Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏԱՇԽԱՏՈՂԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ՄՂԵԼ ԲԻԶՆԵՍԻՑ

Հունիս 11,2009 00:00

Երկրաբանները ահազանգում են, որ Ալավերդիում, լալվարիտի հանքի սխալ շահագործման հետեւանքով, քաղաքին վտանգ է սպառնում:

Մեր երկրի ընդերքը խորհրդային կարգերի փլուզումից հետո, այսպես ասած, մաս-մաս է արվել եւ ով ինչպես կարողացել՝ հանքերը շահագործել է՝ առանց հատուկ թույլտվության եւ անվտանգության կանոնները պահպանելու: Հանքարդյունաբերությունը բավականին եկամտաբեր բիզնես է, եւ ոլորտի պատասխանատուները, անշուշտ, պատահական մեկին հանք շահագործելու լիցենզիա չեն տա:

Օրերս «Առավոտին» էին դիմել Ալավերդու մի խումբ բնակիչներ ու նաեւ երկրաբաններ, որոնք ահազանգում են Լոռու մարզի Ալավերդի քաղաքի հարեւանությամբ գտնվող լալվարիտ քարի հանքի, ինչպես իրենք են նշում՝ «գիշատիչ» ձեւով շահագործման մասին: Հանքը շահագործվում է պայթեցման եղանակով, ինչն այս պարագայում անթույլատրելի է, քանի որ, բացի այն, որ վնասվում է հումքը, շրջակա միջավայրը բնապահպանական լուրջ վնասներ է կրում: «Պայթեցման եղանակով հանքաքարը հանելը մոտ 80%-ով ավելացնում է արտանետումները: Բացի այդ, փոխանակ հանքը վերեւից շերտ առ շերտ հանեն, հանքի տակից մտել են, փորում են, պայթեցնում ու հանում են քարը: Աշխարհի նույնիսկ ամենահետամնաց երկրներում այդպես չեն աշխատում»,- նշում են «Առավոտին» դիմած երկրաբանները: Նրանց մտահոգում է նաեւ այն, որ «նման բարբարոսական մեթոդներով ստացվող քարը արտահանվում է Ադրբեջան, մինչդեռ հնարավոր էր տեղում արտադրություն կազմակերպել ու աշխատատեղեր բացել»:

Այն, որ լալվարիտ քարի բացառիկ հանքը անբարեխղճորեն շահագործվում եւ թալանվում է, հաստատում են նաեւ մասնագետները: «Առավոտի» հետ զրույցում ԳԱԱ երկրաբանական ինստիտուտի ավագ գիտաշխատող Հենրիկ Միրզոյանը, որը նաեւ այս հանքի հայտնաբերողն է, նշեց, որ եթե ժամանակին հանքում հաշվարկվել էր մոտ 100 տարվա պաշար, այժմ, սխալ շահագործման պատճառով, ընդամենը մի քանի տարի հետո հանքավայրը կսպառվի. «Պետք է լուրջ մոտենալ այս խնդրին եւ մասնագիտորեն շահագործել: Եթե պայթեցման եղանակով են հանում, քարը փշրվում է եւ այլեւս մեծ բլոկ հնարավոր չէ հանել: Ամբողջը հոծ մարմիններ են եղել, եթե առաջ կարելի էր այդ տարածքից հանել հանքաքարի մոտ 70%-ը, այժմ հանում են 10%-ը»:

Նշենք, որ այս քարատեսակը օգտագործվում է շինարարության մեջ, նաեւ գերեզմանաքարերի համար: Լալվարիտի մշակման արտադրամասում էլ դժգոհում են, որ հենց սկսում են սղոցել՝ քարը ճաքում է. «Ահագին քանակությամբ քար ենք գնում, եթե մի բլոկից պետք է մի քանի սալիկ ստանանք, ընդամենը 1-2-ն ենք ստանում»: Սրա պատճառը, ըստ մասնագետների, այն է, որ պայթեցումով հանքը հանելու դեպքում քարի մեջ միկրոճաքեր են առաջանում եւ երբ բլոկը փորձում են սղոցել՝ ճաքերը բացվում են:

Ինչ վերաբերում է հանքի սխալ շահագործման հետեւանքով առաջացած էկոլոգիական վնասներին, պարոն Միրզոյանն ասաց. «Չեն էլ պատկերացնում, թե ինչ կարող է կատարվել: Լանջն ու հանքի շերտը նույն ուղղությամբ են ու տարբեր անկյան տակ, եւ քանի որ տակից են սկսել շահագործումը, հնարավոր է, որ մի օր մակերեսային ջրերը մտնեն ու հանքը մինչեւ Ալավերդի սողա, իսկ եթե սողանք սկսվի՝ Ալավերդին կվերանա: Անգամ պիոները գիտի, որ հանքը վերեւից է պետք բացել: Իսկ իրենք տակից մտել են ու քրքրում են այն»:

Դեռեւս 90-ականներից երկրաբանները դիմել են տարբեր ատյաններ, որպեսզի ապօրինություններին եւ հանքի վնասելուն վերջ դրվի, բայց հարցն այդպես էլ չի լուծվել. «Ում ասես, որ չենք դիմել, էլ վարչապետ, էլ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարին, էլ բնապահպանության նախարարություն: Ամեն մեկն իրենց հերթին խոստանում են հարցը լուծել, բայց երբ պատասխան ենք պահանջում, ասում են՝ ամեն ինչ նորմալ է, դեռ մի բան էլ երկրաբաններին են մեղադրում»: Այս ամենից հետո պարոն Միրզոյանը, ինչպես ինքն է ասում, արդեն չգիտի, թե ում դիմի եւ ինչպես պայքարի. «Ամբողջ համակարգը կոռումպացված է: Իբր զբաղվում են այդ հարցով, գնում են իրենց բաժինը ստանում են ու լռում»:

Նշենք, որ, ըստ «Ընդերքի մասին օրենքի», հանքի շահագործման առաջնային իրավունքը պատկանում է այն հայտնաբերողին, տվյալ դեպքում՝ Հ. Միրզոյանին: Այդ իրավունքը ոչ միան նրան չի տրվել, այլ որոշ ժամանակ անց օրենքի համապատասխան կետը փոփոխության է ենթարկվել եւ գիտաշխատողը զրկվել է նաեւ իր իրավունքը օրենսդրական ճանապարհով պաշտպանելու հնարավորությունից:

Մեր տեղեկություններով, լալվարիտի հանքը ի սկզբանե պատկանել է բնապահպանության նախկին փոխնախարար Կորյուն Հակոբյանին եւ տարածքային կառավարման նախկին նախարար Խոսրով Հարությունյանին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել