Ֆուտբոլի Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական փուլում դաշտի տերի կարգավիճակով հանդես եկող Հայաստանի
երիտասարդական հավաքականը երեկ «Հանրապետական» ստադիոնում 2:5 խոշոր հաշվով պարտվեց Թուրքիայի հավաքականին:
Ձախողված մրցավեճը սկզբունքային էր մի քանի առումներով: Արդեն կարելի է ասել, որ սպասվող հաղթանակը, գուցե, ավելի կարեւոր էր լինելու ոչ այնքան մարզական, որքան ֆուտբոլասերի ոգեւորության առումով: Մի հաճույք, որը հերթական անգամ վայելելու բախտ չունեցավ հայ մարզասերը:
Շվեյցարիայից արտագնա խաղում կրած 1:2 հաշվով պարտությունից հետո մեր հավաքականի ավագ մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը լուրջ վերլուծություններ պետք է արած լիներ: Սակայն մեր գործընկերների փոխանցմամբ, հետխաղային մամուլի ասուլիսում նա խոստովանել է, որ երկու դեպքում էլ ինքն է սխալվել կազմի եւ մարտավարության ընտրության հարցում: Բայց դրանից առաջ ինքնաապահովման որոշակի դրսեւորումներով հայտարարում էր, որ իր սաները դաշտ են մտնելու հաղթելու վճռականությամբ: Բայց, ինչպես ի վերջո համոզվեցինք բոլորս, նրա խոստումները հիմնազուրկ դուրս եկան:
Դրա փոխարեն, Թուրքիայի հավաքականի ավագ մարզիչ Մանդիլարին Երեւան ժամանելուն պես հայտարարել էր, որ իրենք եկել են հաղթանակի հետեւից: Ճիշտ է, նա էլ զգուշանում էր խաղադաշտում ծավալվելիք պայքարի հնարավոր ընթացքից: