Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔՍ

Հունիս 11,2009 00:00

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարում

Չորրորդ միֆն ավելի մեծ աղմուկով ջարդվեց արդեն մայիսի 31-ին, երբ Տեր-Պետրոսյանը հասկացավ, որ Սերժ Սարգսյանը կոպտորեն մերժել է երկխոսության իր առաջարկներն ու կոչերը: Սա, անշուշտ, խիստ ցավալի էր Տեր-Պետրոսյանի համար, քանի որ այդ երկխոսության հետ էր նա կապում քաղբանտարկյալներին ազատ արձակելու հնարավորությունը:

Հաջորդ՝ հինգերորդ միֆը, որ ստեղծել էր Տեր-Պետրոսյանը, Հայ ազգային կոնգրեսին որպես քաղաքական հզոր գործոն ընկալելն է: Նա հրաժարվում էր ընդունել, որ ՀԱԿ-ի առաջմղիչ միջուկը Հայոց Համազգային Շարժման դեռեւս պահպանված ցաքուցրիվ փոքրիկ միավորներն էին, նրանց որդիները, վերջիններիս ընկերները եւ քաղբանտարկյալների հարազատները: ՀԱԿ անդամ մյուս կուսակցություններն ընդամենը հիշեցնում էին երբեմնի ընդդիմության «16+1» ձախողված ձեւաչափը: Որքան էլ Տեր-Պետրոսյանը ձգտեր հզորություն հաղորդել ՀԱԿ-ին՝ միավորյալ ընդդիմության լուսապսակ դնելով նրա գլխին, ակնհայտ էր, որ ՀԱԿ-ին բացառապես իր ներկայությունն էր արժեք հաղորդում, սակայն ինքն ընդամենը մեկ միավոր էր, թեկուզեւ՝ մեծ միավոր:

ՀԱԿ-ը Հայոց Համազգային Շարժում այդպես էլ չդարձավ. նրանց չհարեցին այն հարյուրավոր մարդիկ, որոնք անկախ գործելակերպի եւ ազատ մտածելակերպի կրողներ էին, բայց որոնց ՀԱԿ-ը եւ Տեր-Պետրոսյանը մեծամտորեն արհամարհում էին: Եվ թվացյալ, չարդարացված ինքնավստահությամբ էր ներծծված մայիսի 29-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանի հայտարարությունը. «Անկախ ընտրությունների արդյունքից, ընդդիմությունը, հանձին Հայ Ազգային Կոնգրեսի, կորցնելու բան չունի: Նա մնալու է իր առաջնորդող տեղում եւ ավելի հզորանալու եւ ծավալվելու է»:

Առավել ուժգին է ջարդվելու Տեր-Պետրոսյանի սահմանած վեցերորդ միֆը, համաձայն որի՝ «Այս ընտրություններով ոչինչ չի վերջանում, ընդհակառակը, ամեն ինչ նորից է սկսվում»: Եթե սա պարզ հոգեբանական եւ քաղաքական հնարք է, ապա Հայաստանում արդեն քչերն են, որոնց վրա կարող է ազդեցություն ունենալ այդ հնարքը: Եթե սա քաղաքական համոզմունք է, ապա հիմնազուրկ է: Եթե միֆ է, ապա պսակազերծվելու է, քանի որ հայաստանյան օրենքների համաձայն՝ «հաղթողին չեն դատում», իսկ պարտվածը միշտ էլ սխալ է:

Առաջիկայում Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված է լրջորեն վերապրել հասարակական հուսախաբության ողջ մղձավանջը՝ ըմպելով դրա դառը հաբերը: Հանրային ընկալման մեջ նա դառնալու է վերջին երկու տարիների չդադարող պարտությունների միակ պատասխանատուն: Ամեն ինչ իրականում ավարտվել է, եւ նոր բան սկսելու համար մոխրացած դաշտն այլեւս դժվար է լինելու հերկել:

Իր քաղաքական կենսագրության մեջ երկրորդ անգամ ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ իրացնել այն պատմական առաքելությունը, որը թերեւս ժամանակի ընտրությամբ կանգ էր առել հենց նրա վրա: 1996 թ. նա չհանձնեց իշխանությունը ընտրություններում, դրանով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության եւ առաջադիմության ճանապարհին դնելով առաջին ժայռաբեկորը, որը տեղաշարժել այդպես էլ չհաջողվեց ոչ ոքի: Նաեւ նրան: Դրանով իսկ հիմնահատակ ավերվեց նրա պատմական առաջին մեծ առաքելությունը՝ Հայաստանը դարձնել ժողովրդավարական պետություն: 2008-2009 թթ. Տեր-Պետրոսյանը չիրացրեց նաեւ իր երկրորդ պատմական առաքելությունը՝ ջարդել «ավազակապետական համակարգը», «մաքրել ավգյան ախոռները», կասեցնել հետադիմության հաղթարշավը եւ ազատագրել Հայաստանը: Այդ առաքելության մեջ էր ամփոփված անչափ թանկ մի բան՝ Հայաստանի փրկությունը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի անկումը նույնքան ցավագին է լինելու, որքան դժվար եղավ նաեւ վերելքը տասնամյա ընդհատումից հետո: Եվ նա ստիպված է միայնակ կրել այդ անկման ողջ ցավը: Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի նորագույն պատմության մեջ թերեւս ամենադրամատիկ կերպարն է՝ ոչ այնքան հասկացված, որքան՝ մեծարված, ոչ այնքան սպասված, որքան մերժված:

Այս ամենով հանդերձ, նա վաղուց է բացել հայ ժողովրդի պատմության նոր էջը՝ որպես ՀՀ հիմնադիր նախագահ մեր նորագույն շրջանի պատմության մեջ թողնելով մեծ քաղաքական ազդեցություն, արդյունքներ, ավա՜ղ, նաեւ՝ հետեւանքներ:

ՀՀ առաջին նախագահն իր ետեւից նաեւ փակել է պատմության այդ էջը:

3.

Բախտի կռանը կամքն է թեեւ, բայց դիպվածն է տիրական:
Ավետիք Իսահակյան

Սերժ Սարգսյանին կառավարման դժվարին ժամանակներ չեն բաժին ընկել. նրան բաժին են ընկել բարդ հանգամանքներ: Սարգսյանին հաջողվում է գրեթե երկու տասնամյակ մնալ կառավարման նավի վրա այն պատճառով, որ նա հանգամանքների քաղաքական գործիչ է եւ ոչ համոզմունքների: Որպես կանոն՝ դժվար է լինում կառավարման նավ բարձրանալ կամ բարձրանալիս՝ նավում մնալ համոզմունքների քաղաքական գործիչներին: Հանգամանքների գործիչներն ավելի հաջող գործում են այն հասարակություններում, որոնք նման են հայերին եւ որոնք դժվար են համակերպվում նորի, առաջադեմ գաղափարների հետ՝ ավելի հաճախ մերժելով այդ գաղափարները եւ դրանք կրողներին: Պատահական չէ, հայ ժողովրդի հասարակագիտական միտքը ձեւավորվել է Հայաստանի սահմաններից դուրս՝ օտար ափերում: Առաջադիմության, անսովորի, նորի հանդեպ հայ ժողովրդի տածած վախն առաջին հիմնական հանգամանքն է, որ հնարավորություն է տվել Սարգսյանին գրեթե անխոչընդոտ կառավարել: Նա գիտե, որ հայ հասարակության մեջ Բարաք Օբամա չի առաջանում, որը կարողանա աճել-բարձրանալ՝ ջախջախելով հին կաղապարները եւ անհաղթահարելի թվացող հանգամանքները:

Ըստ այդմ՝ առաջին հանգամանքը, որ օգնում է Սարգսյանին, հայ ժողովրդի վախն է առաջադիմության, նորի հանդեպ: Այդ իսկ պատճառով հայ ժողովրդին անչափ դժվար է հեղափոխության կոչելը: Եվ եթե ժողովուրդը կանգնում է հեղափոխության բարիկադների վրա, նշանակում է նրան խորապես նվաստացրել-ստորացրել-վիրավորել են:

Երկրորդ հանգամանքը, որը մեծապես օգնում է Սերժ Սարգսյանին, փոքր խնդիրներ առաջադրելն է: Փոքր խնդիրներ լուծելը անհամեմատ դյուրին է, բացի այդ, փոքր խնդիրներ առաջադրողներին ոչ ոք չի խանգարում: Փոքր խնդիրներ լուծելու Սարգսյանի մեծ հմտությունը հնարավորություն է տվել նրան երկար եւ դանդաղ թիավարել: Նաեւ այդ պատճառով է, որ Սարգսյանը շփոթվում, կծկվում եւ անզոր է դառնում մեծ խնդիրների բախվելիս: Ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կամ ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման ժամանակ: Այդ խնդիրների բարդությունը հնարավորություն չի տալիս, որ Սարգսյանը կարողանա առկա հանգամանքներում կողմնորոշվել: Այդ իսկ պատճառով նա ավերջ խճճվում է՝ որքան մոտենում է լուծմանը, այնքան հեռանում է դրանից:

Երրորդ հանգամանքը, որն օգնում է նրան, անհուսալի, անկանխատեսելի իրավիճակներում տեղում կանգնած մնալն է: Աշխարհաքաղաքական հարահոսում նա ծվարում-կանգնում է աչքից, մեծ ճանապարհներից հեռու՝ իր հետ մի կողմ հրելով նաեւ Հայաստանը: Փոթորիկներն ի վերջո անցնում են՝ շրջանցելով թե Հայաստանը, թե իրեն, սակայն Հայաստանի եւ Սարգսյանի մասին մոռանում են:

Սերժ Սարգսյանին օգնող հաջորդ՝ չորրորդ հանգամանքը մերժելի արժեքներով եւ հետաքրքրություններով առաջնորդվող հասարակական շերտերն են, որոնք աստիճանաբար վերածվում են նրա սոցիալական հենարանի: Սարգսյանը համոզված է, որ բարձր արժեքները, մեծ ձգտումները, մեծ նպատակները վտանգավոր կարող են դառնալ փոքրաթիվ հայ ժողովրդի համար: Այդպես են ծնվել նրա անհավանական անկեղծ ձեւակերպումները՝ «ժողովրդավարությունը խորթ է մեր մտածելակերպին», «Աղդամը մեր հայրենիքը չէ»: Այդ իսկ պատճառով նա փորձում է գոնե իր կառավարման ժամանակահատվածում ետ պահել հայ ժողովրդին մեծ նպատակներից, թեպետ հայ հասարակությունն առանձնապես չի այրվում այդպիսի նպատակներից:

Հինգերորդ հանգամանքը որոշ չափով հակասական է. լինելով փակ քաղաքական գործիչ, Սարգսյանը բաց է առաջարկների ու խորհուրդների առջեւ: Դրանով նա կարողանում է ստեղծել համագործակցության պատրանք՝ իրականում այդ խորհուրդներից վերցնելով միայն այն, ինչը չի վնասում իր անձնական հետաքրքրություններին եւ շահագրգռություններին: Սարգսյանը բացառիկ շնորհ ունի նվաստացնելու, տրորելու եւ դրանից հետո միայն՝ համագործակցության առաջարկ անելու: Եվ, որպես կանոն, մերժման քիչ է հանդիպում:

Սերժ Սարգսյանը գրեթե անսխալ ճանաչում է իր քաղաքական հակառակորդներին, անձնական թշնամիներին, բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով կարող են վտանգ ներկայացնել իր համար: Նա անգիր գիտե նրանց բոլոր մարդկային թերությունները, թուլությունները, որոնք օգտագործում է անսխալ: Նա չի սպասում, որ վտանգը մեծանա, այլ կանխում է այդ վտանգը, եթե դրա ետեւում մարդն է կանգնած: Այդպես է վարվում նա թե ներհասարակական-ներքաղաքական հարաբերություններ կառուցելիս, թե արտաքին քաղաքականության մեջ: Նա չի սպասում, որ իրեն կանչեն, նա ինքն է գնում, եթե վտանգ է զգում, թեկուզեւ իրեն ոչ ոք չի սպասում: Սա վեցերորդ հանգամանքն է, որից օգտվելը բացառապես նրա մենաշնորհն է:

Այսեւայլ հանգամանքներն էապես նպաստել են, որ Սերժ Սարգսյանը կարողանա պահպանել իր ազդեցությունը տարաբնույթ գործընթացների վրա՝ տեւական ժամանակ մնալով կառավարման ղեկի մոտ:

Սակայն որքան էլ ճկուն եւ հաջողակ է Սարգսյանը հանգամանքներում, նույնքան էլ անզոր է արդեն ձեւավորված իրողությունները եւ աննպաստ նախադրյալները հաղթահարելիս:

Առաջին իրողությունը, որը վտանգելու է Սարգսյանի կառավարումը եւ չեզոքացնելու նրա օգտին աշխատող հանգամանքները, աղետալի չափերի հասնող կոռուպցիան է, որը քայքայման է հասցրել պետական կառույցները: Կոռուպցիոն մեքենան անվերջ նոր վառելանյութ է պահանջում, սակայն այն անսպառ չէ: Կոռուպցիոն գումարներն այլեւս չեն մնում Հայաստանում. կոռուպցիոն կապիտալն արտահանվում է:

Կոռուպցիայի ուղղակի հետեւանք է երկրորդ իրողությունը, որին բախվելու է Սերժ Սարգսյանի կառավարման նավը: Դա համատարած անարդարությունն է՝ ներծծված անօրինականությամբ, խրախուսվող անպատժելիությամբ:

Սերժ Սարգսյանը չի կարող հաղթահարել նաեւ հաջորդ՝ երրորդ իրողությունը՝ սոցիալական բեւեռացումը, որը երկփեղկել է Հայաստանի հասարակությանը՝ նրան կանգնեցնելով դասակարգային պայքարի նախաշեմին:

Չորրորդ իրողությունը, որ վտանգելու է Սարգսյանի հետագա կառավարումը, ՀՀ քաղաքացու ինստիտուտի փաստացի փլուզումն է: Քաղաքացու, որը չի սիրում իր պետությանը, պետություն, որը չի հարգում իր քաղաքացուն: Այդ քաղաքացին մերժում է պետության հետ համագործակցությունը՝ երկյուղելով այդ համագործակցությունից, չվստահելով նրան:

Հինգերորդ խանգարող իրողությունը պետական ինստիտուտների աստիճանական կաթվածահարությունն է, այդ թվում նաեւ՝ ուժային կառույցների, որոնք չգիտեն, թե պետության մեջ ո՞րն է իրենց վերապահված դերն ու նշանակությունը:

Վեցերորդ իրողության համաձայն՝ Սարգսյանը լեգիտիմ իշխանության կրող չէ: Այդ իշխանության հետ հնարավոր է համակերպվել, սակայն ոչ՝ ընդունել:

Այսեւայլ իրողությունները գումարվելով՝ ոչ միայն լուրջ վտանգ են դառնում Սերժ Սարգսյանի իշխանության համար, այլեւ սպառնալիք են Հայաստանի գոյության համար:

Մինչդեռ մարտի մեկը ողբերգական վերջաբանով հեքիաթ չէր, այլ այդ կուտակված իրողությունների ժայթքումը:

4.

Чужбина-Родина моя.
Марина Цветаева

Երեւանյան դպրոցներից մեկում հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին հայ պատմավեպերից մեկին անդրդառնալիս հարցրել է աշակերտներին՝ «Իսկ դուք սիրո՞ւմ եք ձեր հայրենիքը»: Հարցին հաջորդած լռությունը հավանաբար անսպասելի է թվացել ուսուցչուհուն, քանի որ վերջինս փորձել է աշակերտներից անհատապես ճշտել իր հարցի պատասխանը, եւ հավանաբար սահմռկել է, լսելով՝ «չեմ սիրում, ինչի՞ համար սիրեմ»:

Նոր սերնդին դժվար է հայրենասիրության դասեր տալ, ոչ այն պատճառով, որ ներկա ժամանակների օրինակները քիչ են, իսկ պատմական օրինակներն այլեւս ազդեցություն չեն թողնում, մանավանդ որ այդ օրինակներն աստիճանաբար մոռացվում են, այլ այն պատճառով, որ այդ օրինակներն արժեզրկված-փառազրկված են: Այն ամենը, ինչն այդ սերնդին հիշեցնում է հայրենիքի, որպես հոգեւոր երեւույթի եւ արժեքի մասին, պարուրված է անարդարությամբ, խաբեությամբ, ցինիզմով: Այդ սերնդի մանկապատանեկան-երիտասարդական իդեալները մթագնում են դպրոց-բուհ-բանակ-աշխատանք կոռումպացված քառանկյան կողմերը: Նրա արժեհամակարգը ավերում է հայաստանյան հեռուստաեթերի առաջ բերած խորշակը, անուսում, անգետ քաղաքական-պետական գործիչների եւ նրանց ընտանիքի անդամների վարքագիծը, մայթերին ոտքերը տրորող նրանց ավտոմեքենաների ցավը, ուժի, հզորության ցածրակարգ ընկալումը, սոցիալական անարդարությունն ու կեղեքումը, արտերկիր մեկնող իր մերձավորների թվի աճը: Այդ սերնդի աչքերն ու ականջները փակված չեն երկաթե վարագույրով, եւ նա գիտե, որ աշխարհի բազմաթիվ երկրներում բոլորովին այլ՝ բարեկեցիկ, արդարամիտ եւ անվտանգ հայրենիքներ կան: Անհնար եւ անօգուտ է փորձել այս սերնդին դաստիարակել անորոշ, անգո, հորինված հայրենիքի տեսլականով: Այդ հայրենիքը նրա համար խիստ որոշակի է, նյութական, հոգեւորը մերժող, աղբակույտերով, հոշոտված անտառներով, տրորվող մարդկային արժանապատվությամբ, պետության բացառապես պատժիչ գործառույթների գործադրմամբ:

Այսօրինակ իրավիճակում ՀՀ նոր քաղաքացին միայն մեկ ձգտում կարող է ունենալ՝ հեռանալ Հայաստանից այնտեղ, ուր ստիպված չի լինի անվերջ բախվել անարդարության, կաշառակերության, անզորության պատին: ՀՀ քաղաքացու անձնագիրը նրան ոչ հոգեւոր, ոչ էլ նյութական առումով չի կապում Հայաստանի հետ: Սամվելի, Վարդան Մամիկոնյանի, Գեւորգ Մարզպետունու, Աղասու կերպարները նրա համար աստիճանաբար վերածվում են անախրոնիզմի, քանի իր ժամանակի հերոսներն այլ հոգեկերտվածք ունեն: Նոր սերունդը լսում է, որ ՀՀ երկրորդ նախագահը իր որդու հարսանեկան արարողությանը երեք տոննա վարդ է պատվիրում օտար երկրից: Համընդհանուր թշվառության, սոցիալ-տնտեսական ճգնաժամի, նախկին նախագահի իր համեստ աշխատավարձի պայմաններում՝ արհամարհրելով ոչ միայն հանրային կարծիքը, այլեւ նախագահի ինստիտուտը: Այսպիսի օրինակներով դաստիարակվող երեխան, պատանին, երիտասարդը չի կարող հարգանք տածել իր հայրենիքի հանդեպ, ուր մնաց՝ սիրել այն: Եվ այսօրինակ իրավիճակը, բարքերը, մտածելակերպն անարժեք են դարձնում Ս. Սարգսյանի հետեւյալ միտքը, ըստ որի՝ «Այս նոր իրավիճակում դրական փոփոխությունները դառնում եւ դառնալու են կյանքի նորմ: Այդ միջոցով է, որ հասարակության յուրաքանչյուր անդամի մեջ պետք է արմատավորվի այն ընկալումը, որ պետությունը հենց նրա համար է, որ Հայաստանի Հանրապետությունում ինքն իրեն զգա արժանապատիվ ու պաշտպանված, որ որեւէ այլ երկիր այդպես չի պաշտպանելու իր իրավունքները, որքան հայրենիքը» (ԱԺ-ում Ս. Սարգսյանի 2008 թ. հոկտեմբերի 2-ի ուղերձից):

Մինչդեռ հայրենիքն աստիճանաբար վերածվում է օտար եզերքի, անկախ այն հանգամանքից, ֆիզիկապես այնտե՞ղ ես, թե՞ ոչ:

5.

Я конечно, презираю Отечество мое с головы до ног – но мне досадно, если иностранец разделяет со мной это чувство.
А.С. Пушкин

Որքան էլ պահպանողական, որքան էլ նորի հանդեպ անընկալունակ, հայ ժողովուրդը բնույթով երազող ժողովուրդ է: Թե առանձին-առանձին եւ թե հավաքականության մեջ: Սակայն Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նրան զրկել են երազելու հնարավորությունից: Մինչդեռ մարդը չի կարող ապրել, եթե նրա կյանքում չկա երազանք, նպատակ, ձգտում, իր երկրին օգտակար լինելու ցանկություն: Այդ երկիրը նրա կարիքն ընդհանրապես չի զգում: Հայրենիքի հանդեպ սերը չի կարող երկար ժամանակ անպատասխան կամ մերժված մնալ: Այնպես, ինչպես մարդկային հարաբերություններում: Անպատասխան, միակողմանի սերը կամ մարում է, կամ վերածվում է քամահրանքի:

Ես արհամարհում եմ հայրենիքս, եւ ի տարբերություն ռուս մեծ բանաստեղծի, ինձ համար միեւնույն է, թե օտարերկրացին նո՞ւյնն է զգում իմ հայրենիքի հանդեպ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել