Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԺԻՇՏՆԵՐ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ

Հունիս 10,2009 00:00

«21-ի հեռանկարներ» 10-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանում են Մեծ Բրիտանիայից ժամանած թավջութակահար Ռոհան Դե Սարամը, ԱՄՆ-ից՝ կլառնետահար Ֆիլիպ Օ՛ Քոնորը, Թոնի Արնոլդը (սոպրանո), ջութակահար Մովսես Պողոսյանը: Մեծանուն երաժիշտները եւ նրանց հետ հայաստանցի դաշնակահար Արթուր Ավանեսովը հունիսի 8-10-ը հայ հանդիսատեսին կներկայացնեն ժամանակակից երաժշտություն: Այս մասին երեկվա ասուլիսում լրագրողներին հայտնեց փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը: ԱՄՆ-ից ժամանած Մովսես Պողոսյանը, որ համերգներով հաճախ է լինում Հայաստանում, կարծիք հայտնեց, որ երաժշտությունը չպիտի լինի միայն լիցքաթափվելու միջոց, նրա խոսքով, հատկապես բարդ երաժշտություն լսելը հարստացնում է մարդուն: Բրիտանացի Ռոհան Դե Սարամը նկատել է, որ հայ հանդիսատեսը նույնն է մնացել, ինչ հիսուն տարի առաջ՝ խստապահանջ, զգացմունքային:

Հունիսի 9-ին եւ 10-ին կկատարվեն ստեղծագործություններ, որոնք Հայաստանում առաջին անգամ են հնչելու: Ֆրանսիացի կոմպոզիտոր Օ. Մեսիանի «Poemes pour mi» եւ «Կվարտետ ժամանակի վերջի համար» շարքերը հեղինակը 40-ական թվականներին գրել է համակենտրոնացման ճամբարում: «Հասարակությունը երբեք պատրաստ չի լինում ժամանակակից երաժշտություն ընկալելու՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ այլ երկրում»,- ասաց Արթուր Ավանեսովը: Փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանն էլ նշեց. «Հայ ժողովրդին պետք է լուրջ վերաբերվենք, որովհետեւ մեր ազգը հազարավոր տարիների մշակույթ ունի, չես կարող խաբել, վատ բան հրամցնել ու ասել՝ լավ բան չեն հասկանում: Եթե մշակութային առումով լավ կերակուր ես տալիս՝ նույնը կստանաս արդյունքում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել