Թեստերի բարդությունից դժգոհ ծնողները այլ ելք չեն տեսնում, քան իրենց երեխաներին ծնվելու պահից դասախոսի մոտ պարապելու տալը, որպեսզի նրանք հասցնեն յուրացնել նման խառնիճաղանջ ու բարդ առաջադրանքները:
Ինչ սկսվել են ընդունելության քննությունները կամ, ինչպես հիմա ենք կոչում՝ միասնական պետական քննությունները, «Առավոտի» կրթական բաժնում չեն դադարում քննական պրոցեսից դժգոհ ծնողների, կրկնուսույցների եւ շրջանավարտների հեռախոսազանգերն ու այցելությունները: Մարդկանց դժգոհությունները տարբեր բնույթի են, հաճախ փաստարկված, հաճախ՝ ոչ այնքան, իսկ երբեմն էլ՝ ուղղակի անհեթեթ: Սակայն մեր երկրում առաջին հայացքից անհեթեթ թվացող բաներն այնքան հաճախ են հաստատվում, որ չենք զարմանա, եթե ակնհայտ կամ «կլյաուզա» թվացող որեւէ պնդում վերջում պարզվի, որ իրական ահազանգ էր:
Այ, օրինակ, երեկ «Առավոտի» խմբագրություն այցելած ծնողներից մեկը պնդում էր, թե չնայած այն բանին, որ արդեն իսկ պաշտոնապես հայտարարվել է, որ այս տարի հայերենի քննությունից 12 հազարից ավելի շրջանավարտներից ընդամենը 12-ն են «20» ստացել, սակայն հետո, երբ ինքն ու իր հարազատներն ուսումնասիրել են գնահատականների ցուցակները, պարզել են, որ «20»-երը շատ ավելի շատ են: Թվում է, թե այս պնդումն ուղղակի չի կարող իրականությանը համապատասխանել, քանի որ ի՞նչ պրոբլեմ էր հայտարարել ոչ թե 12 հատ «20», այլ, ասենք՝ 60 հատ: Ի վերջո, 12 հազարի մեջ 60 հոգի կարող էր գեր-գերազանց ստանալ: Սակայն, ինչպես սիրում էր կրկնել գործընկերուհիս՝ «պետք չէ փնտրել տրամաբանություն այնտեղ, որտեղ այն չկա»: Եվ Հայաստանի պայմաններում, երբ սուտն ու կեղծիքը հասել են բացարձակ ցինիզմի սահմանագծին, որեւէ մեկը չի զարմանա, եթե պարզվի, որ իսկապես՝ հայտարարում են մի թիվ, սակայն իրերի իրական պատկերն ամենեւին այլ է: Այդ ծնողները «Առավոտի» միջոցով պահանջ-առաջարկով դիմում էին կրթության եւ գիտության նախարարությանը, երկրի նախագահին ու վարչապետին, առաջարկելով, որ հայերենից եւ մաթեմատիկայից 19-20 միավոր հավաքած բոլոր շրջանավարտները առանձին հանձնեն հենց այս նույն քննությունը. լրացնեն հայերենից եւ մաթեմատիկայից հենց այն նույն թեստերը, որոնք լրացրել էին հունիսի 5-ին եւ 9-ին: Սակայն՝ լինի այլ հանձնաժողով, այլ դիտորդներ: «Եթե նրանցից թեկուզ մեկը գոնե 12 բալ հավաքի, կասեմ՝ հալալ է ձեզ, սիրելիներս, գնացեք սովորեք»,- ասում էր առաջարկը ներկայացնող կանանցից մեկը, ում կարծիքով, իսկապես ուժեղ, գերազանց սովորող երեխաները չեն ստացել 18 միավորից բարձր, իսկ 19-ն ու 20-ը միայն «ընտրյալների» համար է եղել: «Հրանտ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի մի սան, որը միջազգային մաթեմատիկական օլիմպիադաների է մասնակցել, 18 էր ստացել, իսկ շատ թույլ մի տղա՝ 20: Այն առաջադրանքները, որ տրված էին թեստերում, ահավոր բարդ էին: Հարցը բարդությունը չէ, թող էլի բարդ լինեն, բայց լինեին իրենց անցածին համապատասխան: Եղել են տրամաբանական հարցեր, որ օլիմպիադաներում են լինում, դպրոցում նման բան իսկի չի էլ շոշափվում: Ի՞նչ է, դպրոցները լրիվ անտեսե՞նք»,- վրդովված ասում էին ծնողները: Նրանք նաեւ պնդում էին, ինչի հետ դժվար է չհամաձայնել, որ նման բարդության թեստերի համար 3 ժամը քիչ էր: 80 հարց պարունակող թեստը 180 րոպեում դժվար էր լրացնելը: (Հիշեցնենք, որ նախորդ տարի մաթեմատիկայի քննությանը տրված է եղել 4 ժամ, սակայն այս տարի կրթության պատասխանատուները որոշեցին, որ վերջին մեկ ժամն ավելորդ է): Նրանք նաեւ պատրաստել էին մի բաց նամակ, որում, մասնավորապես, հեգնանքով գրված էր. «Այս պահին մենք հասկանում ենք, որ մեր երեխաներին պետք է կրկնուսույցների մոտ ուղարկեինք դեռ իրենց չծնված ժամանակից, իրենց «սաղմնային» վիճակում գտնվելու պահից սկսած, որպեսզի հասցնեին ձեռք բերել գիտելիքների այն հսկայական ծավալն ու որակը, ինչը թեստ կազմողները ձեռք են բերել իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի 50 կամ ավելի տարիներում (այն էլ՝ որոշ վերապահումներով): Ցավոք, մենք այդ ժամանակը բաց ենք թողել, այլապես դա էլ կանեինք»:
Բողոքողներին լսեց եւ նրանց դժգոհությունների 0,001%-ը գրի առավ
Հ. Գ. Իսկ կրկնուսույցների թեման առանձին անդրադարձի կարիք ունի, ինչը խոստանում ենք անել առաջիկայում: