Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը հաշմանդամ տղային մոր հետ վտարել է

Հունիս 11,2009 00:00

\"\"Կարինե Հարությունյանը 1978թ. ամուսնացել է Գեւորգ Թարվերդյանի հետ, բնակվել ամուսնու հայրական՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Մորենիկի փողոցի թիվ 8 տանը:

1983թ. ծնվել է նրանց որդին՝ Սուրենը: Նա մանկուց հաշմանդամ է եւ 9 տարեկանում զրկվելով հորից, մոր հետ բնակվել է վերոնշյալ տանը: «Առավոտին» Կ. Հարությունյանը պատմեց, որ 1991թ.՝ սկեսրայրի մահից հետո, նրա երկրորդ կինը՝ Վ. Մարտիրոսյանը (որը ժառանգ չունի) տան 1/2-րդ մասի նկատմամբ ընդունել է իր հասանելիք ժառանգությունը, սակայն Մասիսի նոտարական արխիվից անհետացել է թիվ 2-155 գործը:

Ըստ Կ. Հարությունյանի, հետագայում, մի շարք անօրինական գործարքներից հետո, անշարժ գույքն անցել է ամուսնու քրոջ աղջկա տնօրինությանը. «Ամուսնուս քույրը՝ Հ. Թարվերդյանը, ամուսնուս մահվան 40 օրը չլրացած, օգտվելով իմ հոգեկան վիճակից, վստահությունս չարաշահելով, օգտագործելով պահը, ինձնից կորզեց ստորագրություններ, ասելով, թե դրանք իբր պետք են տունը տղայիս անունով որպես նվեր ձեւակերպելու համար»: Հետագայում, երբ Կարինե Հարությունյանը պարզել է, որ հափշտակվել է ժառանգական գույքը եւ առուվաճառքի արդյունքում ձեւակերպվել Հ. Թարվերդյանի անունով, հորաքույրն արդարացել է, պատճառաբանելով, որ եղբորորդին անչափահաս է եղել, հետո կանի, սակայն նորից խաբելով նվիրել է ոչ թե եղբորորդուն, այլ՝ իր աղջկան:

Կ. Հարությունյանը դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Հ. Թարվերդյանի եւ նրա աղջկա՝ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Կ. Հարությունյանը՝ «անտեսելով իմ եւ միակ որդուս ժառանգ լինելու հանգամանքը, նաեւ իմ եւ որդուս 2-րդ կարգի հաշմանդամ լինելը, դատարանը անօրինական վճռով մեզ անվարձահատույց վտարեց մեր 30 տարվա տնից»:

Կ. Հարությունյանը հասել է մինչեւ վճռաբեկ դատարան, սակայն, ինչպես տուժողն է նշում. «Անարդարության շղթան մեր դատարաններում եւ իրավապահ մարմիններում շատ ամուր է: Տղայիս հարազատ հորաքույրն ու նրա աղջիկն ունեն բնակարան, շքեղ արտասահմանյան մեքենաներ, տղայիս հորաքույրը ղեկավարում է Արշակունյաց 2 հասցեում գտնվող «Սաֆարի» ստրիպ-ակումբը, իսկ ավելի վաղ ղեկավարում էր գլխավոր դատախազության դիմաց գտնվող նմանատիպ հաստատություն»:

2 տարի է, ինչ Կ. Հարությունյանն ու որդին՝ գլխից վիրահատված, մնացել են անօթեւան, ապրում են հարեւանների տանը: Տուժող Հարությունյանը համոզված է, որ եթե ժամանակին իրավապահների կողմից Հ. Թարվերդյանը աջակցություն չստանար, այսօր չէր դիմի այս խարդախություններին: «Հ. Թարվերդյանը ԱՄՆ-ից վերադառնալուց հետո խարդախ ճանապարհով ձեռք բերեց իր մտերիմ ընկերոջ՝ Ռոբերտ Գալստյանի («Գինեսի» ռեկորդակիր, որը ատամներով գնացք էր քաշում) բնակարանը: Վերջինս, այդ մասին իմանալով հարազատներից, վերադարձավ ԱՄՆ-ից եւ դիմեց Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարան, ընդդեմ նոտարի եւ Հ. Թարվերդյանի՝ կեղծ լիազորագրով առուվաճառք կազմակերպելու դեմ, սակայն իր շրջապատի շնորհիվ Հասմիկը կարողացավ շահել դատը»,- պատմեց Կ. Հարությունյանը:

Այս պահին Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում է գտնվում (դատավոր՝ Ելենա Քոչարյան) Կարինե Հարությունյանի հայցն ընդդեմ տալի աղջկա՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով, իսկ նույն մարզի Մասիս քաղաքի դատավոր Գեւորգ Բալյանի վարույթում է Սուրեն Թարվերդյանի փաստացի տիրապետման ժառանգությունն ընդունած՝ ժառանգ ճանաչելու պահանջի մասին հայցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել