Արդեն մեկ ամիս է՝ ամեն օր, օրվա տարբեր ժամերին Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ազատության պողոտայի 2, 4 եւ 6 շենքերը հոսանքազրկվում են: Բնակիչների հավաստմամբ, սովորաբար հոսանքն անջատվում է առանց նախազգուշացման: Նրանց խոսքերով, հոսանքի անակնկալ անջատումների պատճառով իրենք տհաճ իրավիճակի մեջ են հայտնվում: Անգամ եղել են դեպքեր, երբ մարդիկ 1 ժամից ավելի մնացել են վերելակի մեջ՝ մինչեւ հոսանքի միանալը:
Այս առնչությամբ «Հայէլցանցերի» Հյուսիս մասնաճյուղի օպերատիվ ծառայության պետ Սերգեյ Կբիլյանն «Առավոտին» պարզաբանեց, որ Զեյթուն եւ Մոնումենտ թաղամասերը սպասարկող «Կիրզա» ենթակայանում մոտ 1-1,5 ամիս է՝ նոր սարքավորումներ են տեղադրվում, որի ժամանակ հոսանքը անջատում են. «Սակայն սա ժամանակավոր բնույթ է կրում: 1,5 ամսից նորից են նման աշխատանքներ տարվելու, մինչեւ այդ ենթակայանը կարգի գա: Բնակչությանն էլ անջատումների մասին նախապես տեղեկացվել է ԶԼՄ-ներով»: