Այս կարծիքին է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը
Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահ Հակոբ Ղազանչյանը ներկայումս աշխատում է երկու ներկայացման վրա. մեկը Հ. Պարոնյանի անվան թատրոնում՝ ըստ Բ. Բրեխտի, մյուսը ռուս արտիստների հետ՝ Չեխովի միջազգային փառատոնի պատվերով: Հ. Ղազանչյանն ասում է, որ 2010թ. Մոսկվայում տեղի է ունենալու Չեխովի անվան միջազգային թատերական արտահերթ փառատոն՝ նվիրված գրողի ծննդյան 150-ամյակին, չեխովյան ներկայացումն այդ առիթով է արվում: Պրեմիերան կկայանա Հայաստանում, բայց ներկայացումը կխաղացվի Մոսկվայում:
Մեր զրուցակիցը նշեց, որ ստեղծագործական պրոցեսը հաճելի է, բայց իր պարագայում նաեւ դժվար. «Որովհետեւ, երբ դու միության նախագահ ես՝ քայլող թիրախ ես: Նախագահը ապահովագրված չէ տարբեր կողմերից եկող հարվածներից: Բայց ի՞նչ արած, այդ կյանքին էլ պետք է սովորես… Մի անգամ նույնիսկ փորձեցի դրա դեմն առնել, հետո փոշմանեցի, որովհետեւ «անտեսանելի ուժի» հետ կռվելը դժվար է, եւ շատ դեպքերում, երբ ափերից դուրս ես գալիս ու սկսում որոշակի տերմինալոգիա օգտագործել, հետո զղջում ես… Մնացած ամեն ինչը նորմալ է. ծրագրեր ունեմ, ինչ-որ բան լավ է ստացվում, ինչ-որ բան՝ ոչ այնքան… Ի վերջո, գերմարդ չեմ: Ընդհանուր առմամբ, գոհ եմ, որովհետեւ թատրոնի ղեկավար եմ, բազմաթիվ հրավերներ ունեմ՝ արտասահմանում բեմադրություններ անելու, մասնակցում եմ միջազգային հեղինակավոր փառատոների, ուրույն աուրա եմ ստեղծել շուրջս: Իսկ հետագայում, որ տեսնեմ՝ որեւէ բան խանգարում է, կսկսեմ քիչ-քիչ հրաժարվել, առողջությունս ու էնտուզիազմս խնայել ընտանիքիս, թոռնուհուս՝ Նարեի համար»:
Հետաքրքրվեցինք՝ ինչպես է պատրաստվում հուլիսի 3-ին նշել իր ծննդյան 50-ամյակը, արդյո՞ք որեւէ միջոցառում կամ ներկայացում նախատեսված է այդ առիթով: Պարոն Ղազանչյանն ասաց, որ որեւէ բան չի լինելու այդ օրը, բացառությամբ մերձավորներով հավաքվելուն՝ չի սիրում ճառեր, հոբելյանական հանդիսավորություն. «Մայրս է Ամերիկայից վերադարձել, հարազատներով կլինենք: Վերջին հաշվով, հոբելյանը տոն ստեղծելու համար չի արվում, այն ավելի շատ մտածելու համար է, ինչ-որ էտապ ամփոփելու… Եվ հետո, տխուր է, որ տղաս ու եղբայրս կողքիս չեն…»:
«Առավոտի» դիտարկմանը, թե կարծիք կա, որ երբ որեւէ արվեստագետ մշակույթի նախարարության հետ համատեղ նախագիծ է իրականացնում, մարդիկ մտածում են՝ պայմանավորվածություն կա «բարիքները» կիսելու, Հ. Ղազանչյանը չհամաձայնեց: «1985 թվականից թատրոն եմ ղեկավարում: Ոչ մի նախարարի օրոք չի եղել մի դեպք, որ որեւէ չինովնիկ ինձ ասի՝ այսքան գումար կտամ, բայց այսքանն էլ պիտի ինձ տաս: Այն նախագծերը, որ անցած տարի նախարարության հետ իրականացրինք, բավական լավն էին՝ Ֆոմենկոյի թատրոնի հյուրախաղերը, Կրեմլի բալետը, Արմեն Ջիգարխանյանի հյուրախաղերը, ՄԽԱՏ-ի «Համլետը» եւ այլն: Դրանց շնորհիվ կարողացա պահել միությունն ու միության ծրագրերը: Իհարկե, ինձ հասնում են բամբասանքներ, թե գումարներ են «լվացվում» եւ այլն, եւ այլն: Ախր եթե այդ համատեղ նախագծերը չլինեին, միությունը կփակվեր: ՀԹԳՄ-ից ստանում ենք ընդամենը 600 000 դրամ, որը մեր վարձակալության գումարն է, այն դեպքում, երբ աշխատավարձի ֆոնդը դրա կրկնակին է: Ուրեմն պիտի ինչ-ինչ նախագծեր արվեն, չէ՞, որ միությունը պահվի, հո գումարը օդից չի՞ թափվելու… Այսօր ունենք վերանորոգված շենք, 15 տեղանոց միկրոավտոբուս, որ ծառայում է միայն միությանը, վերանորոգված դահլիճ, որտեղ ֆոնդի միջոցներով ներկայացումներ են արվում: Առաջիկայում խաղացանկ կստեղծենք, տոմսեր կվաճառենք, որը նույնպես եկամուտի աղբյուր է: Մեկ-մեկ ասում են՝ էդ ի՞նչ փողերով են այդքան գործ անում: Այնպիսի տպավորություն է, որ միությունում միլիարդներ են պտտվում, մինչդեռ էդ գումարները Ղազանչյանն է դռնեդուռ ընկած նպատակային բերում: Ղազանչյանին շնորհակալ եղեք, որ այգին ու մեր շենքի նկուղը՝ օբյեկտ հիմնելու համար, վարձակալության չի տալիս: Ես համոզված եմ, որ դեռ կգան լավ ժամանակներ, կկարողանանք հովանավորչական գումարներ ունենալ ու ինքներս էդտեղ ինչ-որ բան հիմնել, բայց այնպես, որ 100 տոկոսանոց տերը լինի միությունը ու հետագայում՝ ինձանից հետո մարդիկ չընկնեն կրակը: Մենք ունենք նաեւ 4000 քմ հողակտոր Աղվերանում: Դա քարտուղարության որոշմամբ գնվել է այն գումարով, որը մնացել էր ինձ՝ իմ նախագահ ընտրված ժամանակ»:
ՀԹԳՄ նախագահը իր ընդդիմախոսներին վստահեցրեց, որ առանց միության ղեկավար լինելու էլ «յոլա» կգնա. «Ունեմ լավ մեքենա, վերանորոգված բնակարան, հրաշալի պայմաններ, որովհետեւ, կրկնում եմ՝ դրսից ներկայացումներ եմ հրավիրել, տոմսավաճառի պես տոմս ծախել, որպեսզի ընտանիք պահեմ, բարեկեցիկ ապրեմ: Նույն բանը կարող եմ անել նաեւ առանց նախագահ լինելու: Ի դեպ, այդ դեպքում կարող եմ նույնիսկ ավելի լավ ապրել, որովհետեւ հիմա ինչ աշխատվում է, մեծամասնությունը գնում է միություն»: