Լրահոս
Օրվա լրահոսը

«Շշմելու աստիճանի անտարբեր վերաբերմունք»

Հունիս 12,2009 00:00

Լուծարված փաստահավաք խմբի անդամները մեղադրում են «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահին:

Երեկ «Դե ֆակտո» ակումբում ասուլիսի ընթացքում այժմ լուծարված փաստահավաք խմբում ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը զարմանք հայտնեց հունիսի 10-ին «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի այն գնահատականների կապակցությամբ, որոնք առնչվում էին փաստահավաք խմբի կազմած զեկույցին՝ Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ. «Խոսում է, թե փաստաթուղթը շատ լուրջ է կազմված, հետո ասում է՝ այնտեղ ոչինչ չկա՜, այնտեղ պրոցեդուրային ինչ-որ խախտումնե՜ր են: Հետո խոսում է զրահաբաճկոնի կորստի մասին, չընկալելով, թե այդ զրահաբաճկոնն ինչի է կորել: Բավական է՝ պրն Նիկոյանը մի քիչ ուշադիր կարդար այդ փաստաթուղթը եւ կհասկանար, որ զրահաբաճկոնը չէր կորել, զրահաբաճկոնը թաքցված էր: Ինչո՞ւ էր թաքցված: Պարոն Նիկոյանին, ես համոզված եմ, որ կարող են ամեն ինչում համոզել: Բայց որ պրն Նիկոյանին կարողացել են համոզել, որ մեկ պոլիէթիլենային տոպրակը կարող է ծննդաբերի եւ ծնի երկրորդը՝ այ, դա ես չէի պատկերացնի: Ըստ էության, մահացածի հագուստը, որի մեջ եղել է նաեւ զրահաբաճկոնը, մեկ պոլիէթիլենային տոպրակով ուղարկվել է, ոստիկանության քննիչը վերցրել-տարել է հատուկ քննչական ծառայություն: Ամբողջ գործընթացի ընթացքում փորձագետն, արձանագրությանը նայելիս՝ ոնց որ թե չի նկատել, որ զրահաբաճկոնը չկա: Եվ հետագայում, որպեսզի կարողանան փաստահավաք խմբի հայտնաբերելուց հետո ցույց տալ, թե՝ վա՜յ, զրահաբաճկոնը գտանք իրեղեն ապացույցների սենյակում՝ պարզվեց, որ պոլիէթիլենային տոպրակը, որը 1 հատ է եղել՝ ծնել է 2-րդը: Այդպիսի բան բնության մեջ չի՛ լինում, եւ ափսոսում եմ, որ պրն Նիկոյանն այդպիսի ակնհայտ բաները չի փորձել տեսնել: Իսկ ինչի՞ համար է կորել զրահաբաճկոնը: Պարզ մի պատճառով. երբ որ զրահաբաճկոնը մահացածի վրա է, եւ փորձագետը նայում է վնասվածքներն ու համադրում՝ ինքը կարողանում է նկարագրել պայթյունի օջախը: Եթե չկա զրահաբաճկոնը՝ ինքը օջախը որտե՛ղ ասես կարող է նկարագրել»:

Սրան հավելելով քրեաիրավական բազմաթիվ խախտումները, որոնք թույլ են տվել ՀՔԾ քննիչները՝ Անդրանիկ Քոչարյանն արձանագրեց. «Շշմելո՛ւ աստիճանի անտարբեր վերաբերմունք ԱԺ հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովն այդ փաստաթուղթը կարդալուց հետո պարզապես պետք է մի խնդիր դներ՝ լուծարե՛լ Վահագն Հարությունյանի քննչական խումբը, տեղը ստեղծել նոր, անաչառ նախաքննական մարմին, որը պետք է լրջորեն զբաղվեր մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության հարցերով»:

Անդրանիկ Քոչարյանը նաեւ առաջարկեց, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ճշտի մի հանգամանք. «1032 զորամասի 22 զինծառայողներ ստացել են բեկորային վնասվածքներ թիկունքի մասից: Դա վկայում է, որ կա՛մ այդ զինվորները մեջքով են կանգնած եղել դեպի ցուցարարները, կա՛մ էլ նրանց թիկունքում տեղի է ունեցել պայթյուն»: Ըստ նրա՝ այս զինծառայողները եղել են այն զորամասից, որտեղից էր Համլետ Թադեւոսյանը:

Հեռուստաեթերում Սամվել Նիկոյանը նաեւ ասաց, թե տեղեկացել է, որ փաստահավաք խմբում այնպիսի մթնոլորտ էր, որ հնչել են սատկացնելու մասին սպառնալիքներ: «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն այս առնչությամբ բացահայտեց. «Սպառնալիք եղել է ի՛մ հասցեին: Հրավիրվածներից մեկը՝ ոստիկանության բարձրաստիճան մի անձ ասաց, թե ինքը լավ կրակող տղա է, եւ եթե կրակում է՝ չի վրիպում: Նրան դուր չեկան մարտի 1-ի հետ կապված իմ հարցադրումները: Պարոն Քոչարյանը դրսում էր, եւ մնացած 3-ը լուռ լսեցին, թե ինքն ինձ ինչպես է սպառնում: Այլ սպառնալիքներ ես չեմ լսել»: Իսկ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց. «Սամվել Նիկոյանը մեր խմբի 6-րդ անդա՞մն է: Ո՞նց է նա առաջին դեմքով նկարագրում իրադարձություններ, որոնց ինքը մասնակից չի եղել: Թե՞ գտնվել է մեր չհրկիզվող պահարանում՝ մենք տեղյակ չէինք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել