Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆԱՐԱՐՔԻ ԳՈՐԾՈՎ

Հունիս 11,2009 00:00

Միակ ականատեսի վկայությունը

\"\"\"\"

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ Մնացական Մարտիրոսյան) շարունակվեց «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողների ընկերակցություն» կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ անցյալ տարվա նոյեմբերի 18-ի երեկոյան բռնարարք կատարելու գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ 19-ամյա ամբաստանյալ Կարեն Հարությունյանը իրեն մեղավոր չի ճանաչել: Երեկ վկայություն տվեց ոստիկանության ուսումնական կենտրոնի աշխատակից, դեպքի միակ ականատես Նորայր Ավետիսյանը: Նա միջազգային կարգի սպորտի վարպետ է, կարատեիստ, աշխարհի քառակի չեմպիոն: Վերջինս ասաց, որ երբ իր մեքենան կանգնեցրել է Բուզանդի փողոցի այգու դիմաց, այդ ժամանակ 50 մետր հեռավորության վրա հայհոյանքների ձայներ է լսել: Վազելով գնացել է ձայնի ուղղությամբ, տեսել, որ Էդիկը գետնին պառկած է: «Վազելով գնացի, ասում էի՝ ոստիկանության աշխատող եմ, սակայն ոչ մեկը ուշադրություն չդարձրեց»,- ասաց ոստիկանը, որը իր գազային ատրճանակի ոչ մարտական փամփուշտով օդ է կրակել: Նա ասաց, որ տեսել է 3 հոգու, որոնցից 2-ը ձեռքերով-ոտքերով հարվածում էին գետնին ընկած Էդիկին: Կարեն Հարությունյանի պաշտպան Վահագն Մանուկյանի հարցին, թե իր պաշտպանյալին քարով խփելիս տեսե՞լ եք, ոստիկանը ժխտեց: Հաջորդ հարցին՝ ոտքով հարվածելիս Կարենին տեսե՞լ եք, ոստիկանը պատասխանեց՝ ոչ: Հարցաքննության ժամանակ պարզվեց, որ ոստիկանը դպրոցական տարիներին անտարբեր չի եղել Կարենի քրոջ նկատմամբ եւ Կարենի այն ակնարկին, թե իր խոսելուց զգացվում է, որ թշնամություն ունի իրենց ընտանիքի նկատմամբ, դատավորը հորդորեց բացել փակագծերը: Պարզվեց, որ մոտ տասը տարի Կարենին նրանք չեն տեսել, ժամանակին եղել են հարեւաններ:

Ի դեպ, ոստիկանը նաեւ ասաց, որ երբ մեքենայով անցնում էր դեպի Բուզանդի փողոց, տեսել է, որ Կարեն Հարությունյանն անցնում էր, սակայն նախկին հարեւանը մեքենան չի կանգնեցրել եւ չի ողջունել նրան: Ապացույցների հետազոտման ժամանակ Կ. Հարությունյանի պաշտպանը բերեց մի շարք խախտումներ, որոնք, ըստ պաշտպանի, թույլ էր տվել նախաքննության մարմինը: Նա ասաց, որ դեպքի վայրի զննության ժամանակ ընթերականեր չեն եղել, ասաց, որ առանց որոշելու Է. Բաղդասարյանի մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը, հարուցվել է քրեական գործ: Նա ասաց, որ քրեական գործի համարը արձանագրված չի եղել այն արձանագրության մեջ, երբ Կենտրոնի քննչական բաժնի քննիչը նյութերի նախապատրաստման փուլում տուժող է ճանաչել Է. Բաղդասարյանին: Ըստ փաստաբանի, քրեական գործի նյութերի նախապատրաստման փուլում տուժող չի լինում: Փաստաբան Վ. Մանուկյանը նշեց, որ իր պաշտպանյալին որպես վկա կանչել են Կենտրոնի քննչական բաժին, սակայն հաջորդ օրը որպես մեղադրյալ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Է. Բաղդասարյանն իր ցուցմունքում ասել էր, որ փոխադարձ հարվածներ է հասցրել իր վրա հարձակված 3 անհայտ անձանց, որոնցից մեկին հարվածել է բջջային հեռախոսով: Սակայն Կ. Հարությունյանի մարմնի վրա մարմնական վնասվածքի ոչ մի հետք չի եղել: Ի դեպ, եթե ոստիկանը իր ցուցմունքում պնդել էր, որ Էդիկը մնացել էր գետնին ընկած ու ինքը վազել է հանցագործների հետեւից, Է. Բաղդասարյանը իր ցուցմունքում ասել էր. «Ես վեր կացա, վազեցի»: Հետեւաբար, ըստ պաշտպանի, հակասություն էր առաջացել ոչ միայն այս երկու ցուցմունքների միջեւ, այլեւ նախաքննական մարմինը չի ճշտել, թե ի վերջո ո՞ւմ հետեւից է վազել ոստիկանը: Այս ոստիկանը դեպքից 2 օր հետո է զեկուցագիր ներկայացրել իր վերադասին, այն դեպքում, երբ դա պարտավոր էր անել նույն օրը:

Երեկ այս հակասությունների մասին լսելով, զայրացավ նաեւ մեր գործընկերը՝ դժգոհություն հայտնելով: Նշենք, որ բռնարարքի ենթարկված Է. Բաղդասարյանի առողջական վիճակը դարձյալ մտահոգիչ էր, իսկ քարով գլխին հարված ստանալուց հետո նա տեսողական խնդիրներ ունի: Երեկ մեղադրողը միջնորդեց Կ. Հարությունյանին 5,5 տարվա ազատազրկման դատապարտել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել