Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարվում են ԲԳՎ-ներից

Հունիս 12,2009 00:00

Վանաձորի Տիգրան Մեծի 73 շենքի, ժողովրդին ավելի հայտնի՝ ֆոտոէտյուդի շենքի 12 ընտանիք հրաժարվում է բնակարանների գնման վկայագրեր (ԲԳՎ) ստանալ:

\"\"Սկսած 2001 թվականից, Վանաձորում 594 ընտանիք ստացել է ԲԳՎ, իսկ նշված շենքի 73 ընտանիքից ԲԳՎ է ստացել 55-ը, մի քանի ընտանիք Հայաստանում չէ, մնացած 12-ն էլ հրաժարվում է: Նրանք 20 տարի ապրել են շենքի տեղում տեղադրված տնակներում, միայն անցյալ տարի են ազատել տարածքը, որպեսզի «Վիմպերգ» ՍՊԸ-ն սկսի շենքի կառուցումը, պայմանով, որ կառուցվող էլիտար շենքի 12 բնակարաններն իրենց են տալու: Սակայն շինարարությունը անժամկետ կասեցվեց ճգնաժամի պատճառով: «Քանի տարի է՝ աչքները էս տարածքի վրա է, էլ խնդրեցին ազատել, էլ հորդորեցին, էլ սպառնացին»,- ասում է Ռոզա Ավետյանը:

«Ոչ մի ճգնաժամ, ուղղակի մեր շենքի բնակիչներից մեկը, որ շուտ էր դուրս եկել տնակից, բայց տնակը չէր հանել, էնքան խառնեց, որ ինքն էլ տուն ստանար, պետությունն էլ ներդրողին էր ստիպում, որ մի տուն էլ ավել տա, երեւի զահլեն գնաց ու էլ շինարարություն չի անում»,- ասում է տիկին Ռոզայի որդին:

Մեղադրվող 13-րդ բնակիչը, տիկին Սիրանուշը, որեւէ ձեւով չարձագանքեց հնչած մեղադրանքին, նույնիսկ չհերքեց: Իսկ «Վիմպերգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արթուր Վարդանյանը հերքում է բնակիչների ասածները եւ պնդում, որ շինարարության կասեցման «հիմնական պատճառը ներդրումների ուշացումն է»:

Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանն ասում է, որ ճգնաժամը, իհարկե, իր գործն արել է, մրցույթից մինչեւ շինաշխատանքներն սկսելը այնքան երկար է տեւում, շինանյութը օր օրի թանկանում է, այնպես որ՝ տեղի ունեցածը որոշակիորեն սպասելի էր:

Վանաձորի քաղաքապետարանի բնակարանային ֆոնդի հաշվառման եւ բաշխման բաժնի պետ Արա Մայիլյանը ասում է, որ բազմիցս հանդիպել են շենքի բնակիչներին, բացատրել, որ հնարավոր է պետությունը այս տարի վերջին անգամ ԲԳՎ-ներ տրամադրի: Արա Մայիլյանը չի բացառում, որ բնակիչների միասնական բողոք-«հրաժարականը» շանտաժ է՝ ինչ-որ մեկը կարողանում է բնակիչներին իրեն ենթարկել, թե չէ՝ ոնց կլինի բոլորը միանգամից հրաժարվեն: Արա Մայիլյանը զարմանում է, որ «Վիմպերգ» ընկերության առատաձեռնությունից հետո՝ պետության տված ԲԳՎ-ներին ընկերությունը գումար է ավելացրել, յուրաքանչյուրին 1.5 մլն դրամ, բնակիչներն էլի չեն համաձայնում: «Այդ գումարով քաղաքի կենտրոնում հանգիստ կարելի է տուն գնել: Չի գոհացնում, մարդիկ ուզում են էլիտար բնակարաններում ապրել: Ո՞վ չի ուզի»:

Իսկ բնակիչները մեկ անգամ եւս հայտարարեցին, որ տնակներում կապրեն այնքան՝ մինչեւ շենքը կառուցվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել