Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՈՅԱՀՈԳԵՎՈՐ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ

Հունիս 12,2009 00:00

«Հանուն արդարության շարժում»

Բնության մեջ կառավարման ու գոյության լավագույն ձեւը շրջանն ու փակ շղթան են: Դրա վկայությունն է գալակտիկաների, աստղային համակարգերի, ատոմների եւ այլ շրջանային շարժման մեջ գոյությունը: Այսօր լավագույն արդյունքների են հասնում այն երկրները, որտեղ երկրի կառավարումն իրականացվում է փակ շղթայի տեսքով:

Մեր երկրի կառավարումն իրականացվում է վերեւից ներքեւ ուղղվածությամբ: Քանի որ այս համակարգում կառավարման համար անհրաժեշտ փակ շղթա կազմելու համար բացակայում են ժողովրդի ընդգրկումն ու նրա կողմից հսկողությունը ամենատարբեր գործընթացների նկատմամբ, այս իրավիճակում ծաղկում, բարգավաճում են բյուրոկրատիան, կոռուպցիան, անարդարությունը, անպատասխանատվությունն ու անպատժելիությունը, որոնք հասել են երկրի անվտանգության համար վտանգավոր չափերի: Այն բերում է նաեւ ազգային եկամուտների անհավասարաչափ բաշխմանն ու մի խմբի ձեռքում դրանց կուտակմանը, որն էլ հղի է սոցիալական պայթյունի վտանգով, տնտեսության անհավասարաչափ զարգացմամբ, ազգային եկամուտների մի խմբի՝ օլիգարխների ու կոռուպցիոներ պաշտոնյաների ձեռքերում կուտակմամբ: Տեղի է ունենում համատարած բարոյահոգեւոր անկում: Հասարակությունը կտրվում է սեփական մշակույթից, գրականությունից:

Նկատի ունենալով երկրում ստեղծված այս իրավիճակը՝ «Շուշի» ԲՀ-ն ստեղծել է «Հանուն արդարության շարժումը»: Այն նպատակ ունի ներքեւից վերեւ ուղղված՝ բնակչության մասնակցությամբ երկրի կառավարման համակարգի առաջին աստիճանի ստեղծումն ու Վերլուծական կենտրոնի հիմնադրումը: «Հանուն արդարության շարժումը» բացել է www.avetis.am վեբ կայքը, որտեղ պարբերաբար պետք է հրապարակվեն ՀՀ բնակչության դիմում-բողոքները, առաջարկությունները, որոնք կտեղադրվեն ըստ ոլորտների, ասենք՝ տնտեսական, մշակութային, կրթական, մարզական, տրանսպորտի, սոցիալական, բժշկության, ինչպես եւ ըստ մարզերի: Առանձին նամակներ էլեկտրոնային փոստով կուղարկվեն համապատասխան գերատեսչություններին կամ կառավարությանը՝ պարտադիր հրապարակելով պատասխանները, հետեւելով խնդրի լուծմանը: Վերլուծական կենտրոնն իր վերլուծությունները կայքում հրապարակելուց բացի, ծրագրել է պարբերաբար դրանք ներկայացնել ԱԺ եւ ՀՀ կառավարության քննարկումներին, իհարկե, եթե նրանք պատրաստ լինեն դրան: Այս ձեռնարկը կնպաստի երկրում քաղաքացիական հասարակության կայացմանը, բյուրոկրատիայի, կոռուպցիայի, անպատասխանատվության դեմ պայքարում աստիճանաբար կփոխի մարդկանց մտածելակերպը, հասարակությունը կհավատա իր ուժին, կնպաստի նոր տեխնոլոգիաների տարածմանը հասարակության մեջ:

Հիմնադրամը դիմեց ՀՀ վարչապետին՝ համագործակցության առաջարկով: Կառավարության կողմից արձագանքը սահմանափակվեց այս ծրագրի սեփականացմամբ: Ուրախ կլինեինք, եթե այն հաջողություն ունենար: Սակայն կառավարությունում, ըստ ամենայնի, չեն հասկանում, որ նման ծրագրերը իրականացվում են հասարակական կազմակերպությունների կողմից:

Կազմակերպությունը սկսեց նամակներ ստանալ երկրի տարբեր ծայրերից: Գյումրիից ստացված մի նամակ էլեկտրոնային փոստով ուղարկվեց Գյումրիի քաղաքապետարան եւ մարզպետարան: Պարզվում է, որ նրանք չունեն էլեկտրոնային գրություններ ընդունելու հնարավորություն: Հավատացած եմ, որ Գյումրիի քաղաքապետն ու նրա տեղակալները իրենց տներում ունեն նման հնարավորություն: Սակայն եւ հնարավոր է, որ նրանք խուսափում են պատասխանատվությունից: Որպես օրինակ բերեմ այդ նամակներից մեկի տեքստը. «Ես ծնվել եւ մինչեւ 1988-ի մարտ ամիսը ապրել եմ Սումգայիթ քաղաքում, որն իսկական դժոխքավայր դարձավ հայերիս համար: Հայրս՝ Ալբերտ Թովմասյանը, տուժելով ադրբեջանական խուժանի հարձակումից, հիվանդանոց ընկավ: Ապաքինվելուց հետո Հայաստան եկանք, ու թվում էր, թե այլեւս երջանիկ կապրենք, մանավանդ, որ Սպիտակ քաղաքում բնակարան ստացանք: Սակայն դեկտեմբերյան երկրաշարժը տարավ թե’ տունը, թե’ մորս… Հայրս չկարողացավ տանել այս երկրորդ հարվածն ու մեկ ամիս անց մահացավ: Ես, որպես Ադրբեջանից բռնագաղթված, սկսեցի պայքարել իմ իրավունքների համար: Սակայն ոչ մի կերպ ՀՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի վարչությունում փախստականի կարգավիճակ չէին տալիս: Ամուսնանալուց հետո ամուսնուս, նրա ծնողների ու երկու որդիներիս հետ ահա 18 տարի է, ինչ Գյումրիի տնակներից մեկում եմ ապրում (Կոշտոյան փող., 233-037 տնակ): Ստիպված 2004 թ. դիմեցի դատարան՝ վերստանալու փախստականի կարգավիճակը, որը 1988-ին ստացել էի ծնողներիս հետ: Գործը հասավ մինչեւ Վճռաբեկ դատարան: Ամեն անգամ դատարանն իմ օգտին էր վճռում, սակայն Միգրացիոն ծառայության չինովնիկները բողոքարկում էին՝ նպատակ ունենալով երկարաձգել կարգավիճակի ստացումը, որպեսզի զրկվեմ ՄԱԿ-ի հատկացրած բնակարաններից ստալաու իրավունքից: Դա նրանց հաջողվեց, չնայած ես ուշացումով ստացա փախստականի կարգավիճակը: Ես գիտեմ փախստականի իրավունքները, սակայն մտադիր չեմ հեռանալ հայրենիքից: Հայաստանը իմ որդիների հայրենիքն է, ու ինչքան էլ դժվար լինի, իմ որդիները չեն ձգտում օտար երկրներ տեղափոխվել: Գյումրիի Լենինգրադյան փողոցի դեղատան դիմացի տնակը, որտեղ տեղափոխվել էինք, հրկիզվեց, այրվեց մեր ողջ ունեցվածքը: Արդեն վարժվել եմ այն մտքին, որ ճակատագիրը հալածում է ինձ: Հիմա մեկ այլ տնակ եմ վարձել: Երկար ժամանակ չգիտեի, թե ինչպես պաշտպանվեմ անձրեւի ժամանակ առաստաղի կաթոցներից: Վերջապես, չորս հովանոց գնեցի, ու անձրեւ օրերին տան ներսում նստած յուրաքանչյուրս բացում ենք մեր հովանոցը… Բնակարան ստանալու համար դիմել եմ Շիրակի մարզպետ տիկին Նանյանին, որը պատասխանեց՝ «Ոչնչով օգնել չեմ կարող»: Իսկ քաղաքապետ Ղուկասյանն ասաց. «Օգնելու ոչ մի հնար չունեմ: Վաուչեր կարող եմ տալ, սակայն դրանով տուն չես գնի»: Արդեն 18 տարի է, ինչ նեղ ու ցուրտ տնակում ենք ապրում: Տղաներս մեծացել են, ուզում են ընտանիք կազմել: Կցանկանայի հավատալ ձեր շարժմանը, հավատալ, որ խնդրանքս տեղ կհասցնեք: Խնդրում եմ ճանաչեք արժանավալել ապրելու իմ ընտանիքի անդամների իրավունքը: Նազիկ Ալբերտի Թովմասյան, ք. Գյումրի, անհասցե տնակ»:

«Հանուն արդարության շարժումը» տարեսկզբից էլեկտրոնային ստորագրահավաքով ձեռնարկեց Արցախի խնդրի լուծման իր տարբերակը: 1992-1994 թթ. Ադրբեջանական Հանրապետությունը պատերազմել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, նրա հետ էլ կնքել զինադադար: Իսկ ահա ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում ԼՂՀ-ի փոխարեն ներքաշվել է Հայաստանի Հանրապետությունը: Նման պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մերժվում է օգտվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոնվենցիայով եւ Հելսինկիի ԵԱՀԿ խորհրդաժողովի վերջնական ակտով սահմանված ազատ ինքնորոշման իրավունքից:

Յուրօրինակ հանրաքվեին մասնակիցները իրենց ստորագրությամբ միանում են ԼՂՀ-ն որպես հակամարտող կողմ ճանաչելու եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում լիարժեքորեն ներգրավելու «Հանուն արդարության» շարժման կոչին: Այդ կոչին աշխարհի 37 երկրներից մասնակցել են երեք հազար հոգի: Հետաքրքիր է, որ ամենաշատ ձայնը ստացվել է Գյումրիից: Գյումրիի քաղաքապետարանի էլեկտրոնային պասիվությանը զուգահեռ՝ բնակչության, մանավանդ մանկավարժականի ուսանողության ակտիվությունը հուսադրող է: Այս տեսանկյունից մտահոգիչ է ԼՂՀ բնակչության էլեկտրոնային պասիվությունը: Շատ գործարարներ անվերջ հպարտանում են Արցախին նվիրած համակարգիչների թվաքանակով: Իսկ եթե հազար համակարգչի փոխարեն, որոնք իբրեւ գրամեքենա են ծառայում, հարյուր գյուղերում ինտերնետային կապի, աշխարհի հետ կապվելու հնարավորություն ստեղծվի, շատ ավելի մեծ գործ արած կլինեն:

շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել