Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստահավաքի անդամները պիտի հրապարակեն նյութերը

Հունիս 11,2009 00:00

Պնդում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը

Երեկ «Դե ֆակտո» ակումբում գնահատելով փաստահավաք խումբը լուծարելու վերաբերյալ ՀՀ նախագահի կարգադրությունը՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասաց. «Ցավոք, դրա լուծարումը, այն էլ առանց որեւէ ձեւակերպումների՝ վերադարձնում է հասարակությանն անվստահության մի մակարդակի, որն անկախ նրանից՝ ո՜վ դա արեց, ինչպե՜ս արեց՝ բոլորովին չի աշխատում Հայաստանն իրավական պետություն դարձնելու օգտին: Ես դա համարում եմ խոշորագույն շանսի բացթողում»: Նա ապացուցված համարեց, որ խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանը եւ Սեդա Սաֆարյանը մասնագիտորեն են կատարել իրենց աշխատանքը՝ մինչեւ Վահե Ստեփանյանի արձակուրդ գնալը: Եվ ըստ նրա՝ նրանք գործել են հակառակ սպասելիքների, թե այն կդառնա «հերթական իմիտացիոն» մի խումբ:

Անդրադառնալով պատճառին, թե ինչու դադարեցվեց խմբի գործունեությունը՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Կարծում եմ, նրանց արդեն իսկ առաջին միջանկյալ փաստաթուղթը, ինչքան որ բոլորս տեղեկացանք՝ բոլորովին դուր չէր եկել այն պետական մարմիններին, որոնց հանդեպ անվստահություն էր հայտնվել ժամանակին: Այսինքն, ինքը՝ պետական մեքենան թույլ չտվեց, որ մեկ այլ մարմին գա եւ ուղղի այն, ինչ որ թվում էր անուղղելի: Եվ այս առումով, կարծում եմ, որ ցավոք՝ գործող նախագահը կաշկանդված մնաց նախկին նախագահի պարտադրած ինչ-ինչ սահմաններով ու շրջանակներով»: Մանրամասնեց՝ «Գործող իշխանությունը չի ուզում վատություն անել անցած իշխանությանը»: «Լրագրի» հարցին, թե 7 ամիս շարունակ ուզո՞ւմ էին, իսկ այժմ՝ ո՞չ, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, հույս էին դրել երկու գործոնի վրա: Մեկը, որ ժամանակ կանցնի, հասարակության հետաքրքրությունը կմարի, կլինեն ընտրություններ, դրանք կբերեն իրենց հետ նոր կա՛մ սենսացիաներ, կա՛մ խնդիրներ, կա՛մ կփոփոխվի քաղաքական դաշտը, կստեղծվի անլուրջ եւ բացասական վերաբերմունք ընդդիմադիրների հանդեպ, եւ այդ բանը կմարսվի հասարակության կողմից: Եվ երկրորդը. կար երեւի ինչ-որ հույս, որ ինքը՝ խումբը, լինելով 2+2+1 բանաձեւով, չի կարողանա գալ որեւէ ընդհանուր եզրակացության: Այնինչ դա տեղի ունեցավ»:

Պատասխանելով «ՀԱ» դիտարկմանը, թե խումբը լուծարվեց, քանի որ մամուլում հայտնվեց մի փաստաթուղթ, որը չպետք է հայտնվեր՝ տիկին Ալավերդյանը նախ ասաց, թե այն ամենեւին սենսացիա չէր պարունակում: Եվ բացի այդ՝ «թող հետեւողական լինեին ու մինչեւ վերջ պարզեին, թե ով է այդ նյութերը տարածել»: Ըստ նրա՝ «հնարավոր է, որ դա արվել է հեռահար նպատակով, չարամտությամբ: Բայց ես հստակ պետք է ասեմ, որ առնվազն Քոչարյանը ու Սաֆարյանը չեն, որ շահագրգռված էին դրանում»:

«Ժառանգության» գործիչներն ավելի վաղ տեսակետ էին հայտնել, որ խմբի լուծարման դեպքում պիտի հրապարակվեն մինչ այժմ պատրաստված նյութերը: Հարցին, թե այս մտադրությունն ուժի մե՞ջ է՝ Լարիսա Ալավերդյանը պատասխանեց դրական՝ պնդելով, թե փաստահավաք խմբի անդամները դա անելու պատասխանատվություն ունեն հասարակության առջեւ. «Այսինքն՝ դա ոչ թե գաղտնիքի հրապարակում է, այլ իրենց պարտականությունը եւ հասարակական պահանջին ընդառաջ գնալ: Եվ այդ պատճառով ենք գտնում, որ ճիշտը այս նյութերի հրապարակումն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել