Աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի թենիսիստ Ռոժե Ֆեդերերը, իր մարզական փայլուն կարիերայում առաջին անգամ նվաճելով Ֆրանսիայի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի» գավաթը, «Մեծ սաղավարտի» մրցաշարում տարած հաղթանակների թվով հավասարվեց լեգենդար Փիթ Սամփրասին եւ Անդրե Աղասիից հետո դարձավ երկրորդն աշխարհում, որին հաջողվել է հաղթել «Մեծ սաղավարտի» բոլոր երեք՝ խոտածածկ, արհեստական եւ հողածածկ կորտերում:
«Հավանաբար, սա իմ հաղթանակներից մեծագույնն է,- հայտարարել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 14-ակի հաղթողը:- Հիմա ինձ ոչինչ չի ճնշում եւ կարող եմ, պարզապես, թենիսից հաճույք ստանալ: Այժմ արդեն ոչ ոք ինձ չի կարող ասել, թե չեմ կարողացել հաղթել Փարիզում»:
Ֆրանսիայի բաց առաջնությանը տիկնոջ՝ Շտեֆի Գրաֆի հետ միասին ներկա էր նաեւ լեգենդար Անդրե Աղասին, որը «Ռոլան Գարոսի» տիտղոսը նվաճել էր ճիշտ 10 տարի առաջ: Նա Փարիզում Ֆեդերեր-Ռոբին Սոդերլինգ (Շվեդիա) եզրափակիչ մրցամարտի նախօրեին լրատվամիջոցներին հայտարարել էր, թե ինքը երկրպագում է շվեյցարացուն. «Քանի որ Ռոժեն դրան ավելի է արժանի: Նա հողածածկ կորտերում վերջին հինգ տարիների անփոփոխ երկրորդ համարն է: Բացի դա, երեք անգամ անընդմեջ խաղացել է այս մրցաշարի եզրափակիչում: Ֆեդերերը բացառիկ տաղանդի տեր թենիսիստ է: Ես երկրպագելու եմ նրան»: Անդրե Աղասիի ցանկությունն իրականացավ: Եվ խորհրդանշական է, որ հաղթողի գավաթը հանդիսավոր պայմաններում Ֆեդերերին հանձնեց հենց Անդրե Աղասին: