Վերլուծելով Երեւանի ավագանու ընտրությունները՝ ասում է ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը
– Հետընտրական շրջանում իշխանական ճամբարում տարբեր մեկնաբանություններ տրվեցին, պատճառահետեւանքային կապեր մատնացույց արվեցին՝ ի ցույց դնելու Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի պարտությունը: Դուք եզրահանգումներ արե՞լ եք, ի՞նչն էր ՀԱԿ-ի անհաջողության պատճառը:
– Հայ ազգային կոնգրեսը չի պարտվել: Պարտվում են պայքարում, որտեղ կա քաղաքական բեմ, իսկ մայիսի 31-ին Երեւանի ավագանու «ընտրությունները» ընտրություններ չէին, չկային խաղի կանոններ, եւ արձանագրել, որ ՀԱԿ-ն այսքան ձայն է հավաքել, ուստիեւ պարտվել է՝ սխալ է:
– Իսկ ինչո՞ւ Կոնգրեսն ավելի մեծ հաջողությունների չկարողացավ հասնել:
– Իհարկե, մենք կարող էինք մեկամսյա նախընտրական պայքարը Երեւանում տանել ավելի ագրեսիվ, մենք գիտեինք, թե ինչ պետք էր անել, որպեսզի Երեւան քաղաքը եռար, բայց դրա արդյունքում այս իշխանություններին «հունիսի 1» կնվիրեինք: Այդ ամենը լավ գիտակցելով՝ Կոնգրեսը չգնաց այդ ճանապարհով, այլ ավելի հանդարտ եւ պրագմատիկ նախընտրական պայքար տարանք: Դա երկու պատճառ ուներ. ՀԱԿ-ի համար պետությունը եւ ժողովուրդը շատ ավելի կարեւոր արժեք են, քան ինչ-որ ընտրություններում ինչ-որ հաղթանակ տանելը: Մի բան, որը ՀՀԿ-ի մոտեցումներում չկա. ամեն գնով վերցնել Երեւան քաղաքի իշխանությունը եւ այս երկրում միակ կիսալեգիտիմ մնացած քաղաքական կառույցը վերածել այլանդակ, ոչ լեգիտիմ կառույցի ու դրանով փակել պետական խայտառակության ողջ շղթան՝ նախագահական ինստիտուտ, ԱԺ, հիմա էլ՝ տեղական ինքնակառավարման համակարգ:
Նաեւ՝ իմ պատկերացմամբ, այս ընտրություններն այն առիթն էին իշխանությունների համար, որպեսզի երկրում ավելի կայուն ներքաղաքական վիճակի սկիզբը դնեին: Գոնե ես համոզված էի, որ այս իշխանությունն այդքան բանականություն կունենա եւ Երեւան քաղաքի ընտրություններով խաղի նոր կանոնների սկիզբ կդնի քաղաքական դաշտում: Դա նախեւառաջ իրենց էր պետք՝ որպես իշխանություն, ապա նաեւ՝ պետությանն ու ժողովրդին: Այն արտաքին մարտահրավերները, որոնք առկա են՝ ԼՂՀ հարց, հայ-թուրքական հարաբերություններ, Հայաստանն իր դերն ու նշանակությունը մեծ եւ փոքր տարածաշրջանում պետք է փոխի: Նորմալ ընտրությունների պարագայում մեր պետության կշիռը քիչ թե շատ կավելանար, եւ այդ մարտահրավերներին շատ ավելի հեշտ կլիներ դիմակայել, բայց… Այս ընտրություններն այս իշխանության եւ անձամբ Սերժ Սարգսյանի քաղաքական իմիջի շատ կարեւոր հանգուցալուծումն էին: Մեկ տարուց ավելի նրա ասած բոլոր խոսքերը՝ հինը մոռանալու եւ նոր էջից ամեն ինչ սկսելու մասին, ընդամենը խոսքեր էին, նա պատրաստ չէ դա անելու: Կամ էլ՝ շրջապատը թույլ չի տալիս: Բայց ես հակված եմ առաջին տարբերակին: Ամեն դեպքում, եղավ այն՝ ինչ եղավ: Այս ընտրությունները մեր անցած բոլոր ընտրություններից ամենախայտառակն էին: Ավելի, քան անցած նախագահականն էր: Այստեղ է, որ ՀԱԿ-ը շատ լուրջ քաղաքացիական կեցվածք դրսեւորեց: Ժողովրդին նորից փորձության տանելն անիմաստ էր: Ի վերջո, այն, ինչի համար պայքարում է ՀԱԿ-ը, դա պայքար չէ իշխանության կամ աթոռների համար, այլ՝ սահմանադրական կարգի, ժողովրդավարության վերահաստատման, նոր, առողջ երկիր ստեղծելու: Այս ամենն ընդամենը ժամանակի խնդիր է: Իսկ գրված թվերը չեն խոսում այն մասին, որ այս ընտրություններում հասարակությունը մեզ չվստահեց: Գոնե այս ընտրություններում մարդիկ հենց ՀԱԿ-ին են վստահել. 10 մարդուց 9-ը փոփոխություն են ուզում, հոգնել են այս իշխանությունից, այս կերպարներից:
– Այս ամենով հանդերձ՝ չե՞ք կարծում, որ մարտավարական փոփոխություններ են անհրաժեշտ: Ինչքան էլ մարդիկ փոփոխություն ուզեն, բայց այս ընտրությունները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ այս իշխանության դեմ այդ մեթոդով պայքարելն անիմաստ է:
– Երբ պայքարում ես սահմանադրական կարգի, ժողովրդավարության, օրենքի գերակայության համար, պետք չէ, որ այլ ճանապարհով գնաս: Չարությունը ծնում է չարություն, ուժը ծնում է հակաուժ: Այս առումով Կոնգրեսի մարտավարությունը ճիշտ է:
– Բայց հասարակությունն էլ շուտափույթ փոփոխություններ է ակնկալում, մտավախություն չկա՞, որ այս ճանապարհին համակիրներին կկորցնենք:
– Ոչ, նման մտավախություն չկա: Կյանքը ցույց տվեց, որ այս իշխանությունը չի կարող որեւէ դրական բան անել՝ հասարակության գոնե շատ փոքր տոկոսի համակրանքը շահելու համար: Այո, մարդիկ արագ են փոփոխություններ ուզում, բայց պետք է հասկանան, որ Կոնգրեսի որդեգրած մարտավարությունը խարսխված է համամարդկային արժեքների վրա, եւ եթե դու ցանկանում ես ժողովրդին լուրջ, ֆունդամենտալ փոփոխությունների պատրաստել, ժողովուրդն էլ իր ներքին էությամբ պիտի ֆունդամենտալ փոփոխությունների պատրաստ լինի: Մեկ կրակոցով իշխանություն փոխվում է, բայց հասարակությունը դրանից չի փոխվում. անցնում է մեկ-երկու տարի, ժողովուրդը նոր կրակոց է ուզում: Այս ճանապարհը պիտի անցնենք, ինչքան էլ այն ծանր լինի, որպես ազգ՝ մենք մեր պետության, պետականության, բարոյական արժեքների համար պետք է պատասխանատվություն զգանք:
– Ինչպե՞ս եք վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին՝ «Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ նոր դաշինքի ձեւավորմանը:
– Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք իրականում պատրաստ են պայքարելու, այս ամենի դեմ դուրս գալու, ոչ թե՝ կիսատ-պռատ, խաղերով, իշխանությունների հետ սիլի-բիլի անելով, իհարկե, պատրաստ ենք համագործակցելու: Մենք ամբիցիաներ չունենք, կարող ենք լինել բոլորից մեկը, այնպես չէ, որ՝ մենք ենք ու վերջ: Ի վերջո, այս պայքարը գոյատեւման, Հայոց պետականության լինել-չլինելու պայքար է: Թող բարձրագոչ չհնչի, բայց այդպես է: Եթե անգամ տեսականում վերցնենք, որ Հայաստանը արտաքին ոչ մի մարտահրավեր էլ չունի, միեւնույն է՝ ներսում շատ արագ այլասերվում են: Այս իշխանությունն անհանդուրժող է դարձել բոլորի նկատմամբ, մինչեւ անգամ յուրային ԲՀԿ-ի: Հայաստանն իր տնտեսական, քաղաքական ծավալով այնքան փոքր է, այս իշխանավորները չեն ցանկանում ուրիշների հետ ինչ-որ բան կիսել, անգամ թաղապետի պաշտոնը:
– Ամսի 12-ին կայանալիք հանրահավաքից սպասելիքներ ունե՞ք:
– Նախագահը կներկայացնի նոր մարտավարություն, բայց դա կլինի այն համակարգային, համամարդկային արժեքների սահմաններում, որը ՀԱԿ-ը որդեգրել է: Բայց մեր անցնելիք ճանապարհը, հավատացնում եմ, երկար չէ: Մենք հասել ենք քաղաքական գործընթացների ավարտական փուլին: