Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական՝ Երեւանյան փողոցի առեւտրի կրպակների տերերը բողոքել էին Նոյեմբերյանի քաղաքապետարան, որ շրջիկ մեքենաներով բանջարեղեն վաճառողները, կայանելով խանութների առաջ, խանգարում են իրենց առեւտրին: Վերջիններս հարկեր չեն մուծում, բանջարեղենն ավելի էժան են վաճառում: Այլ խոսքով՝ ակնհայտ առավելություններ ունեն:
Ինչպես հայտնեց Նոյեմբերյանի քաղաքապետարանի առեւտրի եւ տրանսպորտի բաժնի պետ Արմեն Մելիքյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, ընդունելով բողոքավորներին, խոստացել է ավտոմեքենաներով բանջարեղեն վաճառողների համար քաղաքում հատուկ տարածք հատկացնել՝ քաղաքային զբոսայգու վերեւի հատվածում: Ընդ որում՝ մեքենաներով բանջարեղեն վաճառողներն էլ դրա համար պետք է վճարեն սահմանված տեղական տուրք: Քաղաքապետը նաեւ պայման է դրել, որ կենտրոնական փողոցի կրպակներում առեւտուր կազմակերպողներն էլ իրենց հերթին միրգն ու բանջարեղենը չպետք է վաճառեն կենտրոնական փողոցի մայթերին, միջպետական ճանապարհի եզրին, փոշու մեջ, այլ՝ միայն խանութների ներսում: Առեւտրականները համաձայնել են, սակայն այս օրերին երկու խանութների տերեր կրկին ապրանքը հանել էին փողոց, դրել մայթին:
Արմեն Մելիքյանն ասաց, որ այսուհետեւ մայթին սնունդ վաճառողները քաղաքապետարանի վարչատուգանային հանձնաժողովի կամ ոստիկանության կողմից կտուգանվեն՝ 20-30 հազար դրամի չափով:
Հավելենք, որ Հայաստանի անկախացումից ի վեր, արդեն 20 տարի, Նոյեմբերյանում կանոնավոր շուկա չի գործում, փողոցային առեւտուրն էլ մինչեւ վերջ չի կարգավորվում: