Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՅԱԲԱԲ ՈՒՏԵԼՈՎ՝ ՉԵՍ ՇԱՀԻ»

Հունիս 12,2009 00:00

\"\"«Կանայք հանուն խաղաղության» հ/կ նախագահ Գայանե Մարտիրոսյանը դժգոհ է ՀԱԿ-ի կազմակերպվածության աստիճանից:

– Ասում էիք, որ գիտեք, թե Երեւանի ավագանու ընտրություններում՝ մասնավորապես, եւ, ընդհանրապես, որն է Հայ ազգային կոնգրեսի ոչ այնքան մեծ հաջողությունների պատճառը: Ի՞նչ նկատի ունեիք:

– «Հաղթել ենք» կարգախոսն արդեն մի քանի ամիս է՝ գրեթե չի հնչում: Ժողովուրդն այն քիչ է կիրառում. դա արդեն մտահոգիչ է, քանի որ ժողովրդի կողմից հնչեցվող այդ կարգախոսը ես համարում էի ՀԱԿ-ի ամենալուրջ ձեռքբերումը:

– Կարծում եք, որ ժողովուրդը սկսում է հիասթափվե՞լ Կոնգրեսից:

– Երեւանի ավագանու ընտրություններում իրականում մենք չպարտվեցինք: Անգամ երրորդ տեղը ես համարում եմ լուրջ ձեռքբերում: Եթե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն փող են բաժանել, ասֆալտ են արել, վախի սինդրոմի վրա առաջին ու երկրորդ տեղում են, ապա ՀԱԿ-ն իսկապես իր ռեսուրսի հաշվին է երրորդ տեղը ստացել: ՀԱԿ-ի համակարգողները պետք է յուրաքանչյուր ընտրողի ոտքերի առաջ մոմ վառեն:

– Ինչո՞ւ:

– Ընտրողների մի ստվար զանգված, ակտիվ մասսա, որ ընդհանրապես մասնակցում է ընտրություններին, ավագանու ընտրություններին պարզապես չմասնակցեց: Չգնացին քվեարկության: Չնայած Կոնգրեսում որոշ մարդիկ պնդում են, որ նրանք վաճառվել են, ես ասում եմ հակառակը՝ չեն վաճառվել: Այդ տեսակի մարդիկ, որոնք իմ տեսակից են, չեն վաճառվում: Երբ տեսնում են դաշտում աղտոտվածությունն է իշխում, ուղղակի չեն գնում, ձեռքները լվանում են: Չեն էլ հիասթափվում, այլ ռեալ գնահատական են տալիս իրավիճակին՝ ինչո՞ւ նորից գնամ, իլյուզիայի մեջ ընկնեմ, ծեծ ուտեմ, դեռ կողքից էլ ասեն՝ թշնամի ես: Բայց նա թշնամի չի եւ իր պետությունն էլ, հայրենիքն էլ սիրում է ու ուզում է, որ իր երկրում օրենք լինի: Եվ երբ այդ մարդը չի գնում ընտրության, դա հիասթափություն չի, այլ կոնկրետ գնահատական: Վանոյի ասած՝ «բառադիության» արդյունքն է, որ վանում ենք մեր ժողովրդին:

– Հիմա դուք Կոնգրեսին ինչո՞ւմ եք մեղադրում:

– Ծուլության, ոչ կազմակերպվածության, որոշ մարդկանց դեպքում՝ նաեւ մեծամտության մեջ: Ընդ որում, վերջինս վերաբերվում է նախկին իշխանավորներին, ովքեր սրանից 10 տարի առաջ իշխանության մեջ են եղել, իշխանության համը տեսել են, աղտոտվել են եւ այդ աղտոտվածության մտածողությամբ էլ այսօր փորձում են շարունակել: Նրանք կարծում են, որ ուժեղ են եղել՝ որպես կուսակցություն, եւ այդպիսին էլ մնացել են: Դա իրենց թույլ է տալիս ավելի ծուլության մատնվելու եւ գործ չանելու: Քյաբաբի սեղանի շուրջ նստել-զրուցելով ընտրություններում երբեք չես շահի:

– Չե՞ք ուզում անուններ ասել, ո՞ւմ նկատի ունեք, ովքե՞ր են քյաբաբի սեղանների շուրջ նստած՝ ուզում հարցեր լուծել:

– Անուններն ու անձերը կարեւոր չեն: Խնդիրը մեթոդների մեջ է: Զարուհի Փոստանջյանն էլ ճիշտ ու սրտի ցավով ասաց: Այստեղ հարցը ՀԱԿ-ին վնասելը չի: Կին ենք՝ մայրաբար ու քույրաբար ենք մոտենում հարցին: Ինչի՞ պիտի ՀԱԿ-ը նեղանա: Եթե իմ եղբայրը ճիշտ բան չի անում՝ ես իրավունք ունեմ նրան սաստելու: Եթե չեմ սաստում, ուրեմն՝ արհամարհում եմ: Մի կարեւոր արատ էլ կա ՀԱԿ-ի ներսում՝ ներքին մրցակցությունը, որի արդյունքում չի կարող առողջ ուժ ձեւավորվել: Եթե սահմանադրական կարգի վերականգնման մրցավազքում իրար ոտքերի տակ բանանի կճեպ ենք դնում, «պադնոժկա» ենք տալիս, ի՞նչ առողջ ուժ: Եթե ՀԱԿ-ի 18 կուսակցությունների ուզածը նույնը չէ, ուրեմն ամեն անգամ մենք գնում ենք հերթական պարտության: Ժողովրդին չի կարելի օգտագործել ու դուրս շպրտել: Մենք էլ ենք անբարոյականի պես վարվում՝ մարդկանց խոստանում ենք սիրել, հարգել, պահել, պահպանել ու չենք անում, այն դեպքում, երբ մարդը լուրջ նվիրումով գալիս է մեզ մոտ՝ ընդդեմ այս իշխանության: Եթե կարգախոս ենք վերցնում «մաքրելը», պիտի մեր ներսից սկսենք. չենք կարող շենքը մաքրել, եթե մեր տունն աղտոտ է:

– Այսինքն՝ ՀԱԿ-ի ներսում «նախկինների» եւ ներկաների պայքա՞ր է գնում:

– Իրար ոչնչացնելու շատ տարօրինակ միտում, չնայած առաջնորդի հմուտ ղեկավարությամբ դրանք քողարկվում են: Նա էլ է մտածում, որ պետք է առաջադեմ լինել, բոլորն իրենց տեղն ու դերը պիտի ունենան, ինչը կառավարելի համակարգում բավական արդյունավետ կլինի: Մովսեսը, երբ հրեաներին առաջնորդում էր փորձությունների միջով, Աստծուց ձայն է լսում, որ շատ բան ես վրադ վերցրել, լավ կլինի, որ բաժանես խմբերի՝ հազարապետեր, հարյուրապետեր, տասնապետեր, որ վերահսկելի եւ կառավարելի լինի: ՀԱԿ-ի ներսում բոլորը, բացի առաջին դեմքից, ով հստակ ու լուրջ հաշվարկներով առաջ է գնում, ոչինչ չեն անում: «Ինքը գիտի՝ ինչ է անում»,- ասում են ու ամեն ինչ բարդում մեկի վրա: Չի կարելի, նա գերհզոր էակ չի: Ավագանու ընտրություններում ԲՀԿ-ականները բոլոր տեղամասերում հայտարարում էին, որ իրենք ՀԱԿ-ի կողմից են: Այդ «բլեֆի կուտը» մարդիկ կերան. այ, այստեղ էր մեր բառադիությունը, անկազմակերպվածությունը, ներքեւի օղակների հետ աշխատելու անկարողությունը: Եթե համակարգողները գիտեն դա ու չեն ասում՝ անազնիվ ճանապարհ է, իսկ եթե անգամ չգիտեն՝ ավելի վատ:

– Այսինքն՝ որոշ մարդիկ զուտ պատեհապաշտական նպատակներո՞վ են ՀԱԿ-ում:

– Միանշանակ: Ես նրանց քույրաբար, մայրաբար, ինչպես կուզեն, խորհուրդ եմ տալիս՝ այսպես մենք տեղ չենք հասնելու:

– Չե՞ք մտածում, որ այսուհետ ձեր նկատմամբ թշնամություն կստեղծվի:

– Կարեւոր չէ: Կարեւորը՝ հասկանան:

– Մտավախություն չունե՞ք, որ իշխանական կողմից ձեր ասածները կշահարկվեն:

– Նման խնդիր չկա: Ոչ լեգիտիմ նախագահը կարողացավ կոալիցիայում այդ սիստեմն աշխատեցնել, եւ դա իրենց հաջողություն է բերում: Մեկը փող է դնում, մյուսը ուժն է կիրառում, երրորդը վախն է սփռում, ու հաջողում են: Մենք էլ այդ սկզբունքով պիտի աշխատենք՝ միահամուռ ու միասնական, որպեսզի համախմբենք ու պահպանենք մարդու մեր տեսակը: Այս համատեքստում պետք է լուրջ վերաբերվենք «Ժառանգության» ու ՀՅԴ-ի հետ գործակցությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել