Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՌԱՍՈՒՆ ՏԱՐՎԱ ԽՆԴԻՐ

Հունիս 11,2009 00:00

\"\"Սյունիքի 4-րդ աստիճանի վթարային հարյուր տներում շարունակում են բնակիչներ ապրել

Վերջին երկու ամիսների ընթացքում Սյունիքում՝ սողանքների արդյունքում, փլուզումներ եղան: Ապրիլի 18-ին՝ Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածում, ապրիլի 22-ին՝ Կավճուտ գյուղում, Մայիսի առաջին տասնօրյակում՝ Քարահունջ գյուղում երկու դեպք: Սողանքները Սյունիքում դարձել են պատուհաս: Պարզվում է, այս մարզում խնդիրը 40 տարվա պատմություն ունի:

Սյունիքի մարզում 70-ականների կեսերից սողանքային երեւույթներ են ի հայտ եկել: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում սողանքային գոտիներ են հայտնաբերվել Սիսիանի տարածաշրջանի Շաղատ, Բալաք գյուղական համայնքներում, Գորիսի տարածաշրջանի Քարահունջ գյուղում: Իսկ Կապանի տարածաշրջանում սողանքային երեւույթներ են նկատվել Գեղանուշ, Խալաջ բնակավայրերի վարչական սահմաններում: Սողանքավտանգ գոտիներ կային նաեւ Կապանի Արփիկ թաղամասում: Սողանքի հետեւանքով արդեն բնակության համար վտանգավոր դարձած Արփիկի անհատական տների բնակիչները պետբյուջեի հատկացրած գումարներով բնակարաններ են գնել եւ տեղափոխվել վթարային տներից: 90-ականների սկզբներին ակտիվացել էր նաեւ Կապանի Մուշեղ Հարությունյան փողոցի սողանքը՝ 1994 թվականի օգոստոսից հետո այն կրկնվեց 2 տարի անց՝ 1996 թվականի փետրվարին:

Ըստ Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի՝ վերջին տարիներին մարզում սողանքային երեւույթները համեմատաբար հանգիստ վիճակում են՝ բացառությամբ Գորիսի տարածաշրջանի Քարահունջ գյուղի տարածքում առկա սողանքային գոտիներից: «Հաշվի առնելով այն, որ բացի Քարահունջի սողանքային գոտիներից՝ մարզի մնացած վայրերում սողանքները առավել հանդարտ են եւ անվտանգության խնդիրները գրեթե լուծված են, մենք վերջին տարիներին հիմնական ուշադրությունը կենտրոնացրել ենք Քարահունջում ակտիվ վիճակում գտնվող սողանքային գոտիների վրա: Աշխատանքներ են տարվել առկա ակտիվացած գոտիներում ապրող բնակիչների անվտանգության ապահովման եւ հասցված վնասների փոխհատուցման ուղղությամբ: 2007 թվականին Քարահունջի 8 ընտանիքներ պետբյուջեից հատկացված գումարով բնակարաններ են գնել եւ լքել իրենց վթարային տները»,- ասում է քաղաքաշինության վարչության պետը: Իսկ վերջին երկու տարիներին, ինչպես նշում է զրուցակիցս, կառավարությունը միջոցներ չի հատկացրել սողանքային գոտիներում ապրող բնակչության անվտանգության ապահովման նպատակով: Ինչպես Քարահունջի բնակիչներն են ասում, վերջին ժամանակներն առավել վտանգավոր է դարձել իրենց տներում ապրելը, ամեն օր մի նոր դեպք է լինում եւ բացի փրկարար ծառայություններին ահազանգելուց՝ ոչինչ չի մնում անել:

Իսկ մարզի տարածքում մոտ 100 անհատական տներ վթարային վիճակում են գտնվում, որոնք տարիների ընթացքում դարձել են 4-րդ աստիճանի վթարային, այդ տներում ապրելը վտանգավոր է բնակիչների համար եւ նրանք պետք է ազատեն դրանք: Սակայն այսօր նրանք այլ բնակվելու վայր չունենալու պատճառով՝ ստիպված շարունակում են այստեղ ապրել:

«Մենք ծրագիր ենք ներկայացրել քաղաքաշինության նախարարություն, որպեսզի ուսումնասիրություն իրականացվի Սյունիքում՝ անհատական այս տների տեխնիկական վիճակի վերաբերյալ: Կառավարությունը հայեցակարգ է մշակել, որպեսզի հանրապետությունում խնդիրը համապարփակ ուսումնասիրվի: Կարծում եմ, եկող տարի գումարներ կհատկացվեն նաեւ մեր մարզի որոշ համայնքներում նախնական ուսումնասիրություններ կատարելու նպատակով»,- հավելում է պարոն Ուստաբաշյանը:

Ի դեպ, սողանքի հետեւանքով վթարայնություն ձեռք բերած բազմաբնակարան շենքեր Սյունիքում չկան, միայն անհատական տներն են սողանքային գոտիներում գտնվում:

Ինչպես հավաստիացնում է Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, 2000 թվականի սկզբներին առկա մեծածավալ սողանքային երեւույթները վերջին տարիներին բարեբախտաբար հանդարտ վիճակում են գտնվում: «Կարծես թե տեղյակ են այսօր առկա ֆինանսա-տնտեսական ճգնաժամից»,- կես-կատակ, կես-լուրջ ասաց Արշակ Ուստաբաշյանը եւ հավելեց, որ շատ հաճախ սողանքային երեւույթների ակտիվացումը բնակիչների կողմից իրականացվող մերձակա այգիների եւ բանջարանոցների ոչ ճիշտ ոռոգման արդյունք է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել