Երդման արարողության ժամանակ խոստացավ նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը
Երեկ Երեւանի քաղաքապետարան էին եկել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ, թաղապետեր, նախկին քաղաքապետեր, մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ այլք: Նրանց հավաքվելու առիթը Երեւանի նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի երդման արարողությունն էր:
Նկատենք, որ քաղաքապետի երդումը լսելու էին եկել նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած կուսակցությունները. ԲՀԿ-ականները եկել էին Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, Դաշնակցականները՝ Հրանտ Մարգարյանի եւ Արմեն Ռուստամյանի: Ներկա էր նաեւ Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը: Չնայած «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարությունը չկար, սակայն արտակարգ իրավիճակների նախարար՝ ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը եկել էր: Միակ քաղաքական ուժը, որ չէր մասնակցում ինագուրացիային՝ ՀԱԿ-ն էր:
Նշենք, որ այս արարողությանը քաղաքապետարանը մեծ հանդիսավորությամբ էր պատրաստվել: Միջոցառման նախորդ օրը մեկ ժամ քիչ էին աշխատել, որպեսզի հասցնեն բոլոր գործերն ավարտել, իսկ երեկ քաղաքապետարանն իր բնականոն աշխատանքով ընդհանրապես չէր զբաղվում. ոչ քաղաքացիները, ոչ էլ նրանց դիմումները չէին ընդունվում, բոլոր վարչություններն էլ հետաձգել էին անգամ ամենակարեւոր գործերը: Քաղաքապետարանի շենքն ամբողջությամբ շրջապատված էր ոստիկաններով, հենց այդ պատճառով մայրաքաղաքի իրացվող տարածքների բնակիչներն այդպես էլ չկարողացան մոտենալ այս հաստատությանը: Նրանք հավաքվել էին քաղաքապետարանի դիմացի այգու մոտ: Հավաքվածների մեջ էր «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը, որը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք եկել են Գ. Բեգլարյանի ինագուրացիային մասնակցելու եւ նրա երդումը լսելու, որպեսզի հետո քաղաքապետից պահանջեն կատարել խոստումները. «Նա մեզ մինչեւ հիմա խաբում էր, մենք նրա՝ Կենտրոնի թաղապետ եղած ժամանակ ենք դուրս մնացել մեր տներից, հիմա էլ մեզ խաբելով քաղաքապե՞տ է դառնում: Ինչպես նախագահ Սերժ Սարգսյանը խաբեց, որ մեր հարցով կզբաղվի եւ մենք այլեւս փողոցում չենք լինի, այնպես էլ Բեգլարյանը կխաբի ու մենք այդպես էլ տուն չենք ունենա»:
Մինչ իրացվող տարածքների բնակիչները դրսում մինի ցույց էին անում, Երեւանի քաղաքապետ Գ. Բեգլարյանը տանտիրոջ իրավունքով հյուրեր էր ընդունում եւ շնորհավորական խոսքեր լսում: Նրա երդման արարողությունը պաշտոնապես մեկնարկեց նախագահի գալուց հետո: Հնչեց ՀՀ օրհներգն ու ավագանու անդամներ, Երեւանի պատվավոր քաղաքացիներ Վլադիմիր Մսրյանն ու Մարտին Վարդազարյանը Գ. Բեգլարյանի վզին լանջաշղթա կախեցին, որից հետո նա աջ ձեռքը դնելով «Երեւանի մասին» օրենքի վրա, երդվեց. «Ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, նպաստել Երեւանի բարգավաճմանը: Գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման եւ բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքներին»:
Հնչեց Երեւանի օրհներգը, որից հետո քաղաքապետը խոստումներ տվեց. «Պաշտպանվելու են յուրաքանչյուր երեւանցու իրավունքներն ու շահերը: Չկա մեկ անձի Երեւան, կա բոլորիս համար սիրված Երեւան: Երեւանը բոլորիս տունն է: Որպես քաղաքապետ՝ խոստանում եմ, որ իմ եւ երեւանցիների հետ ավագանու անդամների հանդիպումները լինելու են շարունակական: Ընտրողների հետ հետադարձ կապն օգնելու է մեզ արդյունավետ դարձնել մեր աշխատանքը: Երեւանի խնդիրները պետք է լուծվեն ոչ թե երեւանցիների հաշվին, այլ երեւանցիների համար»:
Նրա խոսքից հետո քաղաքապետին իր հայրապետական օրհնությունը տվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը. «Աղոթենք առ Աստված, Գագիկ Բեգլարյանը միշտ լինի Երեւանի փառքի նշան եւ դառնա այդ մեծ ընտանիքի բոլոր անդամների միասնության ջատագովը»: Ելույթ ունեցավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, որն ասաց. «Կարծում եմ, որ այս ընտրություններից մենք դուրս եկանք 3 կարեւոր ամփոփումներով: Առաջին՝ մենք կարող ենք եւ այսուհետ պետք է կազմակերպենք լավ ընտրություններ, որտեղ արատավոր երեւույթները հաջորդաբար արմատախիլ կարվեն, որտեղ քաղաքական ուժերը կկարողանան մղել քաղաքակիրթ պայքար: Այս ընտրություններն ուսանելի օրինակ էին, եւ մենք պարտավոր ենք դասեր քաղել, պարտավոր ենք հաջորդ մեծ նշանակություն ունեցող ընտրություններին գնալ կազմ ու պատրաստ, որպեսզի կարողանանք շատ լավ ընտրություններ անցկացնել եւ ստանալ մեր ժողովրդի ու միջազգային հանրության գնահատականը՝ ոչ թե հիմնականում, այլ մեծապես կամ ամբողջովին համապատասխանում էին միջազգային չափանիշներին: Երկրորդ՝ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի նկատմամբ որեւէ ոտնձգություն, որեւէ խախտում ու անօրինականություն անպատասխան ու անարձագանք չի մնալու: Չի հանդուրժվելու որեւէ անօրինականություն՝ լինի դա ընտրական հանձնաժողովի անդամի, թե շարքային ընտրողի կողմից: Երրորդ՝ մենք կկարողանանք հաջողություններ արձանագրել այն ժամանակ, երբ նպատակաուղղենք Հայաստանում ժողովրդավարության հետագա զարգացմամբ ու ամրապնդմամբ հետաքրքրված բոլոր ուժերի ջանքերը, եթե ունենանք հստակ նպատակ ու խոսենք միեւնույն՝ համագործակցության ու փոխըմբռնման լեզվով»:
Ս. Սարգսյանն ասաց նաեւ, որ նոր օրենքով քաղաքապետի լծակները նվազում են միանձնյա որոշումներ կայացնելու ուղղությամբ, սակայն դա չի նվազեցնում քաղաքապետի պատասխանատվության մասնաբաժինը։