Լրահոս
Օրվա լրահոսը

Դիզայներներն արտահայտվելու հնարավորություն չունեն. պատճառը գումարն է

Հունիս 10,2009 00:00

Հայկական նորաձեւությունը մոդելներին վարձատրելու խնդիր ունի

\"\"«Հայկական նորաձեւության ապագան հուսալի ձեռքերում է»,- ասում է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի (ԳԱԱԱ) ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը։

Օրերս Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «ԳԱԱԱ նորաձեւություն 2009» գարնանային տասներեքերորդ մրցույթը։ «Սա գալա ցուցադրություն է, որն ամենամյա բնույթ է կրում։ Մրցույթում ցուցադրվում են այս ուսումնական տարում կատարված աշխատանքները։ Կարելի է ասել, որ սա մեկ տարվա աշխատանքների հաշվետվություն է, այսինքն՝ այն, թե ինչ փոփոխություններ եւ ինչ աշխատանքներ են տարվել հագուստի դիզայնի ասպարեզում»,- նշեց Է. Սեդրակյանը: Ըստ նրա, հագուստի դիզայնը Հայաստանում զարգանալու դեռ շատ տեղ ունի. «Բոլոր նախադրյալները կան ճիշտ զարգանալու համար։ Այսինքն՝ հիմքերը գցված են։ Այսօր շուրջ 60-70 ուսանող է ներկայանալու՝ քոլեջի ուսանողներից մինչեւ ակադեմիայի ավարտական կուրսերը կներկայացնեն իրենց մտահղացումները, ամեն մեկը՝ 3-5 աշխատանքով։ Դա նշանակում է, որ մենք մտքի, տաղանդի, երեւակայության պակաս չունենք»։ Ինչպես նշեց Է. Սեդրակյանը, գալա ցուցադրությունից առաջ կազմված ժյուրիի գլխավորությամբ ակադեմիայի ուսանողների միջեւ կայացել է մրցույթ՝ լավագույն հագուստի դիզայնի համար։ «Մրցույթն անցավ երեք փուլով։ Ներկայացված էր շուրջ 150 աշխատանք, որից ժյուրին պետք է ընտրեր լավագույններին։ Ժյուրիի անդամների եւ նախագահի՝ կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ կազմվեցին երրորդ, երկրորդ եւ առաջին կարգի մրցանակներ՝ հագուստի դիզայնի լավագույն աշխատանքների համար, ինչպես նաեւ մի շարք խրախուսական մրցանակներ՝ ժյուրիի անդամների կողմից։ Երրորդ փուլից հետո հանձնաժողովի որոշմամբ ընտրվեցին լավագույնները, ինչի արդյունքում շատ աշխատանքներ՝ մրցույթից դուրս մնալու պատճառով, զրկվեցին նաեւ գալա ցուցադրությանը ներկայանալուց։ Այսինքն՝ այսօր ցուցադրվում են միայն լավագույն աշխատանքները»,- մեկնաբանեց Է. Սեդրակյանը։

Հավելենք, որ «ԳԱԱԱ նորաձեւություն 2009» գարնանային մրցույթի երրորդ կարգի դիպլոմների արժանացան Եվա Յուլզադյանը, Չինար Ալեքսանյանը, Հեղինե Բաղդագուլյանը, Արմեն Հարությունյանը, երկրորդ կարգի դիպլոմ ստացան Անի Սմբատյանը, Մելինե Ալթունյանը, Քրիստինե Դեմիրճյանը, իսկ առաջին կարգի դիպլոմներ տրվեցին Սվետլանա Չիբուխչյանին եւ Մանյա Սարդարյանին։

ԳԱԱԱ ռեկտոր Է. Սեդրակյանը, կարեւորելով նմանատիպ մրցույթ-ցուցադրությունները, ասաց. «Մրցույթն ունի ուսումնական, կրթական, դաստիարակչական նշանակություն։ Նման մրցույթները կարեւորվում են նրանով, որ ուսանողին առաջին կուրսից սովորեցնում ենք ստեղծագործական պայքարի մեջ մտնել։ Մեզ մոտ ուսանողն ավարտում է պատրաստի, փորձված մասնագետի պես անցած ուղի ձեռք բերած, քանի որ նմանատիպ ցուցադրությունները նախ շատ հաճախակի են կազմակերպվում եւ ուսանողների մասնակցությունը դրանցում պարտադիր է։ Մեր բուհի շատ շրջանավարտներ արդեն միջազգային ճանաչում ունեցած են ավարտում։ Իսկ դա գալիս է մեր այս ամենամյա ցուցադրություններից, որը ուսանողին բերում եւ հասցնում է այնպիսի մի մակարդակի, որ նրանց աշխատանքները հանգիստ կարող ենք աշխարհի ցանկացած երկրում ցուցադրել»։ Հարցին, թե ի՞նչ խնդիրներ ունի այսօր երիտասարդ դիզայները, Է. Սեդրակյանը նշեց. «Ցավոք, խնդիրները շատ-շատ են։ Երիտասարդ դիզայներները արտահայտվելու, ցուցադրվելու հնարավորություն չունեն, գումար չունեն։ Օրինակ՝ այսօրվա բոլոր հագուստները ուսանողները կարել են իրենց միջոցներով։ Ես ցավ եմ ապրում, որ այդ առումով ակադեմիան միայն կարի արհեստանոցով կարող է նրանց օգնել։ Հետո մի մեծ խնդիր էլ կա, որը ողջ հայկական նորաձեւության մեջ է. դա մոդելներին վարձատրելու խնդիրն է։ Տեսնում ես շքեղ մտահղացում, հրաշալի կար, աննկարագրելի դիզայն եւ կարճահասակ, մոդելի չափերին չհամապատասխանող, մոդելի կեցվածք չունեցող վախվորած մի աղջնակ ցուցադրում է այդ հագուստը, ինչի արդյունքում տվյալ զգեստի ողջ շքեղությունը կորչում է, աչքիցդ ընկնում։ Շատ կարեւոր են հագուստի ներկայացման ձեւն ու ներկայացնողը, վերջինիս քայլվածքը, կեցվածքը, հայացքը, ինքնավստահությունը։ Այս առումով մեր ուսանողները եւ ընդհանրապես հայ մոդելավորողները միշտ թերանում են, խեղճանում… Իսկ նրանց խեղճացնողը հենց գումարն է, քանի որ բոլոր մոդելները վճարովի են եւ մեծ գումարներ են պահանջում իրենց ամեն մի ելույթի համար։ Օրինակ՝ այսօր մի քանի ուսանող կարողացել են այդ հարցը լուծել եւ երկու-երեք մոդել ցուցադրելու են ուսանողների աշխատանքները. եթե ուշադիր լինենք, այդ մոդելները անզեն աչքով էլ տարբերվում են մյուս ընկերուհի-բարեկամ-հարեւան «մոդելներից»։ Բայց դե ինչ անենք՝ միջոցներ չկան, մնում է միայն բավարարվել նրանով, ինչ-որ կա…»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930