Լրահոս
Օրվա լրահոսը

Համաներմա՞մբ սկսել նոր էջը

Հունիս 12,2009 00:00

Համաներման հարցը կքննարկվի արտահերթ նիստում

Համաներման թեման դարձել է օրվա հարցը, եւ բոլորը վերլուծություններ են անում, թե երբ կլինի, ում կվերաբերվի, ինչպիսի տեքստով կհնչի: Սակայն բոլորը մի բանում վստահ են՝ համաներումը արվելու է մարտի 1-ի դեպքերի անմիջական ազդեցությամբ: ԲՀԿ անդամ, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովն առաջարկել է, որ համաներման տեքստը կազմված լինի՝ առանցքում ունենալով մարտի 1-ը, բայց հասկանալի է, որ կլինի ոչ թե մասնակի, այլ՝ ընդհանուր համաներում. «Այո, դուք ճիշտ եք, համաներումը սովորաբար անցկացվում է ոչ թե կոնկրետ դեպքերի համար, այլ՝ ըստ Քրեական օրենսգրքի հոդվածների: Մնացածը արդեն հանրապետության նախագահի իրավասության շրջանակներում է, եւ ես վստահ եմ, որ այն, ինչ անկախության օրվա ուղերձում ասաց հանրապետության նախագահը, այն է՝ ինչ-որ պահից պետք է սկսել նոր էջից, ես այսօր վստահ եմ, որ այդ նոր էջը կարող է լինել համաներման հայտարարությունը»: Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք հակասություն չկա՞ մարտի 1-ի հանձնաժողովի առաջարկի՝ համաներում անել առաջին հերթին մարտի 1-ի դեպքերի հետ կապված, եւ Հանրային խորհրդի որոշ անդամների, այդ թվում՝ Սոս Սարգսյանի կտրուկ հայտարարությունների միջեւ, ով հայտարարեց, թե դեմ է, որ համաներումը վերաբերվի մարտի 1-ի գործով անցնողներին, եւ անգամ նրանց հանցագործներ անվանեց: Ըստ Ն. Զոհրաբյանի՝ որեւէ հակասություն չկա. «Քաղաքական-հասարակական յուրաքանչյուր միավոր իրավունք ունի ունենալ իր մոտեցումը, ի վերջո՝ Սահմանադրությամբ որոշումը կայացնողը լինելու է հանրապետության նախագահը, եւ ես վստահ եմ, որ նախագահը ողջամիտ որոշում կկայացնի»: Պատգամավորն ասաց նաեւ, որ համաներման մասին այս ամբողջ իրարանցումն ու ակտիվությունը որեւէ կապ չունեն հունիսի վերջին Ստրասբուրգում կայանալիք նիստի հետ, որում կքննարկվի նաեւ Հայաստանի հարցը. «Համաներման մասին խոսակցությունները շատ վաղուց էին օդում եւ քաղաքացիական-հասարակական սեկտորում վաղուց էին քննարկվում, բացարձակապես չեմ կապում դրանք իրար հետ»:

Մարտի 1-ի հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանը եւս որեւէ կապ այս ժամկետների միջեւ չի տեսնում. «Հասկանալի է, չէ՞, որ չի լինի համաներում կոնկրետ մարտի 1-ի համար, կլինի ընդհանուր, ըստ հոդվածների համաներում, ես այդպես եմ ենթադրում: Կարծում եմ՝ շատ ավելի լայն կլինի դատապարտվածների այն շրջանակը, որը կօգտվի համաներումից»: Համաներման տեքստի նախագիծը թեպետ ոչ ոք դեռ չի տեսել, բայց գրեթե բոլորը վստահորեն ասում են, որ այդ նախագծի վրա աշխատում են, եւ առաջիկայում այդ տեքստը կբերվի խորհրդարան արտահերթ նիստով: Պարոն Շահբազյանը եւս այդ կարծիքին էր: Մեր հարցին՝ կիսո՞ւմ է Հանրային խորհրդի անդամ Սոս Սարգսյանի կարծիքը, որ մարտի մեկի դեպքերի որոշ մասնակիցներ հանցագործներ են, եւ համաներումը նրանց չպետք է վերաբերվի, պարոն Շահբազյանը կարճ պատասխանեց. «Ես լավ չեմ լսել՝ կոնկրետ ինչ է ասել, մի քանի հոգու մասի՞ն էր, թե՞ բոլորին նկատի ուներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել