրա համար էլ համառորեն ուզում էր նրա հետ մուտք գործեր ԳԹԿ, չնայած ԳԹԿ-ում նախընտրում են լսել դիմորդներին եւ նրանց հետ քննարկել առաջացած հարցերը: Հաջորդ հյուրը մի երիտասարդ էր, որը եկել էր իր ընկերական շքախմբի ուղեկցությամբ: Նա ոչ ցանկանում էր բողոքարկել, ոչ էլ բժշկի թուղթ էր բերել, այլ պարզապես ասաց. «Ես չեմ ուզում վաղը անգլերենի քննություն հանձնել»: Մի ծնող էլ, որ եկել էր իր դստեր հետ, ասում էր, որ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի քննական կենտրոնում գրված է, որ դիմորդները կարող են բողոքարկել մինչեւ երեկ ժամը 14-ը: Իսկ երբ ցանկացել են տեղում բողոքարկել, նրանց ուղարկել են ԳԹԿ: Այս ծնողին էլ ԳԹԿ-ականները տեղեկացրին, որ ինչպես բոլոր դիմորդների, այնպես էլ իր դստեր միավորները կբարձրացվեն, եթե դա կապված է բովանդակային հարցերի հետ, անկախ նրանից՝ դիմորդը բողոքարկել է, թե ոչ: Տեղեկացնենք, որ երեկ ԳԹԿ-ում հավաքվում էին բոլոր քննական կենտրոններից եկած դիմում-բողոքները: Ստեղծվել է հատուկ բողոքարկման հանձնաժողով, որը բոլոր այդ դիմումները կդասդասի՝ ըստ դրանց բնույթի. օրինակ՝ բովանդակային, տեխնիկական եւ այլն: Գ. Մանուկյանը հավելեց. «Ըստ ընթացակարգի, բողոքարկման գործընթացի վերանայումը պիտի տեղի ունենա քննությունների ավարտից հետո, բայց հանձնաժողովները կաշխատեն հնարավորինս շուտ պատասխանները ուղարկել»:

Իսկ դիմորդներին տեղեկացնենք, որ հունիսի 9-ին կայացած մաթեմատիկայի միասնական քննությունների արդյունքները հնարավոր է քննական կենտրոններում փակցվեն կիրակի օրը՝ հունիսի 14-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել