Նվեր ընտրելը հայերի համար խնդիր է
Երեւի չգտնվի այնպիսի մեկը, ով չսիրի նվեր ստանալ կամ նվիրել:
Օրինակ՝ տարիներ առաջ ամեն «իրեն հարգող» հայ տղա ընկերուհուն պարտադիր նվիրում էր մեծ, փափուկ խաղալիք: Հետո փափուկ խաղալիքը փոխարինվեց հայտնի ծաղկի սրահից գնված շքեղ ծաղկեփնջերով, վերջին տարիներին էլ այդ ամենին փոխարինելու եկան զարդերը՝ վզնոց, թեւնոց, մատանի, արձանիկներ, մոմեր, հուշանվերներ…
«Փափուկ խաղալիքի ժամանակներն արդեն անցել են, փափուկ խաղալիքով սիրելիիդ սիրտը չես գերի»,- ասում է «Regalo» նվերների խանութ-սրահի մենեջեր-խորհրդատու Կարինե Գրիգորյանը:
Ըստ նրա՝ հայերն ավելի շատ սիրում են նվիրել, քան նվեր ստանալ. «Երկար տարիներ աշխատելով այս բնագավառում, ինձ համար պարզել եմ, որ հայերը շատ են սիրում նվերներ տալ: Դա երեւի հայի բնավորություն է, երբ փորձում են սիրելի մարդու համար ամեն ինչ անել…»: Կարինեի կարծիքով, հայերի համար նվերը խիստ անձնական եւ խորհրդանշական բնույթ ունի. «Վերջին շրջանում նկատել եմ, որ նվիրելու համար սկսել են առիթներ չփնտրել, այսինքն՝ շատ հաճախ անառիթ են նվեր տալիս, եւ դա մասնավորապես նկատելի է տղաների շրջանում: Անձնականի առումով հետաքրքիրն այն է, որ նվեր փնտրելիս միշտ ընտրում են այն, ինչը կցանկանային, որ իրենց նվիրեն»:
Հարցին, թե ի՞նչ խնդիրների առաջ են կանգնում հայերը նվեր ընտրելիս, Կ. Գրիգորյանը պատասխանեց. «Նախ ասեմ, որ նվեր ընտրելը հայերի համար մեծ եւ լուրջ խնդիր է: Ամեն անգամ երկար ընտրություն են անում: Այդ առումով շատ զգույշ են՝ չհավանելու մտավախությունը միշտ առկա է: Տղաների մոտ այդ խնդիրը ավելի շատ է, երբ ընկերուհիների համար նվերներ են ընտրում, ինձ են հարցնում՝ եթե ձեր ընկերը սրանից նվիրեր՝ կհավանե՞իք: Ես էլ ինչով կարողանում, օգնում եմ՝ ըստ իմ ճաշակի, բայց երբեք չեմ փորձում պարտադրել, որ սա հաստատ ձեր ընկերուհին կհավանի»: Իսկ թե ինչ նվերներ են ընտրում հայ տղաները իրենց ընկերուհիների համար՝ Կարինեն թվեց. «Նվիրում են ամեն ինչ՝ առաջին հերթին անձնական օգտագործման իրեր՝ վզնոցներ, թեւնոցներ, հիմնականում՝ զարդեղեն: Մեր սրահը նաեւ առաջարկում է պայուսակների տեսականի, բայց այդ առումով միշտ փորձում եմ ձեռնպահ մնալ, քանի որ պայուսակ նվիրելը մի փոքր անհատական է: Եվ, ընդհանրապես, ինչ-որ բան նվիրելը շատ անհատական է եւ բավական բարդ գործընթաց: Այստեղ ամեն մանրուք հաշվի է առնվում՝ բնավորություն, մտերմություն, նվիրողի եւ ստացողի միջանձնային հարաբերություններ, ճաշակ… Մեր հաճախորդները հիմնականում ընտրում են զարդեր, բայց մեծ մասսայականություն են վայելում նաեւ հուշանվերները՝ արձանիկներ, փորագրված, զարդանախշված քանդակներ: Վերջին շրջանում ակտուալ են նաեւ սպասքեղենը, մասնավորապես չեխականը, ապակյա, ճենապակյա հուշանվերներ, ջահեր: Սրանք իհարկե դասվում են ավելի շատ արիստոկրատ նվերների շարքին: Դրանց թվում են նաեւ թրեր, հրացաններ, շախմատ, ինչը մեծ տարածում ունի մասնավորապես սփյուռքահայության շրջանում: Դե, իսկ եթե առանձնացնեմ տեղացի եւ դրսում ապրող հայերի ընտրությունը, ապա տեղացիներն ավելի շատ գերադասում են անձնական օգտագործման իրերը: Սփյուռքահայերն ուշադրություն են դարձնում հիշվող նվերների վրա. արձանիկների՝ հայկական փորագրությունների, քանդակների, Հայաստանը պատկերող բնանկարների վրա»: Ինչ վերաբերում է նվեր ստացողներին, ապա. «Նվեր ստացող մարդու բնավորությունը շատ կարեւոր է: Օրերս մի աղջիկ էր եկել իր ընկերուհիների հետ: Ընկերուհիները նրա համար նվեր էին ընտրում՝ իր իսկ ցանկությամբ: Ընկերուհիները ցանկանում էին բիժուտերիա գնել. նա ամեն ինչ փորձեց՝ վզնոց, թեւնոց, մատանի, անգամ պայուսակ, բայց ոչինչ նրա սրտով չէր: Այդ աղջիկը բնավորությամբ մի տեսակ վայրի էր՝ տղայական, եւ նրան աղջկական ոչինչ դուր չէր գալիս, չնայած շատ էր սազում: Ես էլ ընկերուհիների հետ հավասար համոզում էի, որ այս զարդը քեզ սազում է, շատ գեղեցիկ ես, սակայն նա այդպես էլ ոչինչ չհավանեց: Նա հեռու էր աղջկական, թիթիզ զարդերից: Վատ դրություն ստացվեց, ընկերուհիները սրտնեղեցին, որ ոչինչ չհավանեց: Այնպես որ, նվեր ընտրելիս անհատի բնավորությունը մեծ կապ ունի: Օրինակ, աղջիկներն իրենց ընկերուհիների համար ավելի շատ ընտրում են վառ, աչք ծակող, հարուստ տեսք ունեցող նվերներ, սակայն, ըստ իս, դրանց մոդան արդեն անցել է, հիմա մեծամասնությունը նախընտրում է հասարակ, համեստ եւ զուսպ զարդեղեն»: Նախատեսված նվերների տարիքային առանձնահատկությունների մասով էլ Կարինեն շեշտեց. «Մինչեւ 18-20 տարեկաններին խորհուրդ է տվում նվիրել զարդեղեն, դա շատ հաճելի, գեղեցիկ եւ, ամենակարեւորը, կրելի իր է: Այս տարիքը շատ խոցելի տարիք է, քանի որ այս շրջանում է ձեւավորվում անհատի վերջնական ճաշակը, եւ անհեթեթ նվերներով չարժե խեղաթյուրել նրանց ճաշակը: 20 տարեկանից բարձրերին ավելի շատ դուր է գալիս ապակեղեն, սպասքեղեն, ներքնազգեստ, ինչը շատ տարածված նվեր է: Ինչ վերաբերում է փափուկ խաղալիքներին, ապա դրանք չափից շատ շահագործվեցին: Արդեն խորհուրդ չի տրվում փափուկ խաղալիքներ նվիրել»: Նվերներ ընտրելու առումով հայերի նախասիրությունների ու ճաշակի մասին էլ ասաց. «Ճաշակի առումով հայերը շատ տարբեր են: Օրինակ, մի մասի ճաշակը, անկեղծ ասած, դեռեւս այնքան էլ բարձր չէ՝ համատարած միօրինակություն կա: Մի մասի մոտ էլ շատ բարձր է, երբ գալիս են նվեր գնելու՝ օգնությանս կարիքը չեն զգում: Մի շրջան կար, որ բոլոր աղջիկները գալիս եւ նույն ձեւի ու գույնի վզնոց էին գնում, հետո եկավ մատանիների շրջանը՝ բոլորը համատարած մատանի էին գնում՝ պարտադիր մանուշակագույն կամ կապույտ քարերով: Նվեր ընտրելիս մեր հաճախորդների շրջանում մի տեսակ միօրինակություն եմ զգացել, բայց դե, ինչ արած, ճաշակի հարց է…»: