Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու տարի ջուր չունեն

Հունիս 12,2009 00:00

Արդեն 20 տարի դպրոցի ննջասենյակներում բնակվող աղետյալներն ապրում են անմարդկային պայմաններում:

«Էս պառավ հալիս օրական 100 լիտր ջուր եմ կրում: Արդեն 2 տարի ջուր չունենք: Երկրաշարժից տուժածներ ենք: 5 ընտանիք ենք, ամեն մեկինս մեկ սենյակ է, ինչ անում ենք՝ այդքան տարածքում ենք անում՝ լողանալ, աման լվանալ, մաքրություն անել: Մեր կրած ջուրը հազիվ ենք հերիքացնում: Միայն զուգարանն է ընդհանուր, որտեղ անմխիթար վիճակ է, ջարդուխուրդ եղած ու «հոտավետ», ջուր չենք ունենում, որ գոնե դա մաքրենք»,- իրենց սոցիալական ծանր վիճակն այսպես սկսեց նկարագրել 59-ամյա Նվարդ Պետրոսյանը: Նրա ներկայացմամբ, այդ ընտանիքները, որպես աղետյալներ, 20 տարի առաջ կառավարության որոշմամբ ժամանակավորապես տեղավորվել են Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող թիվ 30 նախկին գիշերօթիկ դպրոցի ննջարանային մասնաշենքում, որտեղ ապրում են մինչեւ հիմա: Տիկին Նվարդի խոսքերով, իրենց ապրելու պայմաններն անմարդկային են. «Շենքը քարուքանդ եղած է, ոչ մի նորմալ բան չկա: 2 տարի առաջ էլ, հենց դեկտեմբերի 31-ին, մեր ջրի խողովակները պայթեցին, ամբողջ ջուրը լցվել էր սենյակները: Ցրտին դիմանալ չէր լինում, էլ չենք ասում՝ ինչ խոնավ էր: Իսկ դպրոցի ղեկավարությունը գումար չհատկացրեց խողովակները փոխելու համար, այդպես էլ մենք այլեւս ջուր չունեցանք: Մինչեւ հիմա ձայններս կտրած ապրում ենք, բայց ո՞նց մնանք առանց ջուր: Մինչեւ անցյալ տարի քնում էինք հատուկ դպրոցի երեխաների եւ փողոցային շների հետ: Շներն էլ մտնում էին մեզ մոտ, քանի որ ընդհանուր մուտքը քանդած էր ու ազատ մուտք ու ելք ունեին: Անցյալ տարի դպրոցը դարձավ հանրակրթական, ու ննջարանային սենյակներն այլեւս պետք չեկան դպրոցականներին: Գոնե այդ ժամանակվանից մնացինք մենակ»:

Նշենք, որ թիվ 30, այժմ արդեն՝ հանրակրթական դպրոցի ննջարանները գտնվում են թիվ 8 հատուկ դպրոցի մասնաշենքում: Այս դպրոցի տնօրեն Վարդուհի Խեբոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար, իհարկե, լավ է, որ դպրոցի շենքում մարդիկ կան, որոնք հսկում են այն. «Սակայն պետք է նշել, որ նրանց պայմաններն իսկապես ահավոր են: Նրանք մեր դպրոցից են ջուր վերցնում: Ես ինչպես կարող եմ նրանց մերժել, բայց միշտ չէ, որ կարող եմ ջուր տալ: Հետո էլ՝ չի կարելի ուսումնական հաստատությունում մարդ բնակեցնել»:

Այս առնչությամբ թիվ 30 դպրոցի տնօրեն Սիմոն Սիմոնյանն էլ «Առավոտին» պարզաբանեց. «Քանի որ մենք դարձանք հանրակրթական, մեր դպրոցին այլեւս պետք չեկավ ննջարանային կորպուսը: Հիմա էլ է այն մեր բալանսում, սակայն չենք օգտագործում, սպասում ենք կառավարության որոշմանը, թե ինչ է դառնալու այդ շենքը: Ես էլ եմ համաձայն, որ այդտեղ բնակվող մարդկանց պայմանները անմարդկային են, բայց ի՞նչ կարող եմ անել: Ինչպես էլեկտրաէներգիայի համար նրանք դարձան բաժանորդ, այնպես էլ ջրի համար պետք է դիմեն «Երեւան ջուր» ընկերությանը՝ դառնան բաժանորդ, խողովակները փոխեն եւ ջրաչափեր դնեն»:

Նա տեղեկացրեց նաեւ, որ այս խնդրի մասին տեղյակ են եւ քաղաքապետարանում, եւ թաղապետարանում. «Սակայն միայն նրանք չէ, որ անտուն են, նրանց նման 500-600 ընտանիք կա: Բացի այդ, 20 տարի առաջ եկածների հետ ննջասենյակներում տեղավորվել են նաեւ ոչ աղետյալներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել