«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում պատրաստվում են ամառային կրթության
Ամառային մարզահագուստ, «թիթիզ» սանրվածքների ցուցադրություն, կրտսեր դպրոց-պարտեզների սաների լողափային ցուցադրություն. այս ամենը հուշում է այն մասին, որ օրերս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հայտարարվել էր մարզական օր: Այդ օրը կրթահամալիրում տեղի ունեցավ նաեւ ԱՄՆ-ի՝ «Հայաստանի զարգացման ծառայություններ» բարեգործական կազմակերպության աջակցությամբ հիմնանորոգված մեծ եւ փոքր մարզադահլիճների ցուցադրությունը: Կրթահամալիրի բոլոր դպրոցների եւ վարժարանների երեխաները միջոցառման ընթացքում ցուցադրում էին այն, ինչ սովորել են ողջ տարվա ընթացքում՝ կապված սպորտի եւ առողջ ապրելակերպի հետ: Երեխաների՝ «Էրեբունի Երեւան» երգի կատարումից հետո կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ասաց. «Երեւանը մերն է, մենք սիրում ենք մեր քաղաքը եւ ուզում ենք փոխել այն, որքան էլ մեծահասակները թույլ տան, որ կեղծվեն մեր քաղաքի ընտրությունները»: Յուրաքանչյուրը կմոռանար քաղաքականության եւ ընդհանրապես բոլոր խնդիրների մասին՝ այցելելով կրթահամալիրի դպրոց-պարտեզների լողավազաններ եւ լողափեր: Այստեղ երեխաները ցուցադրեցին իրենց լողազգեստները, դրսում տեղադրված ցնցուղների տակ թրջվելուց հետո նետվեցին փոքրիկ լողավազանում արեւից ջերմացած ջրի մեջ: Ապա ճամբարականներն իրենց սպորտային օրն անցկացրին «Ակվատեկում»:
Ճամբարականները ունեին նաեւ հյուրեր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը եւ նրա ավագ թոռնիկ Լեւոնը: Նրանք շրջեցին կրթահամալիրով, ծանոթացան անցուդարձին, իսկ հրաժեշտին տիկին Տեր-Պետրոսյանն ասաց, որ իր թոռնիկներին էլ երբեմն-երբեմն կուղարկի մասնակցելու կրթահամալիրի ծրագրերին: «Առավոտը» տիկին Տեր-Պետրոսյանի հետ զրուցեց առողջ ապրելակերպի եւ երեխաների մարզական դաստիարակության անհրաժեշտության մասին: Նա նշեց. «Երեք թոռնիկ ունեմ, նրանցից ավագը՝ Լեւոնիկը, կարատեի առաջնության չեմպիոն է: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում երեխաների ուսմանը, բայց զուգահեռաբար կարեւորում ենք երեխայի՝ սպորտով զբաղվելու խնդիրը: Կյանքն այսօր շատ բարդ է, իսկ սպորտը կամ պարզապես հասարակ մարմնամարզությունը շատ կարեւոր է երեխայի առողջության համար: Ու քանի որ ոչ բոլոր ընտանիքները հնարավորություն ունեն երեխաներին սպորտային բոլոր պայմաններով ապահովել, այդ պատճառով պետությունը եւ դպրոցները պիտի այդ խնդիրը վերցնեն իրենց վրա, այս հարցում կարեւոր է նաեւ բարեգործական կազմակերպությունների դերակատարությունը»:
Խոսելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ ամառային ճամբարների ծրագրի մասին, տիկին Տեր-Պետրոսյանն ասաց. «Այսօր ընտանիքները դժվար օրեր են ապրում, նրանց մեծամասնությունը չի կարող երեխաներին Երեւանից դուրս տանել: Այդ պատճառով էլ հաճախ երեխաները թափառում են փողոցներում, ինչը վտանգավոր է: Իսկ եթե բոլոր դպրոցները կազմակերպեն ամառային ճամբարներ, երեխաներն առանց ուշադրության չեն մնա, կմասնակցեն սպորտային եւ կրթական միջոցառումների»: «Առավոտը» տիկին Տեր-Պետրոսյանից հետաքրքրվեց՝ որպես ծնող ի՞նչ անելիքներ է տեսնում դպրոցում: Նա նկատեց. «Անելիքները շատ են: Կուզեի, որ մտածեին այսօրվա աշխարհի պահանջների մասին, այն խնդիրների մասին, որոնք աշխարհն է առաջադրում: Հետո օգնեն երեխաներին, որ պատրաստ լինեն այդ խնդիրները լուծելու: Այսօր շատ կարելի է հանդիպել իրավիճակների, երբ գիտելիքներ ունեցող երեխան չի կարողանում առաջադրված խնդիրը լուծել պարզապես այն պատճառով, որ ընկալելի չի ձեւակերպված: Դպրոցները պիտի երեխաներին ոչ թե անգիր արած բաներ, այլ մտածել սովորեցնեն, որ անկախ ձեւակերպումից՝ երեխան կարողանա հաղթահարել ցանկացած առաջադրանք»: «Առավոտը» կրտսեր Լեւոն Տեր-Պետրոսյանից, որն այժմ սովորում է «Անանիա Շիրակացի» ճեմարանում, հետաքրքրվեց՝ ի՞նչ մասնագիտություն է ընտրելու: Նա պատասխանեց. «Դեռ հստակ չեմ կողմնորոշվել, բայց նախասիրություններիս շրջանակը մաթեմատիկան է, պատմությունը»:
Բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը կրթօջախի սովորողներին գնդակներ նվիրեց: Խոսելով ֆիզկուլտուրայի կարեւորության մասին՝ նա նկատեց. «Նախկինում այս առարկան չէր հարգվում, բայց երբ սկսեց դպրոցներում համարվել քննական առարկա, իրավիճակը կտրուկ փոխվեց: Այժմ դպրոցների տնօրենները շահագրգռված են այս առարկայի դասավանդման համար աշխատանքի ընդունել բարձրակարգ մասնագետների»: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ խոսեցինք այսօրվա մանկավարժության մասին. «Գոյություն ունի երկու մանկավարժություն՝ պարտադրված, որն անվանում եմ ֆորմալ կրթություն, այսպիսով մեծերը կարծես մուռ են հանում երեխաներից: Արդյունքում տանը երեխան անփոխարինելի է, անկրկնելի, բոլորի ուշադրության կենտրոնում, զբաղվում է ազատ կենսագործունեությամբ, իսկ դպրոցը հանկարծ վերածվում է այլ ռեժիմի: Կա նաեւ երկրորդ կրթություն, որն անընդհատ է՝ ինչպես կյանքը: Այստեղ իմացումը երեխայի համար պատիժ, պարտադրանք չէ, կրթությունը չունի ժամկետներ, այն չի արվում գնահատականի կամ քննության համար: Մենք միշտ կողմ ենք եղել երկրորդ մանկավարժությանը, դա է պատճառը, որ մեզանում հունիսի 1-ով ոչ թե չի ավարտվում ուսուցումը, այլ ընդգրկում է բոլորին, ամռանը երեխայի ֆիզիկական հոգեվիճակին համապատասխան՝ կրթությունն այլ կերպ է կազմակերպվում, իրականացվում է ամառային դպրոցի միջոցով, որն ավելի գրավիչ, ուրախ եւ հետաքրքիր է»: Այժմ գործում են նաեւ կրթահամալիրի արտագնա ճամբարները, առաջիկայում կմեկնարկեն ստուգատեսները՝ «Ժանգոտ բանալի» կինոփառատոնը, կենդանաբույծների, բուսաբույծների ստուգատեսները, տեղի կունենա կրթահամալիրի գազանանոցի բացումը: