Հայաստանի ազգային կինոկենտրոնը առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել է մայիսի 12-22-ը Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացած կինոշուկային: Երեկ «Երեւան» հյուրանոցում կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը եւ «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» ընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը լրագրողներին պատմեցին ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Գ. Գեւորգյանը նշեց. «Եթե աշխարհում ֆիլմարտադրողներն իրենց արտադրանքը վաճառում են հեռուստաընկերություններին, ապա Հայաստանում հեռուստատեսությունների ներկայացուցիչները ասում են՝ մի բան էլ դուք պիտի վճարեք: Որտե՞ղ պետք է ցույց տանք ֆիլմերը: «Մոսկվա» կինոթատրոնում մի շաբաթ ցուցադրում ենք ֆիլմերը, պարզվում է՝ մարդ չի գնում: Սա շատ ցավոտ հարց է: Ազգային կինոկենտրոնի նկարահանած բոլոր ֆիլմերը հիմնականում համատեղ արտադրություններ են, այդ կերպ ենք կարողանում ֆիլմեր նկարահանել: Մեր բյուջեն փոքր է՝ մոտ 1 մլն»: Միայն Հանրային հեռուստատեսությամբ ազգային կինոկենտրոնը համաձայնել է անվճար ցուցադրել նկարահանված ֆիլմերը՝ փոխարենը իրենց գործունեությունը լուսաբանելու պայմանով:
Հ. Գալստյանի կարծիքով՝ ցանկացած իրեն հարգող հեռուստաընկերություն պետք է ունենա գոնե մի հաղորդում, որտեղ կխոսեն ճաշակով ֆիլմերի մասին, ինչպիսին անում է ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը: Նա նաեւ նշեց, որ վերջին 3 տասնամյակների ընթացքում միայն 3 ֆիլմ է հավանել: Երկուսը դեռ էկրանին չեն հայտնվել, իսկ մյուսը Էդգար Բաղդասարյանի «Մարիամն» է: Հայկական կինոարտադրության մասին էլ բանախոսն ասաց, որ հույս չունի, թե մոտակա 10 տարիների ընթացքում հայկական կինոն զարգացում կապրի՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականաշնորհման հետեւանքներով պայմանավորված: