Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի սակագինը ինքնագլուխ չեն բարձրացրել

Հունիս 12,2009 00:00

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ ապրիլի 1-ից թանկացավ «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից մատակարարվող գազի սակագինը: Բնակչությանը մատակարարվող գազի 1000 խմ-ն դարձավ 96 հազար դրամ՝ ընկերության կողմից առաջարկվող 99 հազարի փոխարեն։ Իսկ խոշոր սպառողները 1000 խմ գազի համար, նախկին 154-ի փոխարեն, պետք է վճարեն $215: Նշենք, որ ընկերությունն առաջարկել էր սակագինը բարձրացնել մինչեւ $230:

«ՀայՌուսգազարդի» ներկայացրած սակագներն ամբողջությամբ չընդունելը հանձնաժողովը պատճառաբանեց դրանց ոչ լիարժեք հիմնավորվածությամբ:

Սակայն «Առավոտին» դիմած մի քանի խոշոր սպառող հանդիսացող բաժանորդների հավաստմամբ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագները հաստատելուց հետո, «ՀայՌուսգազարդը» իրենց տեղեկացրել է նոր թանկացման մասին: Նրանց ներկայացմամբ, պայմանագրով հաստատված $215-ի փոխարեն, ընկերությունը պարտադրում է մայիս ամսվա ընթացքում օգտագործված գազի դիմաց վճարել $247: Երբ սպառողները ընկերությունից փորձել են ճշտել թանկացման պատճառը, նրանց տեղեկացրել են, որ փոխվել է գազի խտությունը, ինչի հետ կապված էլ վերջիններս պետք է ավելի վճարեն: Սակայն այս պատճառաբանությունը չի գոհացրել գազի խոշոր սպառողներին: Նրանց կարծիքով, «գազի խտության փոփոխությունը պարզապես պատրվակ է, քանի որ հենց սկզբից էլ «ՀայՌուսգազարդը» $215 սակագնի հետ չի համաձայնել՝ պատճառաբանելով, որ այդ սակագնով գազի մատակարարումը կհանգեցնի ներդրումների եւ ծախսերի կրճատման եւ իրենք ստիպված կլինեն փոխհատուցել սեփական շահույթներից: Հիմա պարզապես նրանք ինքնագլուխ իրականացնում են այն, ինչ չի հաստատվել հանձնաժողովի որոշմամբ»:

Թե ինչու է փոփոխվել բաժանորդների հետ պայմանագրով ամրագրված գազի սակագինը, «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանն «Առավոտին» պարզաբանեց, որ գնի հնարավոր փոփոխության մասին բոլոր բաժանորդները տեղեկացված են եղել, քանի որ այդ մասին նշված է նրանց հետ կնքված պայմանագրում: Շ. Սարդարյանի ներկայացմամբ. «Հաշվարկային ժամանակաշրջանում մինչեւ 10 հազար նորմալ խորանարդ մետր գազ սպառած բաժանորդների վճարման ենթակա գումարը որոշվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի եւ սպառված գազի քանակության արտադրյալով: Այսինքն, ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարը որոշվում է հատուկ բանաձեւով: Ըստ այդ բանաձեւի, եթե տվյալ ժամանակաշրջանում մատակարարվող գազի կալորիականությունը բարձր է, ապա բաժանորդը վճարում է բարձր սակագին, իսկ եթե այդ կալորիականությունը ցածր է, ապա սակագինը կարող է նվազել»:

Շ. Սարդարյանի տեղեկացմամբ, գազի կալորիականությունը որոշվում է մի շարք լաբորատորիաներում եւ այն վերահսկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան կառույցների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել