Երեկ «Առավոտին» են դիմել մայրաքաղաքի Իսակովի պողոտայի 4/2 շենքի 2-րդ մուտքի բնակիչները (ստորագրություններն առկա են): Նրանք տեղեկացնում են, որ մայիսի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի 152-Ա հրամանով հոսանքազրկվել է Իսակովի պողոտայի 4/2 շենքի 2-րդ մուտքի վերելակը: Պատճառաբանություններից մեկն այն է, որ բնակիչներից մեկը դիմել էր վերելակի անսարքության, վտանգավորության հետ կապված հարցով: Բնակիչները հայտնում են, որ իրականում իրենց միջոցներով (իսկ ո՞ւր մնաց վերելակների առողջացման մայրաքաղաքային ծրագիրը- Ռ. Մ.) հիմնովին վերանորոգվել է վերելակը, այն աշխատել է անխափան, եւ որ նախարարի հրամանը անհիմն է եւ չունի փաստաթղթային հիմնավորում:
Բնակիչները գտնում են, որ նախքան հրաման տալը, նախարարը պարտավոր էր փորձաքննություն նշանակել: Ի դեպ, փորձաքննության ժամանակ կպարզվեր, որ բնակիչների գումարների հաշվին փոխվել են վերելակի շարժիչն ու ճոպանը:
Սակայն զարմանալին այս պատմության մեջ նաեւ այն է, որ շենքերը սպասարկվում են վերելակների աշխատանքները կարգավորելու արտոնագիր ունեցող էլեկտրամեխանիկի կողմից: Հետեւաբար, պատասխանատվության բաժինն ընկնում է առաջին հերթին նրա վրա:
«Շենքում բնակվում են տարեցներ, սրտի եւ այլ հիվանդություններ ունեցող մարդիկ, երեխաներ, որոնց համար վերելակի աշխատանքն ունի կենսական նշանակություն»,- ասում են նրանք: