Լրահոս
Օրվա լրահոսը

Քսան տարի անց

Հունիս 11,2009 00:00

\"\"Կինոն վերադառնում է Արմավիր, սակայն քաղաքի միակ կինոթատրոնը դեռ հացի փուռ է

Արմավիրցիներն իրենց սիրելի եւ միակ «Արարատ» կինոթատրոնում վերջին անգամ 1989 թվականին են կինո դիտել՝ հնդկական «Դիսկո պարողը»: Դրանից հետո կինոթատրոնի դռները փակվել են ու մեկ էլ բացվել չորս տարի անց, բայց արդեն ոչ թե որպես մշակութային հաստատություն, այլ՝ հացի փուռ:

Երբ «Արարատի» տնօրեն Ռաֆիկ Գասպարյանը՝ ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հայրը, 1992 թվականին շենքը սեփականաշնորհեց ու վերածեց փուռի, ոչ նախկին տնօրենի, ոչ էլ քաղաքի այն տարիների ղեկավարության մտքներով չանցավ, որ բնակիչներին զրկում են մեծ էկրանից կինո դիտելու եզակի հնարավորությունից:

Իսկ երբ 20 տարի անց՝ 2009 թվականի հունիսի 8-ին, քաղաքի մշակույթի պալատի մոտ ֆիլմի ազդագիր հայտնվեց՝ ավետելով լավագույն ավանդույթի վերադարձը, արմավիրցիներն ուրախացան՝ կինոթատրոնը չէր վերադարձել, բայց վերականգնվել էր դահլիճային կինոդիտման հնարավորությունը:

Մշակույթի պալատի լեփ-լեցուն դահլիճը վկայությունն էր այն բանի, որ այս քաղաքի բնակիչները մեծ էկրանից կինոդիտմանը իրոք կարոտել էին: Պրեմիերա էր. ցուցադրվում էր 2004 թվականին նկարահանված «Զղջում» գեղարվեստական կինոնկարը: Սցենարի հեղինակը, ռեժիսորն ու գլխավոր դերակատարը նախկին ռոք երաժիշտ Նորայր Ֆահրադյանն է: «Կինոնկարը վերականգնված հավատքի պատմություն է: Մեկ ընտանիքի ու մասնավորապես ընտանիքի անդամներից մեկի միջոցով փորձել եմ ներկայացնել մարդու կյանքի հոգեբարոյական ընթացքը: Թե ինչպես, անցնելով բազում դժվարությունների միջով, մարդն ի վերջո հաղթանակ է տոնում՝ շնորհիվ իր հավատքի»,-սա է ֆիլմի փիլիսոփայությունը, ըստ Նորայր Ֆահրադյանի:

Ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են 18 հոգի, որից 14-ը «դերասաններն» են: «Դերասան», որովհետեւ վերջիններս արմավիրցիներ են եւ տարբեր մասնագիտության տեր մարդիկ: Սեդրակ Մարգարյանը, օրինակ, կինոնկարի առանցքային դերակատարներից մեկը՝ ոսկերիչ է: Ճիշտ է՝ թատրոնում էլ է մի քանի էպիզոդիկ դերեր խաղացել, բայց կինոյում՝ առաջին անգամ է: «Իմ հերոսի միջոցով մարդկանց բացատրում եմ աշխարհ գալու իրենց առաքելության մասին: Հորդորում, որ կյանքը բեռ չդարձնեն, որ ապրեն ամեն րոպեն իմաստավորած, որովհետեւ հենց դրա մեջ է կյանքի փիլիսոփայությունը»,- ասաց Սեդրակ Մարգարյանը:

«Զղջումի» բյուջեն $30 000 է: Կինոնկարը ֆինանսավորել է Լոս Անջելեսում ապրող մեր հայրենակիցներից մեկը: Վերջինս հոգացել է նաեւ, որ մասնագիտական առումով ֆիլմը որակյալ խորհրդատուներ ունենա եւ ձայնը լինի պրոֆեսիոնալ մակարդակի: Ֆիլմը ֆինանսավորելու մեր հայրենակցի ցանկությունն առաջացել է այն ժամանակ, երբ Գլենդելի կինոթատրոններից մեկում ցուցադրվելիս է եղել Նորայր Ֆահրադյանի 1997 թվականին նկարահանված ֆիլմը: «Ամերիկահայ պարոնն ինձ գտավ եւ ասաց, որ պետք է անպայման շարունակեմ կինոնկարը, իսկ ինքը կստանձնի դրա բոլոր ծախսերը: Ես ինքս էլ ֆիլմն այնպես էի ավարտել, որ հանդիսատեսը շարունակության ակնկալիք ունենար: Չեք պատկերացնի՝ որքան մեծ եղավ ուրախությունս, որ ոչ միայն մտահղացումս տեղ հասավ, այլեւ՝ ֆինանսավորող գտնվեց»,- փոխանցեց ֆիլմի ռեժիսորը:

Հիմա Գլենդելում սպասում են «Զղջում» ֆիլմին: Սակայն Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը օրեր առաջ ռեժիսորին մերժել է մեկնել Միացյալ Նահանգներ: «Շատ կուզեի, որ իմ ֆիլմն ինքս ներկայացնեի համայնքին, բայց քանի որ թույլ չեն տալիս մեկնել՝ ստիպված եմ այն ուրիշ ռեժիսորի հետ ուղարկել»,- ասաց ռեժիսորը:

Իսկ մինչ կինոնկարն էկրան կբարձրանա Գլենդելի կինոսրահներում, արմավիրցի հանդիսատեսն արդեն կարծիք է հայտնում: Սամվել Հովհաննիսյանն ասաց, որ զգացածը դժվարանում է բառերով փոխանցել՝ «Դա նույնն է, թե մեկին փոխանցես զգացածդ ծաղկի բույրը կամ առաջին անգամ ճաշակվող պտղի համը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել