Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱ Ե՛Վ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ, Ե՛Վ ԱՓՍՈՍԱՆՔ, Ե՛Վ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Հունիս 11,2009 00:00

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսպես է բնութագրում հետընտրական տրամադրությունները «Օրինաց երկրում»:

– Ինչպե՞ս եք գնահատում Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքը եւ արդյունքները, կարծես չէիք սպասում այսպիսի վախճանի, ասում էիք, որ ՕԵԿ-ը միշտ էլ հաղթել է եւ այժմ էլ կհաղթի, ուրեմն ինչո՞ւ այսպես եղավ:

– Ընտրություններն ընդհանուր առմամբ անցան հանդարտ մթնոլորտում, չնայած մի քանի գնահատականներ հնչեցնելու անհրաժեշտություն իրոք կա: Այս ընտրությունները հիմնավորապես ապացուցեցին, որ մեր հասարակության հիմնական մասը առաջնորդվում է հինգ կարգախոսներով՝ փող, իշխանություն, վախ, ատելություն եւ անտարբերություն: Փողով քվեարկածների թիվը գերազանցում է բոլոր ցուցանիշները: Առաջ եկավ նաեւ նոր գործոն՝ վախը. այն է՝ ծեծը, սափրագլուխները, ռազբորկաները նախընտրական շրջանում ցույց տվեցին, որ զինված խմբավորումների եւ ջիպերի շքերթով մայրաքաղաքում պտտվելը ընտրություններում հաղթելու համար կարեւոր է: Երրորդ մասը չինովնիկական դասն էր, որ իր պաշտոնները կորցնելու վախը հոգում՝ գնաց ամեն ինչի: Չորրորդը ատելությունն էր, որ դրսեւորվեց արմատական ընդդիմության կողմից՝ թե՛ նախընտրական շրջանում եւ թե՛ դրանից հետո: Այսինքն՝ մեր ժողովրդի մի հատվածը քվեարկեց ոչ թե բարեփոխումների, այլ ատելության օգտին: Հինգերորդն անտարբերությունն էր, որ դրսեւորվեց երեւանցիների կողմից մայրաքաղաքի ՏԻՄ ընտրություններում, ինչը, բնականաբար, անմիջականորեն կապված էր վերը թվարկած գործոնների հետ: Մեկ անգամ եւս ականատես եղանք, որ փողը, վախը եւ ատելությունը ժողովրդի մեջ ծնում են հիասթափություն ու հուսալքություն, ինչի արդյունքում շուրջ 160 հազար երեւանցիներ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, չմասնակցեցին քվեարկությանը: Եվ մի ոչ պակաս կարեւոր գործոն եւս՝ մի քանի տեղամասերում կատարվեց այլանդակություն, որը դրսեւորվեց օրենքի եւ պետության վրա թքած ունեցած մի քանի մարդկանց կողմից, ովքեր լցոնումներով, ՍՊԸ-ի կնիքներով տվեցին ու անցան չափ ու սահմանը: Այս ամենի մեջ միակ մխիթարությունը թերեւս այն էր, որ Երեւանում ընտրություններին մասնակցած ժողովրդի 25-30 տոկոսը գոնե ինչ-որ գաղափարական հակումներ դեռ պահպանել է:

– Մինչ ընտրությունները խոսվում էր այն մասին, որ կա փող չբաժանելու քաղաքական պայմանավորվածություն: Կա՞ր:

– Հարցը կարելի է տալ փող տվողներին եւ փող բաժանողներին: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ ամեն մեկն իր խնդիրն է լուծում, եւ քաղաքական պայմանավորվածությունները միշտ չէ, որ աշխատում են: Այդուհանդերձ, ՕԵԿ-ը ստացավ իր ձայները, որոնց թիկունքում ոչ փող կար, ոչ վախ եւ ոչ էլ ատելություն:

– Չե՞ք նեղացել Ձեր կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ից, ասում են՝ ձեզ 7 տոկոսի խոստում էր տրվել, որը փաստորեն չկատարվեց:

– Նեղանալու որեւիցե խնդիր չկա: Յուրաքանչյուրը ստացել է այն, ինչ որ ստացել է: Յուրաքանչյուրն արել է իր գործը՝ ելնելով իր հնարավորություններից: Ուղղակի այս ընտրությունները ցույց տվեցին, որ կոալիցիոն թիմը, որպես միասնական իշխանական թիմ, կայացած չէ, որ ձեւավորված է ոչ թե ընդհանուր շահերի եւ նպատակների ամբողջություն, այլ յուրաքանչյուրն անում է այն, ինչ անհրաժեշտ է բացառապես իրեն: Սա իրողություն է այլեւս, որի հետ պետք է հաշվի նստեն բոլորը:

– Ինչպիսի՞ մարտավարություն եք որդեգրելու այսուհետ, տեղյա՞կ եք, թե ինչ են մտածում շարքային ՕԵԿ-ականները:

– ՕԵԿ շարքերը մարտունակ են, եւ մեր ապագայի մարտավարությունը շատ ավելի կենսունակ պետք է լինի, քանի որ երեք տարի անընդմեջ՝ 2007, 2008, 2009 թթ., ընտրությունները մեզ լուրջ խորհելու ժամանակ չտվեցին: Բացի դրանից, ՕԵԿ-ի դեմ սեւ ու չար քարոզչությունն անընդհատ հետեւել է մեզ:

Առաջինը՝ նախագահական ընտրությունների արդյունքում մեր կայացրած որոշման ոչ միարժեք ընկալումն էր հասարակության մեջ, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրան սատարող ուժերը թե այդ ընտրություններից տասն օր առաջ եւ թե ընտրություններից անմիջապես հետո եւ մինչեւ այժմ հետեւողականորեն սեւ քարոզչություն իրականացրին ՕԵԿ-ի եւ նրա նախագահ Արթուր Բաղդասարյանի դեմ: Նրանք պնդում են, որ եթե Արթուր Բաղդասարյանը եւ ՕԵԿ-ը սատարեր Տեր-Պետրոսյանին՝ վերջինս կհաջողեր, եւ նրանց մեջ կուտակված ատելությունը նրանք տարածում են ամենուր եւ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ: Բայց ո՞ւմ սատարեինք. ժողովրդին դավաճանած եւ բազմահազար մարդ հավաքած եւ նույնիսկ նրանց կողքին ճակատագրական պահին կանգնելու որեւէ փորձ չարած որոշ կեղծ լիդերների՞ն: Ես խղճում եմ ոմանց եւ ասում, որ արհամարհանքն ամենամեծ ապտակն է նենգերին եւ չարությամբ կուրացածներին: Մենք եղել եւ մնում ենք այն կարծիքին, որ Սերժ Սարգսյանի հետ քաղաքական դաշինքի կնքումը ճիշտ որոշում էր, որը թե՛ կանխեց զանգվածային արյունահեղությունը երկրում եւ թե՛ իրական հնարավորություն տվեց մեր ծրագրերը կյանքի կոչելու եւ ժողովրդի կյանքում իրական փոփոխություններ մտցնելու համար:

Եվ հաջորդը՝ ապավինումն է բացառապես սեփական ուժերին եւ ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ գործոնների ապահովումը:

Ինչ վերաբերում է մեր թիմին, ապա, այո, կա ե՛ւ հիասթափություն, ե՛ւ սպասում, ե՛ւ ափսոսանք, ե՛ւ, որ ամենակարեւորն է՝ վճռականություն՝ հաղթելու ապագայում, որովհետեւ ՕԵԿ-ում նվիրյալները շատ են, Արթուր Բաղդասարյանին հավատացողները եւ մեր ետեւից եկողները՝ հաստատակամ: Մենք կանենք անհրաժեշտ հետեւություններ եւ եզրահանգումներ, որոնք, վստահ եմ, մեզ կօգնեն ապագայում: Ի վերջո՝ մեր ստացած ձայները արդար քվեներ են, ընդամենը 5 տոկոս, ընդամենը 20 հազար, ինչը թեեւ քիչ է, բայց համոզմունքով:

Հ. Գ. Տիկին Բիշարյանը չպատասխանեց ընտրատեղամասերից մեկում հանձնաժողովի անդամ իր քրոջ եւ Անգլիայի դեսպանի միջեւ տեղի ունեցած միջադեպին վերաբերող մեր հարցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել