Լրահոս
Օրվա լրահոսը

Հրահանգել է վճարել միայն պլաստիկ քարտերով

Հունիս 11,2009 00:00

Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը մի քանի օր առաջ «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրել էր, որ մասսայաբար ՀԱԿ-ի գրասենյակ են դիմում մարդիկ, որոնք տեղեկացնում են, որ այս կամ այն հիմնարկում աշխատավարձերը չեն վճարում: Ըստ Հ. Բագրատյանի, այդ մարդիկ իրենց տեղեկացրել են, որ ամեն ամիս ստորագրում են փաստաթղթի տակ՝ իբր ստացել են աշխատավարձը, բայց իրականում ոչ մի կոպեկ չեն ստանում:

Պարոն Բագրատյանն ասաց նաեւ, որ դժգոհությունները հիմնականում առնչվում են առողջապահության եւ կրթության ոլորտներին: «Առավոտը» փորձեց առողջապահության եւ կրթության ու գիտության նախարարություններից ճշտել, թե իսկապե՞ս այդ ոլորտներում աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ կան: Առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գեւորգյանն այս առնչությամբ պարզաբանեց. «Նախարարության ենթակայությամբ գործում են միայն 10 հիվանդանոցներ, մյուսները ունեն սեփականատերեր եւ մեզ չեն ենթարկվում: Չնայած դրան, այդ բոլոր հիվանդանոցներում պետպատվերը հրահանգում է նախարարությունը, հետեւապես այդ մասով իրականացվում է վերահսկողություն: Նախարարը այդ բոլոր հիվանդանոցների ղեկավարներին հրահանգել է աշխատակիցների աշխատավարձերը տրամադրել պլաստիկ քարտերով, որպեսզի նման խնդիրներ չառաջանան: Որից հետո նախարարության կողմից պարբերաբար վերահսկվել է նախարարի հրահանգի կատարման ընթացքը»: Ինչ վերաբերում է նախարարության աշխատակիցների աշխատավարձերին, ապա, ըստ Ռ. Գեւորգյանի, «իրենց մոտ նման խնդիր ընդհանրապես չկա, քանի որ բոլորը ստանում են պլաստիկ քարտերով եւ ճիշտ ժամանակին»:

Հարցի առնչությամբ կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանն «Առավոտին» տեղեկացրեց. «Մեր նախարարության ենթակայության տակ գտնվող այն բոլոր դպրոցներում, որոնց ֆինանսավորումը անցնում է մեր նախարարությունով, ուսուցիչների աշխատավարձերի ստացման հետ կապված՝ ոչ մի խնդիր չկա: Մյուս մարզերում եւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներում՝ դարձյալ վստահ ենք, որ որեւէ խնդիր չկա, որովհետեւ եթե նման բան լիներ, այդ մասին ուսուցիչները գոնե մեզ տեղյակ կպահեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել