Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԲԱՅՑ՝ ՈՒՐԻՇ

Հունիս 11,2009 00:00

Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության հարցերի կայացման հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, երեկ «Հայացք» ակումբում անդրադառնալով խորհրդի՝ նախագահին համաներման մասին առաջարկ ներկայացնելու որոշմանը, մանրամասնեց, որ այն կարող է կիրառվել մի քանի տարբերակով՝ պատժից լրիվ ազատում, պատժաչափի թեթեւացում, պատժի տեսակի փոփոխություն։ Ինչ վերաբերում է մարտի 1-2-ի գործով ձերբակալվածներին, ըստ Հ. Հովհաննիսյանի, հնարավոր է՝ համաներումը միայն նրանց մի մասի վրա տարածվի. «Օրինակ, մարդու մահվան, սպանության հանգեցրած հանցագործության պատճառ կամ կատարող դարձած մարդկանց վրա, իհարկե, չպետք է տարածել։ Բայց այն անչափահասը, որը, օրինակ, մասնակցել է այդ միտինգին եւ մի քիչ էլ ոգեւորված իր էմոցիոնալ զեղումներից՝ անցել է թույլատրելիության սահմանները ու կոտրել է պատուհանի ապակի, կարծում եմ, այս երկու հանցագործությունները նույն հարթության վրա չպետք է դիտարկել։ Բնական է, որ մի մասի վրա կտարածվի համաներումը, մյուս մասի վրա՝ ոչ։ Եվ չեմ կարծում, թե դա լարվածության առիթ կհանդիսանա։ Ընդհակառակը, կարող է լարվածության առիթ դառնալ այն, որ ծանր հանցագործությունների վրա եւս տարածելով՝ մենք հասարակության շրջանում լրիվ հակառակ պատկերը ստեղծենք համաներման մասին ու ամենաթողության, քրեածին միջավայրի խթանման առիթ կարող ենք տալ»: Ի դեպ, խորհրդի ներկայացրած առաջարկում համաներումը պետք է տարածվի սոցիալապես անապահով խավերի, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նպատակով իրականացված մարտական գործողությունների մասնակիցների, հայրենիքի առջեւ նշանակալից ծառայություններ ունեցող, նախկինում դիտավորյալ եւ առանձնապես վտանգավոր հանցագործություններ չկատարած եւ ոչ ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ։ Եվ հակառակը՝ համաներումը չտարածել նախկինում համաներման արժանացած, սակայն հետագայում կրկին դիտավորյալ հանցագործություններ կատարած, առանձնապես ծանր հանցագործություններ կատարած, հանրապետական, տարածքային ու տեղական ընտրական գործընթացներին վերաբերող հանցագործություններ կատարած անձանց վրա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել