Նոր Նորքի 9-րդ միկրոշրջանի 25 շենքի բնակչուհի Վերա Շչուկինան երեկ հայցադիմում ներկայացրեց ՀՀ վարչական դատարան: Վ. Շչուկինան տեղեկացնում է, որ 2004թ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում անցել է ազոտով բուժման կուրս (կրիոթերապիա): Սակայն ինչպես «Առավոտին» տիկին Վերան պատմեց, իր առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ բժիշկներն ասել էին, թե վիճակն անհույս է, թեեւ վիրահատության էին պատրաստում նրան: Քանի որ հարազատներ չունի, տիկին Վերան հարեւաններից մի քանիսի մոտ հայտնում է, որ իր վիճակը վատ է, հնարավոր է մահանա, եւ եթե իր հետ որեւէ բան պատահի, այդ ընթացքում իրեն հիվանդանոցում տիրություն անի մեկը՝ նա իր տունը կկտակի նրան:
Դիմացի շենքի հարեւաններից Հայաստան Շահնազարյանը սկսում է այցելել տիկին Վերային:
Վիրահատում են Շչուկինայի երկու ոտքերը: Պարզվում է, որ ուռուցքը չարորակ չէ: «3000 դոլար գումար էր պետք վիրահատության համար: Հարեւանուհիս՝ Հայաստանը խորհուրդ տվեց ինձ, որպեսզի գումարը ձեռք բերեմ բանկում բնակարանս գրավ դնելու եւ վարկ վերցնելու միջոցով: Նա ասում էր, որ իրենք բռնադատվածի ժառանգներ են եւ վարկ վերցնելու արտոնություններ ունեն: Հ. Շահնազարյանը խնդրեց, որ համաձայնություն տամ տունս գրավ դնելու, հավատացրեց, որ մինչեւ կյանքիս վերջը իր ընտանիքն ինձ հետ կլինի եւ հարազատի պես կնայեն ինձ»,- պատմում է Վ. Շչուկինան: 2 ամիս հետո տիկին Վերան իր համաձայնությունն է տալիս: Վերջինիս Շահնազարյանները տանում են Նոր Նորքի կադաստրի ստորաբաժանում, որտեղ ռուսերենի իմացությամբ կինը ստորագրում է ինչ-որ փաստաթղթի տակ: Հետո հիվանդ կնոջն ուղեկցում են տեղի նոտարի մոտ, ուր դարձյալ ստորագրում է հայերեն երկու փաստաթղթերի տակ:
Միայն անցյալ տարի է Վերա Շչուկինան տեղեկանում, որ նոտարիատում ստորագրել է իր բնակարանի առքուվաճառքի պայմանագիր, հիփոթեքի, «Անելիքբանկ» ՍՊԸ-ում բանկային հաշիվ բացելու, դրամարկղային սպասարկման փաստաթղթերի տակ:
«Ես ազգությամբ ռուս եմ: Ունեմ ռուսական կրթություն: Հայերեն շարահյուսությանը, հատկապես՝ իրավաբանական տերմիններին չեմ տիրապետում: Գործարքի կնքման ժամանակ ես թարգմանիչ չեմ ունեցել: Չի եղել որեւէ փաստաբան»,- ասում է մոլորյալը:
Նա դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իր եւ հարեւանուհու միջեւ կնքված բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը, «Անելիքբանկում» առկա բանկային հաշիվների բացման, վարման, դրամարկղային սպասարկման վերաբերյալ պայմանագիրը: