Լրահոս
Օրվա լրահոսը

Իրե՞նք են ուզում ներդաշնակ լինել

Հունիս 11,2009 00:00

\"\"ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ գործարար անկախ պատգամավորները իրենք են ուզում ներդաշնակ լինել Հանրապետական խմբակցությանը:

– Ըստ որոշ տեղեկությունների, Հանրապետական խմբակցությունը դիմումի ձեւ է բաժանել անկախ գործարար պատգամավորներին՝ պահանջելով կամ խնդրելով, որ վերջիններս ստորագրեն այդ դիմումը, որը փաստելու է, որ տվյալ գործարար պատգամավորներն այսուհետ «ներդաշնակ» են լինելու ՀՀԿ խմբակցության հետ: Դուք կարծես չեք հերքել այս լուրերը:

– Իրականությունն այն է, որ որոշ անկախ պատգամավորներ ցանկություն ունեն համագործակցել Հանրապետական խմբակցության հետ: Դա նորմալ է, եւ երբ ամեն ինչ վերջնական կլինի, պաշտոնապես կիմանաք այդ մասին: Այլ բան չեմ էլ կարող ասել, եւ չեն համապատասխանում իրականությանը այն լուրերը, որ մենք մարդկանցից պահանջում ենք ինչ-որ բան կամ՝ խնդրում ենք: Նման բան չկա: Խորհրդարանը քաղաքական մարմին է, եւ միշտ էլ անհրաժեշտություն է լինում այս կամ այն խնդիրների շուրջ համագործակցել: Կան պատգամավորներ, որոնք ուզում են ավելի խորացնել իրենց համագործակցությունը ՀՀԿ խմբակցության հետ, եւ դա իրենց նախաձեռնությունն է:

– Մեր տեղեկություններով՝ դա ոչ թե իրենց, այլ ձեր խմբակցության նախաձեռնությունն է եւ կապված է քաղաքական ինչ-ինչ հնարավոր վերադասավորումների հետ:

– Ի՞նչ վերադասավորումների մասին է խոսքը: Հանրապետականը շատ լուրջ թիմ ունի Ազգային ժողովում, ամենաազդեցիկ ուժն է խորհրդարանում, եւ որեւէ վերադասավորման կարիքը չունենք:

– ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում իրենք ստիպված էին պայքարել «ամբողջ պետական լծակների դեմ», փաստորեն, կոալիցիայի անդամներից մեկը մյուսին մեղադրում է պետական լծակները օգտագործելու մեջ, այս մեղադրանքը ուղղակի Հանրապետականին է վերաբերում:

– Ընտրությունը քաղաքական գործընթաց է եւ մրցակցություն: Ցանկացած քաղաքական ուժ՝ լինի կոալիցիայի անդամ, ընդդիմության, թե իշխանության մաս, իրականացնում է իր նախընտրական քարոզարշավն այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում՝ ելնելով իր ծրագրային դրույթներից: Կոնկրետ, պարոն Ծառուկյանի իրավունքն է արտահայտել իր սեփական կարծիքը: Մենք հարգանքով ենք վերաբերվում ցանկացած քաղաքական գործչի, այդ թվում՝ պարոն Ծառուկյանի արտահայտած մտքերին: Մեր քաղաքական կուսակցության գնահատականը շատ պարզ է: Մեր կուսակցության եւ երկրի նախագահը դեռ հունիսի 1-ին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ հստակ նշվեց, որ Երեւանի ավագանու ընտրությունները քայլ առաջ էին եւ համապատասխանում էին եվրոպական չափանիշներին, ինչպես նաեւ մեր երկրի ստանձնած պարտավորություններին: Մենք ընտրական պրոցեսում առկա խնդիրների մեծ մասը լուծել ենք, բայց մի մասը դեռ մնում է, եւ դրա մասին են վկայում այն ընտրախախտումները, որոնք տեղի ունեցան որոշ տեղամասերում: Բայց, ի տարբերություն որոշ քաղաքական գործիչների, ՀՀ նախագահը հստակ ասաց, որ մի քանի մարդու շահ չի կարող վեր դասվել պետության շահից: Ինչպես գիտեք, ընտրակեղծիքներ կատարողները ձերբակալված են, մեղադրանքը՝ ներկայացված, իսկ դա նշանակում է, որ մենք արջի ծառայության կարիք չունենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել