Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԻԱՅՆ ԱՐԴԱՐԱՑՎԵՆ

Հունիս 12,2009 00:00

\"\"Նախընտրելի է համարում Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանը՝ չբացառելով համաներման տարբերակը:

– Ինչպե՞ս եք գնահատում համաներման այս անգամ ընտրված ձեւը՝ ՀՀ նախագահին «ազգովի խնդրելը»:

– Համաներում հայտարարելը նախագահի մենաշնորհն է: Նա է որոշում ե՛րբ եւ ի՛նչ կարգի համաներման առաջարկ բերի ԱԺ: Եթե Հայաստանի նախագահը իրեն վերապահված լիազորություններն առանց կողմնակի խորհուրդների, առաջարկների կամ խնդրանքների չի կարողանում իրացնել՝ նշանակում է նա իրեն չի զգում լիարժեք նախագահ: Լեգիտիմությունն առաջին հերթին նախագահին է պետք, որ իրեն նախագահ զգա, հետո նոր՝ ժողովրդին: Սերժ Սարգսյանը երբե՛ք չի կարողանալու իրեն լիարժեք նախագահ զգալ: Խանգարում են փետրվարի 19-ը, մարտի 1-ը, հեղված արյունը, քաղբանտարկյալներն ու շարունակվող բռնությունները:

– ՀԱԿ գործիչներից ոմանք հայտարարեցին, թե այս համաներումը պետք չէ բանտերում գտնվող իրենց ընկերներին: Ձեր կարծիքով, ազատության մեջ գտնվողներն արդյոք բարոյական իրավունք ունե՞ն նման բան ասելու մարդկանց անունից, որոնք 1 տարուց ավելի է՝ բանտում են:

– Ազատության մեջ գտնվող ոչ ոք, իհարկե, բարոյական իրավունք չունի նման բան ասելու: Իրենք՝ կալանավայրերում գտնվողները, կարող են այս թեմայով ազատորեն արտահայտվել եւ արտահայտվում են: Կարելի է խոսել այն մասին, որ քաղբանտարկյալները պետք է միայն արդարացվեն, այլ ոչ՝ ներվեն կամ համաներվեն, որովհետեւ նրանք քրեորեն հետապնդելի որեւէ արարք չեն գործել եւ բանտերում են հայտնվել օրենքի շրջանակներում ծավալած քաղաքական գործունեության պատճառով: Այս համատեքստում հասկանալի են դառնում ձեր նշած հայտարարությունները: Բայց հայաստանյան իրականությունը ստիպում է համաներումը նույնպես դիտարկել որպես խնդրի լուծման ոչ ցանկալի, բայց՝ տարբերակ:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ իրականում պարզվի, թե այս համաներումը հունիսի 24-ին ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի քննարկումից առաջ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու միջոց է ընդամենը: Իսկ քննարկումից հետո, ասենք, կպարզվի, որ համաներումը չի տարածվում մարտի 1-ի գործերով կալանավորվածների վրա կամ լավագույն դեպքում՝ մասամբ է տարածվում: 

– Դրանում կասկած չկա: Ամեն ինչ արվում է Վեհաժողովին ընդառաջ, որ ԵԽ պաշտոնյաները տեղյակ լինեն, թե կա նման մտադրություն: Հակառակ դեպքում, բարի կամքի առկայության պարագայում, առանց աղմուկ-աղաղակի էլ կարելի կլիներ այն հայտարարել: Այսօր խոսքն ընդամենը մտադրության մասին է, եւ դեռ հարց է՝ կլինի՞ արդյոք համաներում, եւ եթե լինի, ապա ե՞րբ եւ ինչպիսի՞ն է այն լինելու: Ամեն ինչ կախված է ԵԽ կոշտությունից ու սկզբունքայնությունից: Չի բացառվում, որ դատարկ խոստումներով կամ մի քանիսին ազատելով՝ ՀՀ իշխանությունները ԵԽ թեման փակված համարեն ու շարունակեն բանտերում պահել մի քանի տասնյակ քաղկալանավորների:

– Ինչպե՞ս եք գնահատում Հանրային խորհրդում համաներման կապակցությամբ քննարկումը, որի ընթացքում, ասենք, կոչեր հնչեցին հատուկ չնշել մարտի 1-ը, քանի որ դրա ընթացքում, ըստ խորհրդի անդամների՝ կատարվել են այնպիսի հանցագործություններ, որոնք «խարխլում են պետության հիմքերը», կամ, որ պետք չի տեղի տալ «զինվելու կոչեր ու պետությունը տապալելու փորձ ձեռնարկած հանցագործներին»: 

– 2008թ. փետրվարի 19-ից մինչեւ մարտի 1-ը մեր ժողովուրդը ցույց է տվել, որ իր մեջ ազատության ձգտումն անմեռ է, եւ որ ո՛չ մի բռնություն, ո՛չ մի ավտոմատավոր ի վիճակի չեն լինելու սպանել նրա մեջ այդ ձգտումը: Հանրային խորհրդի անդամներից շատերը (խոսքս բոլորին չի վերաբերում) որեւէ հոգեւոր կապ չունեն մեր ժողովրդի հետ: Տեսեք ձեր նշած արտահայտությունների հեղինակների կենսագրությունները եւ կհասկանաք, որ այդ «հանրային խորհուրդ» կոչվածն ուղղակի հիշեցնում է սովետական ամենաբռի ու ամենամերժելի անցյալի մի վերապրուկ: Նրանց համար պետությունն իշխանավորն է, իսկ իշխանավորի կամքը վեր է ամեն ինչից: Նրանք ժամանակին արդարացրել են ե՛ւ ստալինյան բռնությունները, ե՛ւ դատապարտել են բրեժնեւյան շրջանի այլախոհներին, ե՛ւ պերեստրոյկային են ծառայել ե՛ւ (որ ավելի քան զավեշտալի է) անկախ Հայաստանում են դերակատարում ստանձնել ու քննադատել սովետներին: Այսօր էլ իրենց բնույթին հավատարիմ են նման հայտարարություններ անում: Պահն է հարմար: Խոսքս միայն ձեր նշած արտահայտությունների հեղինակներին է վերաբերում: Հենց սրանք են այն պլաստիրինը, որոնցից ցանկացած օրվա իշխանավոր սրիկա է ծեփում: Պետք չէ զարմանալ: Սրանք դեռ առիթ են ունենալու մեր աչքի առաջ, ինչպես արդեն եղել է՝ ոտատակ տալու այսօրվա իրենց պատվիրատուներին: Սա սովետական մարդու տեսակ է եւ մենք սրանցից կազատվենք միայն այն ժամանակ, երբ իշխանավորը սրիկա ծեփելու կարիքը չի ունենա: Հակառակ դեպքում դեռ երկար ժամանակ է այս տեսակը մեզ ուղեկցելու: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել