Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆ ՕՐԵՐՈՎ ՍՈՎԱԾ Է

Հունիս 10,2009 00:00

«Ինձ այս կյանքում արդեն ոչինչ չի հետաքրքրում, ինձ համար ամեն ինչ միեւնույն է»,- երեկ մեզ հետ զրույցում այսպես ասաց մոր՝ Կարինե Թովմասյանի հետ «Առավոտի» խմբագրություն եկած 14-ամյա Նարեկը: Նա հուսահատված լսում էր, թե մայրն ինչպես է պատմում իրենց անօգնական վիճակի մասին ու ընկճվում էր իր անզոր դրությունից, որ անչափահաս է եւ չի կարող աշխատել ու մորն ինչ-որ բանով օգնել:

ՀՀ իշխանությունների մատնանշած տնտեսական աճը, չգիտես ինչու, շրջանցել է այս ընտանիքը: Մեր երկրի համար ապագա զինվոր Նարեկը, կարելի է ասել, օրերով չի սնվում. ընտանիքը, հացից բացի, այլ սննդամթերք գնելու հնարավորություն պարզապես չունի: «Օր ա լինում, որ հաց էլ չենք առնում: Բառերով հնարավոր չի նկարագրել, թե ինչ օրեր ենք քաշում: Իսկ դրսում հայտնվելու մտքից՝ ուղղակի սարսափում ենք, բնակարան չունենք: Արդեն ինչքան ժամանակ ա մի տատիկի տանն ենք ապրում, որը խղճացել էր Նարեկիս ու օթեւան էր տվել, բայց շուտով պիտի դուրս գանք ու գնալու տեղ չունենք: Վարձով ապրել էլ չենք կարող. 16 հազար դրամ «Փարոսով» ի՞նչ կարող եմ անել, ուր դիմում եմ՝ աշխատանք չեն տալիս. երիտասարդ բարետես արտաքինով աղջիկ են ուզում: Տղա երեխա ա, ուզում ա սպորտի գնալ, իր հասակակիցների նման անհոգ կյանքով ապրի, բայց ամբողջ օրը մտածմունքների մեջ ա, թե՝ որ տնից հանեն՝ ուր ենք գնալու, որտեղ ենք մնալու»,- պատմեց տիկին Կարինեն: Նա առողջական լուրջ խնդիրներ ունի. պետք է վիրահատվի: Ճիշտ է, որպես նպաստառու Կ. Թովմասյանը կարող է բժշկական օգնություն ստանալ պետպատվերով, սակայն, ինչպես ինքն է պատմում, վիրահատությունից հետո գնալու տեղ չունի եւ պետք է փողոցում մնա. «Ոչ մի առողջ օրգան չունեմ, գոնե առողջություն ունենայի՝ կաշխատեի ու բնակարան կվարձեի»: Ընտանիքն առայժմ բնակվում է Ավան համայնքում: Տիկին Կարինեն դիմում է ՀՀ նախագահին, ԱԺ պատգամավորներին, քաղաքային իշխանություններին ու գործարարներին՝ խնդրելով որեւէ հարցով աջակցել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930