Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ գյուղացիներից խլել են տարածքները եւ ձեւակերպել աներոջ, զոքանչի ու աներձագի անուններով:
Մինչ աշխարհի զարգացած երկրներում հսկայական միջոցներ են ծախսվում անտառների պահպանության եւ վերականգնման համար, Հայաստանում շարունակվում է կանաչ տարածքների անխնա ոչնչացումն ու յուրացումը: Հերթական ահազանգն «Առավոտը» ստացավ ՀՀ կանաչների միությունից եւ Արմավիրի մարզի Նորավան գյուղի բնակիչներից: Այցելելով Նորավան՝ պարզեցինք հետեւյալը. դեռեւս 1993թ. «Հայանտառ» ՓԲԸ «Արմավիրի տնկադաշտային անտառտնտեսություն» դուստր ՓԲԸ-ի եւ Նորավանի գյուղացիների միջեւ կնքված վարձակալության պայմանագրի համաձայն, 216 հա անտառածածկ տարածքը հանձնվել է վերջիններիս խնամքին: Հետագա 15 տարիների ընթացքում գյուղացիներն իրենց միջոցներով մելիորացրել են տարածքը, մուծել բոլոր հարկերն ու վարձավճարները: Սակայն 2005թ. գարնանը հայտնվել են ինչ-որ անհայտ մարդիկ եւ՝ այս ծառն իմն է, այս քարն իմն է ասելով՝ ստիպել գյուղացիներին հեռանալ իրենց տարածքներից: Պարզվել է, որ Արմավիրի մարզպետարանը, որը հանդիսանում է լուծարված «Արմավիրի տնկադաշտային անտառտնտեսության» իրավահաջորդը, մարզպետ Ալբերտ Հերոյանի ջանքերով կարողացել է հասնել նրան, որ ՀՀ կառավարության 13.04.06 N 716 որոշմամբ այդ հողատարածքների նպատակային նշանակությունը փոփոխվել է, ինչը, ըստ Կանաչների միության նախագահ Հ. Սանասարյանի, արվել է կոպտագույն խախտումներով, կեղծ փաստաթղթերի եւ կեղծ քարտեզագրման հիման վրա: Արդյունքում, անտառակը տեղափոխվել է համայնքային հաշվեկշիռ, սակայն ոչ թե Նորավանի համայնքի, որին կպած է, այլ կես կմ հեռավորության վրա գտնվող Արմավիր քաղաքի: Դրանից հետո մնացածն արդեն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր: Առանց իրազեկելու տարածքի վարձակալ գյուղացիներին, Արմավիրի մարզպետարանն անտառակը աճուրդով մաս-մաս վաճառել է: Եվ դա այն դեպքում, երբ գյուղացիների վարձակալական պայմանագրերի ժամկետը դեռեւս չէր լրացել: Գյուղացիների բոլոր բողոքներին ի պատասխան՝ մարզպետարանից հայտնել են, որ նրանց պայմանագրերը համարվում են առ ոչինչ, քանի որ չեն վավերացվել նոտարական կարգով եւ չեն ստացել պետական գրանցում: Նույն պատասխանն է տրվել նաեւ Արմավիրի առաջին ատյանի եւ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանների կողմից, որոնք այդպես էլ չեն փորձել պարզել, թե ինչպես ստացվեց, որ այն բոլոր տարիներին, երբ գյուղացիները բարեխղճորեն մշակում էին այդ տարածքը եւ մուծում բոլոր հարկերն ու վարձավճարները, նրանց պայմանագրերը համարվում էին վավեր: Իսկ եթե այդ պայմանագրերն անվավեր էին, ի՞նչ հիմունքներով էին պետական մարմինները գանձում գումարները:
Այս գործընթացից առավելապես տուժել է Նորավանի բնակիչ Սմբատ Ավագյանը, որը 1993-ից իր վարձակալած 5,5 հա տարածքի 4 հեկտարի վրա, ՀՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտի հետ կնքած պայմանագրի համաձայն, հիմնել է ամերիկյան եւ կանադական արագաճ բարդիների անտառատարածք: Նրա 15-ամյա քրտնաջան աշխատանքի արդյունքում աճել է հրաշալի անտառակ, որի վրա էլ տեղական պաշտոնյաները աչք են դրել՝ օգտվելով Ս. Ավագյանի իրավական ոչ բավարար տեղեկացվածությունից: Առանց վարձակալին տեղյակ պահելու՝ մարզպետարանի հայտարարած աճուրդում բարդիների այդ անտառակը հանվել է վաճառքի՝ որպես 5-րդ կարգի վարելահող՝ մեկ հեկտարն ընդամենը 114 հազար դրամով: Եվ անմիջապես էլ, հենց մեկնարկային գնով, այդ տարածքը գնել են Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի աներձագ Հովհաննես Լազարյանը եւ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի զոքանչը՝ Ռոզա Մկրտչյանը: Նա տիրացել է ոչ միայն Սմբատ Ավագյանի աճեցրած բարդիների անտառին, այլեւ դրան հարակից հացենու անտառակին եւ գյուղատնտեսական նշանակության հողերին՝ 39 հա ընդհանուր մակերեսով: Նորավանցիների ջանքերով աճեցված անտառակի գնորդների թվում են նաեւ նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանի եղբոր որդին՝ Տիգրան Հերոյանը (2,7 հա), Երեւանի նորընտիր ավագանի՝ ԲՀԿ ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող Մխիթար Մնացականյանը (5,8 հա), Մանվել Ղազարյանը (24 հա), Արմավիրի մարզպետարանի վարչությունների պետերն ու այլ մարզային պաշտոնյաներ: Հողատարածքի յուրացման ընթացքում մարզպետարանի աշխատակիցների ցինիզմն այնտեղ է հասել, որ մարզպետի ստորագրությամբ պաշտոնական գրության մեջ հայտարարվում է, թե. «Օտարվել են ոչ թե ծառապատված տարածքները, այլ վարելահողերը»: Ավելին, ըստ Ս. Ավագյանի, մարզպետարանի իրավաբանական վարչության պետ Յ. Մանվելյանն ու իրավաբան Ա. Դարբինյանը ցուցմունք են տվել առ այն, որ խնդրո առարկա տարածքում իրենք ոչ մի ծառ չեն տեսել:
Անտառակը յուրացնելուց կարճ ժամանակ անց, գնորդներից շատերը դրանք վերավաճառել են: Նորավանցի վարձակալներից Ժենյա Համբարջյանի խոսքերով՝ «Մեր հողերը կոպեկներով յուրացնելուց անմիջապես հետո, նրանք ամեն հեկտարը 2000 դոլարով վաճառել են: Ես գնացի Մխիթար Մնացականյանի բարեկամի՝ մարզպետարանի իրավաբան Ա. Դարբինյանի մոտ, խնդրելով, որ եթե Մնացականյանը վերավաճառում է՝ գոնե թող մեզ վաճառի մեզանից իսկ խլված 1 հեկտարը, սակայն ինձ ասացին, որ ծախում են ամբողջ 5 հեկտարը միասին՝ 10 հազար դոլարով»:
Որպես 5-րդ կարգի վարելահող օտարված տարածքի վաճառքի մասին հայտարարություն է տրվել նաեւ մամուլում, որտեղ հստակ նշված է՝ տարածքը պատված է բարդու ծառերով: Փաստորեն, երբ մարզպետարանի աշխատակիցները գնում էին այդ հողերը՝ դրանք վարելահողեր էին, իսկ արդեն վաճառելիս՝ բարդիների անտառ:
Ավելին, որպես վարելահող գնված Ս. Ավագյանի հողատարածքի նորահայտ տերերը փորձել են դատի տալ վերջինիս՝ իրենց վարելահողում չգիտես որտեղից հայտնված 15-ամյա բարդիները հատելու համար: Սակայն, հավանաբար, հասկանալով, որ այդպիսով բացահայտում են իրենց կողմից արված կեղծիքները, գործի հետագա ընթացքը կասեցրել են:
«Առավոտը» փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ Արմավիրի մարզպետարանից: Մեզ հետ զրույցում մարզպետարանի իրավաբանական վարչության պետ Յ. Մանվելյանը ողջ պատասխանատվությունը բարդեց «Հայանտառի» վրա, տեղեկացնելով նաեւ, որ այդ նույն աճուրդին մասնակցել է անտառտնտեսության այն ժամանակվա տնօրեն Վոլոդյա Շահվերդյանը, որը գնել է 3 հա տարածք: Դա, իհարկե, շահեկան բացատրություն է, քանի որ «Արմավիրի տնկադաշտային անտառտնտեսություն» դուստր ՓԲԸ-ն արդեն լուծարվել է, եւ քանի որ չկա հիմնարկ՝ չկա նաեւ պատասխանատու:
Անցած տարիների ընթացքում իրենց իրավունքները վերականգնելու՝ Նորավանի բնակիչների բոլոր ջանքերն անցել են ապարդյուն: Նրանց հայտերը մերժվել են թե առաջին, թե 2-րդ ատյանների դատարանների կողմից:
Նրանցից շատերն արդեն համակերպվել են՝ ասելով՝ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»: Նորավանցիների միակ հույսը հիմա լրատվամիջոցներն են. «Գոնե դուք մի բան արեք, որ այս անարդարության վերջը տրվի: Իմ 2 որդիները, որոնք 15 տարի շարունակ մշակել են այս ծառերը, հիմա ծառայում են բանակում՝ Ղարաբաղում, սահմանի վրա: Այս ինչ պետություն է, այս ինչ օրենք է, որ իմ զինվոր որդիների քրտինքն ու ապագան խլում ու տալիս է մեծահարուստ թալանչիներին»,- ասաց նորավանցի Ռուզաննա Հակոբյանը: