Երբ որդին՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը, ՀԱՕԿ-ի նախագահից «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի բանալին էր ստանում, օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանը հուզված էր: Այդուհանդերձ, հետո նա պատասխանեց «Առավոտի» հարցերին:
Առաքել Միրզոյանը՝ չեմպիոնի պատվանդանին:
– Քո մարզական կարիերայի ընթացքում ինքդ բազմաթիվ պարգեւներ ես ստացել, բայց այսօր, կարծես, ավելի շատ էիր հուզված:
– Դժվար է խոսքերով արտահայտել այն զգացումները, ինչ կարող է նման դեպքերում ունենալ հայրը: Իրոք, շատ եմ հուզված:
– Հունիսի 15-ին որդուդ հետ մեկնում եք Ռումինիա, որտեղ Առաքելը մասնակցելու է աշխարհի 35-րդ երիտասարդական առաջնությանը: Նա պատրա՞ստ է զարգացնել հաջողությունը:
– Եվրոպայի չեմպիոն դառնալու օրը ես նրան ասացի, որ եթե ուզում է հետագայում էլ հաջողություններ ունենալ, վաղվանից պետք է մոռանա ոսկե մեդալի մասին եւ շարունակի առօրյա քրտնաջան մարզումները: Մարզիկը մի բան պետք է քաջ գիտակցի. սպորտը, մեդալները, որ նվաճում է, միայն իրենը չեն: Դրանք գուցե ավելի շատ ժողովրդինն են, երկրինը, պետությանը: Մարզիկը մեկ ակնթարթում կարող է երջանկացնել իր մի քանի միլիոն հայրենակիցներին: Բայց նաեւ կարող է հիասթափեցնել: Դրա համար պատասխանատվության զգացումը նրա մեջ պետք է լինի այնքան ժամանակ, քանի դեռ զբաղվում է մեծ սպորտով: Այս համոզմամբ էլ մենք այս ընթացքում շարունակել ենք աշխատել:
– Այսինքն՝ Բուխարեստո՞ւմ էլ մեդալի հույս կա:
– Այո: Եվ եթե ամեն բան հաջող ընթանա՝ նաեւ «ոսկու»: Ես նայել եմ 69 կգ քաշային կարգում Առաքելի հնարավոր մրցակիցների՝ չինացիների, կորեացիների, ռուսների եւ մյուսների այս ընթացքում բարձրացրած կիլոգրամները: Առաքելը նրանց չի զիջում, եթե չասենք, որոշ առումներով գերազանցում է: Այնպես որ, մեկնում ենք պայքարելու եւ հաղթելու վճռականությամբ:
Մնում է, որ հունիսի 17-ին մրցահարթակում Առաքելն անի այն, ինչ կարող է: