Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՍՏԵՂԾՎԻ՞ ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՃԱԿԱՏ

Հունիս 11,2009 00:00

ՀՅԴ-ի այս առաջարկին «Ժառանգությունը» վերաբերվում է դրականորեն

Դեռ ավագանու քարոզարշավի ընթացքում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանն ասպարեզ նետեց ազգային ընդդիմադիր բեւեռի ձեւավորման անհրաժեշտությունը՝ ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի կազմում առկա որոշ ուժերի մասնակցությամբ: Հարցին՝ արդյոք ունի՞ այդ ուժերի գոնե նախնական համաձայնությունը կամ դրական վերաբերմունքը նման բեւեռ ձեւավորելու կապակցությամբ՝ Արծվիկ Մինասյանը քարոզարշավի ավարտին «Առավոտին» տված հարցազրույցում պատասխանել էր. «Ո՛չ, չունեմ այդպիսի համաձայնություն իրենցից: Բայց կարծում եմ, որ նրանց ծրագրային ուղղվածությունը, հայտարարված քաղաքականությունը համապատասխանում են այն գծին, որ այսօր անհրաժեշտ է Հայաստանում ձեւավորել ազգային ընդդիմադիր դաշտ: Ի վերջո՝ դա կարող է վերաճել նաեւ ազգային ճակատի: Քաղաքական ուժերը տարբեր օրակարգերով են շատ հաճախ իրար հետ միավորվում, բայց եթե ազգային հարցն է առաջ գալիս, վստահ եմ՝ կլինի վերաձեւավորման անհրաժեշտություն: Դրա պահանջը կա այսօր: Կա թե՛ վարվող արտաքին քաղաքականության մեջ, մեր գնահատմամբ, թույլ տրված շեղումների պատճառով, թե՛ նաեւ ընդհանրապես ազգային քաղաքականություն ձեւավորելու առումով»:

Քարոզարշավի ավարտից հետո էլ Արծվիկ Մինասյանը շարունակում է պնդել առաջիկա ամիսներին նման բեւեռի ձեւավորման անհրաժեշտությունը: Սակայն ՀՅԴ ղեկավարները բավական վերապահությամբ են արտահայտվում այս գաղափարի վերաբերյալ: Ասենք, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ազգային բեւեռ ձեւավորելու մասին հարցին ի պատասխան՝ ասել է, թե «պետք չէ սայլը դնել եզներից առաջ»՝ նախ պետք է հստակեցնել, թե ի՞նչ օրակարգով է ընդդիմություն ՀՅԴ-ն. «Այս օրակարգը լինելու է ամբողջապես կապված ազգային խնդիրների հետ: Ովքեր կմիանան՝ ինքնըստինքյան կառաջանա ազգային ճակատ, ովքեր չեն միանա՝ այդ իմաստով կդառնան մեր ընդդիմախոսները»: Իսկ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը խոսել էր «Ժառանգության» համար յուրօրինակ ստուգարքի մասին. այն է՝ մոտ մեկ ամիս հետո կազմակերպելու են ԼՂ խնդրի վերաբերյալ քննարկումներ. «Հուսով եմ, որ այդ քննարկումներից հետո մենք կհասկանանք, թե որքան մոտ են այդ հարցի վերաբերյալ «Ժառանգության» ու մեր դիրքորոշումները: Եվ միայն դրանից հետո որոշում կընդունենք՝ արդյոք մենք կարո՞ղ ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համագործակցել «Ժառանգության» հետ»:

Մինչդեռ «Ժառանգության» ներկայացուցիչներն արդեն իսկ բազմիցս նշել են, որ գոնե արտաքին քաղաքական հարցերում ՀՅԴ-ի հետ չունեն տարաձայնություններ: Երեկ այդ մասին ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը. «ՀՅԴ-ի հետ մենք ունենք բազմաթիվ նմանություններ այնպիսի հարցերում, որոնք վերաբերում են մասնավորապես արտաքին քաղաքականությանը: Ես հիշեցնեմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցը, հայ-թուրքական հարաբերություններ եւ բազմաթիվ այլ»: Ըստ նրա՝ ընդհանրություններ կան նաեւ տնտեսության վերաբերյալ այս երկու կուսակցությունների մոտեցումներում:

Ավելի վաղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանն էր նշել, թե հնարավոր է ՀՅԴ հետ համագործակցությունը որոշակի հարցերի շուրջ. «Օրինակ, համագործակցությունը հնարավոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Մենք սպասում ենք, որ ՀՅԴ-ն կընդունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մեր հայտարարությունը, որում մենք բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք արել միանալ մեր հայտարարությանը»: Նա նաեւ հույս էր հայտնել, թե մոտ ապագայում «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն կհավաքվեն կլոր սեղանի շուրջ ու կկազմակերպեն ԼՂ հարցի վերաբերյալ քննարկում:

Այս ամենին հավելենք, որ երեկ մեր հարցին, թե ինչպես է վերաբերվում ազգային ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու առաջարկին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Շատ դրական եմ վերաբերվում Արծվիկ Մինասյանի ասածին: Ուղղակի կարծում եմ, որ բոլոր ուժերն էլ հանդես են գալիս իբրեւ ազգային: Ոչ ազգային ուժեր մեր երկրում կարծես չկան, քանի որ բնակչության 98%-ը հայ է: Եվ այդ առումով, կարծում եմ՝ այլ տեսակետ չի կարող լինել: Այսուհանդերձ, կարծում եմ, որ Արծվիկ Մինասյանի առաջարկը քննարկման արժանի է»:

Արմեն Մարտիրոսյանը նույնպես հայտնեց, որ որոշակի խնդիրների շուրջ «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն կարող են համագործակցել ԱԺ-ում. «Արդեն իսկ մի խնդրի վերաբերյալ զրուցել ենք: Բայց կարծում եմ՝ ավելի լայն համագործակցության համար, բնականաբար, պետք է անցկացնել խորհրդակցություններ, որ ճշտվեն ձեւաչափը եւ համագործակցության որակը: Այս պահին դեռեւս չկան նման խորհրդակցություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել