Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ «ԲԱՐՈՒ ԱՉՔԵՐՈՎ»

Հունիս 11,2009 00:00

\"\"Երեկ հայ ընթերցողի դատին է ներկայացվել արձակագիր, լրագրող, թարգմանիչ Սուրեն Հայրապետյանի պատմվածքների եւ նովելների նոր ժողովածուն: «Բարու աչքերով» գրքում տեղ է գտել նրա վերջին տասը տարվա շուրջ 160 ստեղծագործություն: Հեղինակի խոսքով, այս ժողովածուն նրա՝ բնության մասին պատմող երրորդ գիրքն է եւ հարուստ է բնության զարմանալի տեսարաններ ներկայացնող իր իսկ կատարած լուսանկարներով, իսկ ստեղծագործությունները ներշնչված են հայրենասիրական գաղափարներով:

«Այս ստեղծագործություններով փորձել եմ հանրության ուշադրությունն ու խնամքը սեւեռել բնության վրա եւ ոչ միայն ներկայացրել եմ բնության նկատմամբ տածած զգացումներս, այլեւ թափանցել կենդանական աշխարհի մեջ՝ երբեմն կենդանիներին հարցազրույցի հրավիրելով»,- ասաց Ս. Հայրապետյանը:

Ավ. Իսահակյանի անվան գրադարանի նախաձեռնությամբ ներկայացվեց նաեւ հեղինակի ստեղծագործական լուսանկարների ցուցահանդեսը, նրա ֆոտոխցիկից չէին վրիպել բնության բազմազանությամբ, գեղեցիկ ակնթարթներով ու կյանքի թրթիռներով հարուստ տեսարանները: «Ես որսորդ եմ յուրովի. իմ որսով բնությանը վնաս հասցնելու փոխարեն՝ առանձնացնում եմ գեղեցիկն ու հետաքրքիրը եւ անմահացնում»,- նշեց հեղինակը: Գրող եւ «Բարու աչքերով» գրքի խմբագիր Ալբերտ Փարսադանյանի խոսքով, Ս. Հայրապետյանն իր լուսանկարներով ուղեկցվող բնապահպանական պատմվածքներով ու նովելներով նոր խոսք է ասում հայ գրականության մեջ. «Նրա ստեղծագործությունների մեջ կա մի զարմանալի գիծ՝ բարության գիծը, որ ուղեկցում է ընթերցողին, զրույցի հրավիրում բնության արարածների հետ ու միեւնույն ժամանակ իրական ցույց տալիս նրանց՝ իրենց կյանքի պահերին»:

Ս. Հայրապետյանը ծնվել է 1946թ Երեւանում: Իր ստեղծագործական գործունեության ընթացքում տպագրել, ռադիո եւ հեռուստաեթերով հնչեցրել է շուրջ 2500 զրույց: Տասնյակ գրքերի թարգմանությունների հեղինակ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել