Ինչպե՞ս են հայերն ապրում օտար ափերում…
«Էն վերնիսաժը կա՞»,- Վիեննայի հայկական համայնքին պատկանող եկեղեցու բակում այսպես բացականչեց 47-ամյա Ռաֆիկը, ով աշխատանք գտնելու նպատակով տարիներ առաջ գաղթել է Հայաստանից: ԱՄՆ գնալու համար Ռաֆիկի ճանապարհը երկար է եղել. սկզբում գնացել է Իրան, որտեղից պետք է մեկներ Միացյալ Նահանգներ, սակայն սեպտեմբերյան ահաբեկչությունից հետո ստիպված է եղել գալ Վիեննա: Այստեղ է արդեն 8 տարի: «Հայաստանում «Ոզնի» թերթի երգիծական նկարներն էի նկարում»,- ասում է Ռաֆիկը: Այժմ Վիեննայում, ինչպես ինքն է նշում, տեխնիկական աշխատանքներ է կատարում, իսկ Հայաստան գալու մասին չի էլ մտածել: «Գամ ի՞նչ անեմ»,- ասում է նա ու հիշում այն ժամանակվա Երեւանը. «Հոսանք չկար, ջուր չկար, մարդիկ շատ կոպիտ էին. Վերնիսաժից ուզում էիր մի բան առնեիր, ձեռք էիր տալիս՝ գոռում էին վրադ: Մարդիկ սոված էին»:
Վիեննայի հայկական համայնքն այնքան էլ մեծ չէ. այստեղ 3000 հայ է ապրում: Վիեննայում հայեր եղել են դեռ 19-րդ դարից, իսկ որպես համայնք այն գրանցվել է 1918 թվականից: Այստեղ կա հայկական մեկ եկեղեցի, Հ. Շիրազի անվան շաբաթօրյա դպրոց, իսկ հայերն զբաղվում են ամեն ինչով՝ վարորդ են, առեւտրական, բանվոր, հողագործ: Համայնքի քահանա տեր Անդրեաս Իսախանյանը պատմում է, որ դեռ 1913-ին Վիեննայի հայկական համայնքն ունեցել է հայկական Սբ. Փրկիչ մատուռ, որը 1960-ին է վերանորոգվել եւ դարձել մեծ եկեղեցի: Իսկ վերանորոգողը եղել է մի անգլիացի կին, որը չի սիրել հայերին: «Սակայն, շփվելով Վազգեն Ա հայոց կաթողիկոսի հետ, ճանաչում է մեր ժողովրդին, ծանոթանում նրա անցած ուղուն ու որոշում է մատուռի հիմքի վրա եկեղեցի կառուցել: Այնուհետեւ այդ եկեղեցում մկրտվում է ու վերանվանվում Հռիփսիմե Հալաջյան»,- պատմում է քահանան:
Քահանան ասում է, որ իրենց համայնքում հայերենի պահպանման խնդիր կա: «Հայերենի պահպանությունը պետք է գա ընտանիքից, ոչ թե դպրոցից»,- նկատում է քահանան եւ հավելում, որ հայերն այստեղ գալիս են հիմնականում սոցիալական պատճառներից ելնելով՝ «Մեր ժողովուրդն աշխատող ժողովուրդ է եւ գալիս է այստեղ հենց աշխատելու համար»:
28-ամյա Ժանը Վիեննա է եկել Իրանից ու այստեղ «Լիմուզին» է վարում: Օդանավակայանից Վիեննա ժամանողներին հասցնում է հյուրանոց ու աշխատած գումարով էլ սովորում է: «Այստեղ չեն կեղծում, հասկանո՞ւմ եք, եթե մեքենան քշելու ժամանակ խախտում արեցիր, պետք է պատասխան տաս դրա համար, ծանոթ-բարեկամ այստեղ չկա, որ խառնվեն կամ էլ կաշառք տաս… Բայց Հայաստանում, հիշում եմ, այսպես չէր»,- պատմում է Ժանը: Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մասին չի մտածում: Մտածում է միայն ամառային արձակուրդներին լինել հայրենիքում, վայելել հայկական բնաշխարհի գեղեցկությունը:
Գերմանիայի խոշոր քաղաքներից մեկում՝ Բոննում, հայկական համայնքը մեծ չէ: Այստեղ մի քանի հայ ընտանիք է հաստատվել, որոնք Հայաստանից եկել են 90-ականներին կամ 2000-ի սկզբներին:
«Շատ էի հիասթափված Հայաստանից, ամեն ինչ զզվեցրել էր ինձ, ամենուրեք աղքատություն էր, կեղծիք ու ամեն գնով եկա, սկսեցի աշխատել ու նաեւ սովորել»,- ասում է 2000-ից Բոննում բնակվող 32-ամյա Վահանը: Նա այժմ երգում է Բոննի քաղաքային օպերայում: Բոննի Սանտ-Ավգուստին թաղամասում մի խումբ հայեր իրենց ընտանիքներով փոքր համայնք են ստեղծել եւ ապրում են դուռ դռան: «Մեր մեծ թաղամասում ստեղծել ենք փոքրիկ անկյուն եւ ապրում ենք՝ մեկս մյուսիս թեւ-թիկունք տված»,- ասում է 90-ականներից Բոնն եկած ու արդեն Գերմանիայի քաղաքացիություն ստացած Պետրոս Սարգսյանը: Նրա կինն ու երեխաները նույնպես Բոննում են ապրում: «Այստեղ մարդու հանդեպ հարգանք կա, մարդու արժանապատվությունը չի ոտնահարվում՝ թե առօրյայում, թե ընդհանրապես: Պետությունը կանգնած է աղքատի թիկունքին, նրան հատկացնում է օթեւան ու ապրուստի միջոց, մարդիկ ապրում են արժանապատիվ»,- ասում է Պետրոսը:
«Ես շատ երաժիշտներ գիտեմ, որ Գերմանիայում հաստատվել են, կայացել են ու երգում են օպերային թատրոնում, բայց Երեւանում նրանց ճանապարհ չէր լինի զարգանալու համար»,- ասում է Վահանը: Վերադառնալու մասին Բոննի հայերը չեն էլ մտածում, գալիս են մեկ կամ երկու տարին մեկ, տեսնում են Հայաստանն ու կրկին վերադառնում Բոնն՝ մշտապես հայրենիք վերադառնալ չեն ցանկանում:
«Վերադառնալ հնարավոր չի ոչ թե նրա համար, թե Հայաստանում ինչ է կատարվում, այլ նրա համար, որ մի ամբողջ մենտալիտետ է փոխվել: Ես այնպես չեմ մտածում, ինչպես երեւանցին: Երեխաների համար էլ դժվար կլինի: Հասարակ մի օրինակ՝ երբ անցած տարի Երեւանում էինք, փողոցում մի մարդ թուղթը գցեց գետնին, երեխաս էլ զարմացած հարցրեց՝ ինչի իրենք թուղթը գետնին ե՞ն գցում»,- պատմում է Պետրոսը: