Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրի արտաքին պարտքը կատաստրոֆիկ ձեւով աճում է

Հունիս 11,2009 00:00

\"\"Օրերս Հայաստանի արտաքին պարտքն անցավ $1,5 մլրդի սահմանագիծը, եւ մոտակա մի քանի տարիների ընթացքում, արտաքին առեւտրի հաշվեկշռի բացասական մնացորդի հետագա աճի դեպքում, այս ցուցանիշը կրիտիկական կարող է դառնալ երկրի տնտեսության համար: Այս կարծիքին է Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս, տնտեսագետ Աբել Աղանբեկյանը: «Արմինֆոյի» տեղեկացմամբ, ակադեմիկոսը նշել է, որ Հայաստանը սննդամթերքով ինքն իրեն ապահովում է 55%-ով, իսկ սննդամթերքի մնացած 45%-ը ներմուծվում է արտասահմանից, ինչը խոսում է երկրի գյուղատնտեսության ոլորտի ցածր արտադրողականության մասին:

Նրա խոսքերով. «Այժմ Հայաստանի պարտքերը կատաստրոֆիկ ձեւով աճում են եւ անհրաժեշտ է մտածել սննդամթերքի ներմուծման ծավալների կրճատման մասին` տեղական արտադրության աճի հաշվին»: Տնտեսագետը նշել է նաեւ, որ տաք եղանակների սովոր գյուղատնտեսական կուլտուրաների իրացման շուկա կարող է հանդիսանալ Ռուսաստանը, որտեղ այդ կուլտուրաները չեն աճում:

Ա. Աղանբեկյանը քննադատաբար է խոսել իշխանությունների վարած արժութային քաղաքականության մասին: Ըստ ակադեմիկոսի, «եթե դրամը այս մակարդակի վրա պահեք, ապա ներմուծումը ամեն ինչին կխփի եւ Հայաստանում որեւէ բան արտադրելը ձեռնտու չի լինի: Հարկավոր է պաշտպանել երկրի տնտեսությունը: Դա ողջ տնտեսության արդյունավետության հարցն է, այլ ոչ թե միայն գյուղատնտեսության»: Ակադեմիկոսն առաջարկել է հաստատել գործողությունների կարճաժամկետ, նպատակային պլան: Այնուհետեւ, գյուղական տնտեսությունների միավորում, քանի որ իրարից բաժան-բաժան եղած 1700 փոքր հողակտորները խանգարում են գյուղատնտեսության մեջ ժամանակակից մեթոդների ներդրմանը:

Ա. Աղանբեկյանի կարծիքով, անհրաժեշտ է ստեղծել նաեւ ագրոարդյունաբերական կոմպլեքսներ, որոնք կապահովեն գործողությունների ամբողջ շղթան`արտադրողից մինչեւ իրացում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել