Ռումինիայի մայրաքաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 63 կգ քաշային Առաքել Միրզոյանը նվաճեց չեմպիոնի կոչումը՝ միեւնույն ժամանակ արժանանալով նաեւ Եվրոպայի ընթացիկ տարվա լավագույն ծանրորդի համար սահմանված պարգեւին:
Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց մարզաձեւի Եվրոպայի առաջնության հերոսներին եւ, ստեղծված ավանդույթի համաձայն, նրանցից յուրաքանչյուրին, նրանց անձնական մարզիչներին եւ հավաքականի հետ աշխատող բժշկին իրենց վաստակին համարժեք պարգեւներ հանձնեց: ՀԱՕԿ-ի նախագահը «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա նվիրեց Առաքել Միրզոյանին, իսկ մեր մյուս մեդալակիրներին արժանացրեց դրամական խոշոր խրախուսանքների:
Արարողության ավարտին Գագիկ Ծառուկյանն ասաց. «Պարգեւատրման այս արարողությունն այս անգամ մի փոքր ուշացավ: Բայց դրա պատճառն այն էր, որ մեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցում էր Երեւանի ավագանու ընտրություններին: Եթե այդ օրերին այս հաճելի արարողությունը կատարեինք, դա կարող էր գնահատվել որպես անօրինական ընտրակաշառքի բաժանում: Կարծում եմ, որ միջազգային մրցահարթակներում մեդալներ նվաճող մարզիկներին իմ մեկ անգամ խոստացած պարգեւների հանձնման այս ուշացումը հարգելի է: Բայց ես հիմա ուզում եմ ասել ավելին: Մենք փոքր երկիր ենք, սակայն սպորտում վերջին տարիներին արձանագրած մեր նվաճումներով նախ՝ մեզ, ապա նաեւ՝ ամբողջ աշխարհին ապացուցում ենք, որ միանգամայն ի վիճակի ենք միջազգային հեղինակավոր մրցաշարերում, Եվրոպայի, աշխարհի առաջնություններում ոչ միայն ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների արժանանալ, այլեւ նվաճել մրցաշարի լավագույն մարզիկի համար նախատեսված պարգեւը, որի հեղինակը վերջերս դարձավ Առաքելը: Բայց մեդալները հեշտ չեն նվաճվում: Դա ամենօրյա աշխատանքի, ուշադրության եւ աշխատանքների ճիշտ կազմակերպման արդյունք է: Մենք՝ հայերս, որպես կանոն, առավել շատ նվաճումներ ունեցել ենք մենապայքարային ձեւերում եւ դրանց շարքում առաջին հերթին՝ ծանրամարտում: Հիմա կա եւ ուշադրություն, եւ հոգատարություն: Ապահովված են համապատասխան մարզումային պայմաններ: Ու արվող աշխատանքի արդյունքներն արդեն երեւում են: Այսուհետեւ մենք՝ ՀԱՕԿ-ը, սպորտի նախարարությունը եւ կառավարությունը շարունակելու ենք աշխատել նույն հավատքով, սակայն արդեն պահանջներն էլ են մեծանում»:
Հետո, արդեն լրատվամիջոցների հետ ունեցած հարցազրույցներում, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ներկայիս դրությամբ ոլորտի առաջնային խնդիրը որակյալ մարզիչներն են: Նա տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս պայմանագրով Հայաստանում աշխատելու կգան ձյուդոյի կորեացի երկու մարզիչներ, եւ հավելեց, որ հետագայում հնարավոր է, որ մասնագետներ հրավիրվեն նաեւ այլ մարզաձեւերում: