Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցագործը կբացի «Ոսկե ծիրանը»

Հունիս 11,2009 00:00

\"\"Ֆրասիացի դերասան Ժան Ռենոն՝ հայ հանցագործի դերում. այս սցենարով նկարահանված՝ ռեժիսոր Լոռեն Տյուելի, ֆրանսահայ պրոդյուսեր Ալան Թերզյանի «Առաջին շրջան» ֆիլմով «Մոսկվա» կինոթատրոնում հուլիսի 12-ին կբացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որը Երեւանում կանցկացվի մինչեւ հուլիսի 19-ը:

Փառատոնին մասնակցելու համար գրանցվել էր 65 երկրից 430 հայտ, որից, «դաժան» ընտրության արդյունքում, մնացել է 110 ֆիլմ 40 երկրից: Արդեն 6-րդ անգամ անցկացվող «Ոսկե ծիրանը» այս տարի եւս կունենա 3 մրցութային ծրագիր՝ Միջազգային խաղարկային եւ վավերագրական ֆիլմերի եւ հայկական համայնապատկեր մրցույթներ: Կներկայացվի նաեւ Կինոլրագրողների միջազգային ֆեդերացիայի «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը: Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն ասաց. «Ֆիլմերը տարբեր են: Մենք չենք դավաճանում մեր սկզբունքներին՝ ներկայացնում ենք եւ անվանի, եւ սկսնակ արվեստագետների ֆիլմեր»:

«Ոսկե ծիրանում» այս տարի տեղի կունենա հատուկ իրադարձություն. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 85 եւ «Նռան գույնը» ֆիլմի 40-ամյակի առթիվ կկայանա ֆիլմի հայկական տարբերակի ցուցադրությունը, որին ներկա կլինեն «Նռան գույնի» ստեղծմանը մասնակցած անձինք: Փառատոնի ընթացքում կներկայացվեն նաեւ հետահայաց ցուցադրություններ (լեհ Յեժի Սկոլիմովսկիի, ճապոնացի Կոհեյ Օգուրի եւ ամերիկացի Ռոբ Նիլսոնի ֆիլմերը): Մ. Ստամբոլցյանն ասաց. «Լեհաստանն այս տարի ավելի ընդգրկուն է ներկայացված փառատոնում, քանի որ այդ երկրում նորից կինոն աշխուժացել է: Թուրքայից, Իրանից եւ Վրաստանից եւս ֆիլմեր կան»: Լրագրողներին հետաքրքրեց՝ Ադրբեջանից ֆիլմ ներկայացվա՞ծ է: Մ. Ստամբոլցյանը պատասխանեց. «Ադրբեջանը ներկայացված է Գերմանիայի միջոցով՝ «Աբսուրդիստան» ֆիլմով»:

Փառատոնի ընթացքում տեղի կունենա նաեւ հայ կինոյի վարպետներ Բագրատ Հովհաննիսյանի եւ Արման Մանարյանի աշխատանքների հետահայաց ցուցադրություն: Փառատոնի ոչ մրցութային ծրագրում «Մեկ օր Եվրոպայում» խորագրի ներքո կներկայացվեն եվրոպական ֆիլմեր: Նորություններից է «Վարպետներ» ծրագիրը, որը կներառի Լուիս Բյունուելին, Միքելանջելո Անտոնիոնիին եւ Տոնինո Գուերային նվիրված ֆիլմեր: Այս տարի կգործի նաեւ «Արտադրված է Հայաստանում» տեղեկատվական ծրագիրը, որի շրջանակներում Կինոյի տանը հնարավոր է ծանոթանալ վերջին 2 տարիներին ՀՀ-ում արտադրված ֆիլմերին: ԼրագրողներիՖն հետաքրքրեց՝ ի՞նչ տրամաբանություն ունի Կարեն Հովհաննիսյանի «Ուրվականը» ֆիլմը ներառել «Հայկական համայնապատկեր» խորագրի ներքո, այն դեպքում, երբ ֆիլմը ռուսական իրականության մասին է: Մ. Ստամբոլցյանը պատասխանեց. «Դա վիճելի հարց է. երբ դեռ առաջին փառատոնի ժամանակ այս բանաձեւը ընդունեցինք, մտածում էինք, որ հայ մարդը որտեղ էլ ապրի, ի վերջո, նա իր արմատներն ու ինչ-որ հայացք ունի, որով նայում է աշխարհին, հայը չի կարող աշխարհին նայել այնպես, ինչպես ամերիկացին կամ այլազգի ներկայացուցիչը: Մյուս կողմից էլ ուրիշ վայր չկա աշխարհում, որ հայազգի ռեժիսորները հանդիպեն, իրենց ֆիլմերը ցույց տան եւ տեղյակ լինեն իրարից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել