Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Զորակոչի նկատմամբ մոնիտորինգի իրականացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ քննարկում Շիրակի մարզի մոնիտորինգի մասնակիցների հետ, որը կազմակերպել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Ըստ Վանաձորի հելսինկյան գրասենյակի, քննարկմանը մասնակցում էին ծրագրի աշխատակազմն ու Շիրակի մարզի մոնիտորինգի մասնակիցները:
Նպատակը՝ մոնիտորինգի ընթացքի վերահսկողությունն է եւ մոնիտորինգի ընթացքում առաջացող խնդիրների լուծման ուղիներ գտնելը:
Մասնակիցները ներկայացրին Շիրակի մարզի Ախուրյան, Արթիկ, Մարալիկ եւ Գյումրի քաղաքներում իրականացված հարցազրույցների ընթացքում կատարած իրենց դիտարկումները: Մասնավորապես նշվեց, որ Գյումրիում բուհերի ուսանողների հետ ավելի հեշտ է եղել զրուցել, նրանք ավելի անկեղծ էին, քան այն զորակոչիկները, որոնց հետ զրուցում էին զինկոմիսարիատի տարածքում, քանի որ «եղել է կաշկանդվածություն բուժզննություն անցած զորակոչիկների շրջանում»: Վանաձորի հելսինկյան գրասենյակի տեղեկացմամբ, «Գյումրիում զորակոչիկների նկատմամբ եղել է ընտրողական վերաբերմունք, իսկ հիմնականում բուժզննման գործընթացն անցել է հանգիստ մթնոլորտում»:
Առանձնացվել էին դեպքեր, երբ հիվանդ պատանիներին զորակոչում են շարային ծառայության, չնայած նրանք պետք է անցնեն ոչ շարային ծառայություն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը կարեւորեց հարցազրույցների անցկացումը հատկապես հանրապետական բժշկական զննություն անցած զորակոչիկների հետ՝ առավել արդյունավետորեն խնդիրները վեր հանելու նպատակով: