«Օրանժ Արմենիա» ընկերությունը նախատեսում է Հայաստանում ներդնել 80 մլն եվրո եւ, ընդհանուր առմամբ, բացել 400 աշխատատեղ: Այս մասին երեկ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ֆրանսիական «Օրանժ» ընկերության փոխնախագահ Օլաֆ Սվանտին: Ըստ Օ. Սվանտիի՝ հաջողակ բիզնես սկսելու համար Հայաստանում մեծ հնարավորություն կա: Նշենք, որ «Օրանժ Արմենիա» ընկերությունը ինտերնետային եւ բջջային կապի ծառայություններ կսկսի մատուցել այս տարվա վերջին եռամսյակում:
Նախարարի խոսքերով, «Օրանժի» մուտքը Հայաստան՝ թույլ կտա ավելի ազատականացնել հեռահաղորդակցային շուկան:
Օ. Սվանտիի ներկայացմամբ էլ, «Օրանժի» նպատակն է Հայաստանում ձեռք բերել առաջատարի, նորարարի եւ ամենասիրվածը լինելու համբավ:
Ընկերության փոխնախագահին ընդունել է նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Օ. Սվանտին խոստացել է, որ իրենք Հայաստանում կմատուցեն որակյալ ծառայություններ, կապահովեն արագ, ժամանակի պահանջներին համապատասխան ինտերնետային եւ հեռախոսային կապ. «Ուրախ ենք հայաստանյան շուկայում աշխատելու համար եւ վստահեցնում ենք, որ չենք հիասթափեցնի մեր ծառայություններից օգտվողներին»:
Նշենք նաեւ, որ Հայաստանում «Օրանժ Արմենիա» ապրանքանիշը ներկայացնող «Ֆրանս Տելեկոմ» ընկերությունը 2008-ի նոյեմբերին ձեռք է բերել Հայաստանում բջջային հեռախոսակապի եւ շարժական ինտերնետի ծառայություններ մատուցելու 15 տարվա լիցենզիա՝ վճարելով 51,5 մլն եվրո: