Որոշ քաղծառայողների կարծիքով, օրենքում նախատեսվող փոփոխությունները այսօրվա «ավտորիտար ռեժիմին» ծառայեցնելու փորձեր են:
Ըստ Ա. Գեւորգյանի,
մեր երկիրը սկզբունքային նահանջի ճանապարհին է:
Վերջերս շրջանառության մեջ դրված «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հարուցել է որոշ քաղծառայողների դժգոհությունը: Ըստ նրանց, նախաձեռնողներն ամեն ինչ մոգոնել են՝ քաղծառայության համակարգը ստրկամիտներով համալրելու, «անհնազանդ ու անցանկալի» մարդկանցից մաքրելու համար:
Օրերս իր առարկությունները «Առավոտին» ներկայացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության՝ սոցիալական ապահովության բաժնի գլխավոր մասնագետ Անդրանիկ Գեւորգյանը: Նրան մասնավորապես վրդովեցրել է օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետում շարադրված փոփոխությունը, որը բարձրագույն կամ գլխավոր խմբի 1-ին ենթախմբի պաշտոնի համար նախատեսում է «Աշխատանաքային ստաժի եւ փորձի այլ չափանիշներ»: Ընդ որում, տեղեկացնենք, որ այս հարցում քաղծառայության խորհուրդը հաշվի է նստելու տվյալ մարմնի ղեկավարի կարծիքի, ներկա դեպքում՝ Շիրակի մարզպետի: Մինչդեռ նկատենք, որ քաղծառայության համակարգը ներդնելիս պատճառաբանում էին, որ օրենքի ամբողջ իմաստը քաղծառայողին ղեկավարի ոտնձգություններից ու քմահաճույքներից պաշտպանելն ու մարդկային գործոնը նվազեցնելն է: Այս կապակցությամբ Ա. Գեւորգյանը «Առավոտին» փոխանցեց. «Այստեղ խոսքը կոնկրետ դեպքում վերաբերում է աշխատակազմի ղեկավարին կամ վարչության պետերին: Նախկինում նրանց համար սահմանված էր առանձին, ավելի խստացված՝ մասնագիտական գիտելիքների, աշխատանքային հմտությունների, պետական կառավարման ոլորտում աշխատելու պահանջներ»:
Նշենք, որ, ըստ օրենքի, բարձրագույն պաշտոնի հավակնողներից պահանջվում է ունենալ պետական կառավարման ոլորտի առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ, գլխավոր պաշտոնի համար՝ 3, իսկ առաջատար պաշտոնի համար՝ առնվազն 1 տարվա ստաժ: Ըստ Ա. Գեւորգյանի. «Այսօրվա վիճակում արդեն համապատասխան մարմնի ղեկավարը հնարավորություն է ստանում իր սեփական չափորոշիչները առաջարկել տվյալ անձանց համար, այսինքն՝ այլեւս չի կարեւորվելու, թե 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող անձնավորությունը ինչ մասնագիտական գիտելիքներ, աշխատանքային ստաժ եւ հմտություններ կարող է ունենալ: Համապատասխան մարմնի ղեկավարը սահմանում է աշխատանքային ստաժի եւ փորձի այլ չափանիշներ: Սա կամային մոտեցում է, չի ասվում, թե որոնք են «այլ չափանիշները», ո՞րն է նշաձողը, այսինքն՝ ցանկացած չափանիշ կարող է համապատասխանել կառույցի մարմնի ղեկավարի նախասիրություններին: Սա հնարավորություն է տալիս, որ մարմնի ղեկավարը այդպիսի պատասխանատու օղակների ղեկավար պաշտոններին համալրի իրեն հաճո անձնավորություններով, ինչն էլ նշանակում է, որ Գյուղակադեմիայի 20-22 տարեկան 2-րդ կուրսի ուսանողը, սովորելով ու մանր բիզնես ունենալով, համապատասխան մարմնի ղեկավարի համար կարող է շատ լավ թեկնածու լինել, ասենք՝ գյուղվարչության պետի պաշտոնում: Տվյալ դեպքում, մարզպետը նրան կարող է դարձնել վարչության պետ, իսկ նա, ով ավելի է համապատասխանում այդ պաշտոնին, կարող է ձեռքերը ծալած նստել, քանի որ ինքը անցողիկ չէ եւ ավելորդ է մրցույթին մասնակցելը»:
Սա, բնականաբար, միակ վիճահարույց կետը չէ, կան նաեւ քաղծառայողի շահերը ոտնահարող այլ նորամուծություններ: Խոսքը մասնավորապես վերաբերում է մրցույթ եւ ատեստավորում անցկացնող հանձնաժողովի անձնակազմին՝ օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ կետում տեղ գտած փոփոխությանը:
Նկատենք, որ եթե նախկինում տվյալ կառույցի ղեկավարը, այս դեպքում՝ մարզպետը, մրցույթին միջամտելու իրավունք չուներ, այս փոփոխությամբ նա իր տեղակալներով կարող է դառնալ հանձնաժողովի անդամ՝ այսպիսով «խառնվելով» համապատասխան կադրի ընտրությանը: «Եթե նախկինում հանձնաժողովը կազմված էր 6 անձից՝ 2-ը համապատասխան մարմնի ներկայացուցիչներ էին, օրինակ՝ ես մարզպետարանի աշխատող եմ, ուրեմն 2-ը պետք է լինեն մարզպետարանի ներկայացուցիչներ, 2-ը՝ Քաղծառայության խորհրդի կողմից երաշխավորված ներկայացուցիչներ, 2-ն էլ՝ գիտական ու կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, հիմա դա փոխում են: 3 ներկայացուցիչ մարզպետարանից՝ նախկին 2-ի փոխարեն, 1-ը Քաղծառայության խորհրդից՝ նախկին 2-ի փոխարեն, եւ 2-ը՝ գիտական ու ուսումնական հաստատություններից: Իսկ սա նշանակում է, որ քվեարկությունը ամբողջապես կախված է լինելու համապատասխան մարմնի քմահաճույքներից: 3 հոգով նրանք կազմում են մեծամասնություն, 50%-ը ինքնըստինքյան ապահովված մարդիկ են, այս դեպքում, եթե դու անգամ լինես քաղծառայության օրենքը ստեղծողներից մեկը, եթե կա կամակոր մոտեցում, նախատրամադրվածություն, ամեն ինչ անելու են քեզ հետ հաշվեհարդար տեսնելու համար: Ես այստեղ անձնական ու քաղաքական ենթատեքստ եմ տեսնում: Մարզպետարանում կան մարդիկ, որոնք լինելով օրինապահ քաղծառայողներ, շատ հարցերում չեն կիսում քաղաքական համակարգի կատարած գործողությունները: Սա մի միջոց է՝ ազատվել, այսպես ասած, «անհնազանդ» մարդկանցից ու հաշվեհարդար տեսնել նրանց հետ: Ըստ փոփոխության, նա, ով այսօրվա դրությամբ հսկայական դերակատարություն, մեծ լծակներ ունի աշխատակազմին աշխատեցնելու, իր քաղաքականությունը իրականացնելու մեջ, նա արդեն անմիջապես դառնում է մասնակից: Արդյունքում՝ շատ ու շատ ինքնուրույն մտածելակերպ ունեցող, գրագետ մարդիկ, ովքեր ոչ թե ծառա են, այլ քաղաքացիական ծառայող, դուրս են մնալու համակարգից: Եթե Ազգային ժողովը ընդունի այս փոփոխությունները, քաղծառայության համակարգը կդառնա կցորդ՝ պետական իշխանական վարչախմբին, սա կնշանակի, որ մենք ոչ թե քաղաքացիական ծառայության համակարգ ենք ստեղծում, այլ լուռ, հնազանդ, անխոս ստրուկների համակարգ, իսկ սա մեր պետականության համար վնաս է, մեր երկրի համար սկզբունքային նահանջ է»,- մտահոգված է Անդրանիկ Գեւորգյանը: