Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարերի երկիր Հայաստանս»

Հունիս 11,2009 00:00

\"\"Բեմանկարիչ Նելլի Բարսեղյանը նպատակ ունի հայաստանյան բեմանկարչությունը ներկայացնել դրսում

Հայ բեմանկարչությունը հարուստ ավանդույթներ ունի: Դրա վկայությունն են Մարտիրոս Սարյանի, Մինասի, Գեորգի Յակուլովի, Արա Սարգսյանի, Սարգիս Արուտչյանի, Սիմոն Ալաջալովի եւ մյուս անվանիների ժամանակին արված ներկայացումների նկարչական ձեւավորումները: Ցավոք, մեր բեմանկարչական դպրոցը մինչ օրս ներփակվել է ազգային շրջանակներում, երբեւէ չներկայացվելով միջազգային ցուցադրություններում: Նույնիսկ վաղամեռիկ Եվգենի Սոֆրոնովի նման անհատականության անունը, որը երկար տարիներ հանդիսանում էր Մայր թատրոնի գլխավոր նկարիչը, այդպես էլ չհնչեց արտերկրում: «Առավոտի» տեղեկություններով, հայ բեմանկարչությանը դրսում ծանոթ են չեխիաբնակ Էդվարդ Եդիգարյանի միջոցով, որը մեր հիշողություններում է որպես Էդ. Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետի նկարչական ձեւավորող:

Անցյալ դարի կեսերից արեւմուտքում բեմանկարչական արվեստի ոլորտում անցկացվում են տարբեր միջոցառումներ, որոնց հայաստանցի մասնագետները չեն մասնակցում: Դա հնարավորություն կընձեռեր ոչ միայն ներկայացնել հայ բեմանկարչության ժամանակակից միտումներն ու սկզբունքները, այլեւ ստեղծել փոխհարաբերությունների բարենպաստ միջավայր:

Երիտասարդ բեմանկարիչ Նելլի Բարսեղյանը, օրինակ, մեր ուշադրությունը գրավեց տարբեր թատրոններում վերջին շրջանում արված իր նկարչական ձեւավորումներով (Խամաճիկների թատրոնում՝ Լ. Էլբակյանի «Կարմիր լապտերներ» եւ Լ. Անդրեեւի «Մարդու կյանքը», Կամերային երաժշտական թատրոնում՝ Խ. Չալիկյանի «Ջայլամն ասֆալտի վրա», Փոսի թատրոնում՝ Շ. Դիլանի «Մեղրի համը», Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ Գ. Խանջյանի «Էսպես մինչեւ երբ» ներկայացումներ): «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ բեմանկարիչը հայտնեց, որ ներկայումս աշխատում է Կոմեդիայի թատրոնում, ըստ Ղ. Աղայանի «Արեգնազան» հեքիաթի՝ «Արեգ» բեմադրության դեկորների վրա: Ն. Բարսեղյանն ասաց նաեւ, որ գրանցված է բրիտանական scenographer կայքում, որն էլ ժամանակ առ ժամանակ իրեն տեղեկացնում է արտերկրում անցկացվող բեմանկարիչների տարբեր միջոցառումների, այդ ոլորտում լույս տեսած գրականության եւ այլ նորությունների մասին: «Ինձ տեղեկացրին, որ 2011թ. Պրահայում կկայանա սցենոգրաֆիստների «Կվադրինալե» միջազգային փառատոնը, որն անցկացվում է 4 տարին մեկ: Մեծ ցանկություն ունեմ մասնակցելու հիշյալ փառատոնին, որի մասին հայտնել եմ մշակույթի նախարարությանը եւ ակնկալում եմ վերջինիս աջակցությունը: Հասկանում եմ ձեռնարկածս գործի պատասխանատվությունը, քանի որ առաջին անգամ պետք է հայաստանյան բեմանկարչությունը ներկայացվի միջազգային ասպարեզում: Ի դեպ, այս միջոցառմանը յուրաքանչյուր երկիր ունենում է իր տաղավարը, բնականաբար, բացի ինձնից, եթե ամեն ինչ լավ ընթանա, պատվիրակության մեջ կընդգրկվի եւս երկու մասնագետ: Անցյալ տարի «Կվադրինալեում» հաղթեց Ռուսաստանը, թեման էր՝ «Մեր Չեխովը 20 տարի անց», իսկ տաղավարը հիշեցնում էր անձրեւից թրջված բնակարան, որտեղ այցելուները մտնում էին հովանոցներով ու կրկնակոշիկներով: Թեեւ այս ամենի ակնդիրը եղել եմ DVD-ի միջոցով, սակայն հիացմունքս անչափ էր»,- ասաց Ն. Բարսեղյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում հայկական տաղավարը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դեռ վաղ է խոսել այս մասին, որովհետեւ պետք է խորհրդակցել եւ կոլեգաներիս, եւ թատերական ինստիտուտի արվեստանոցի ղեկավարիս՝ Գրիգոր Սահակյանի հետ, այդուհանդերձ, բնականաբար, ունեմ անձնական պատկերացում. կուզեի տաղավարը ներկայացնի «քարերի երկիր Հայաստանս», լինեին մեսրոպատառ քարիկներ՝ այցելուներին նվիրելու համար… Կարճ ասած՝ լիներ ակնարկ բազմադարյա մեր հայ թատրոնի մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել