Հայկական մշակույթի փրկության բանալիները
ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական վեբ-կայքում՝ Mincult.am-ում ներկայացված են գերատեսչության ծրագրերը՝ մեկը մեկից հնչեղ վերնագրերով: Դրանցից մեկն էլ «Մշակույթի հանրահռչակման ծրագիրն» է, որի իրականացման ժամկետը 5 տարի է: Մշակույթի հանրահռչակում հասկացությունը լսելով՝ շարքային քաղաքացին կմտածի, որ ծրագրի «հայրերը» նկատի ունեն մշակույթի մերձեցումը հանրությանը, մատչելի դարձնելը այն աստիճան, որ, դիցուք, բոլորն ի վիճակի լինեն իրենց թույլ տալ գնելու Ալ Ջերոյի համերգի կամ «Սպարտակ» բալետի թանկարժեք տոմսերը: Մշակույթի հանրահռչակման ծրագրի նախաբանում սիրուն բառերի «շքերթով» արձանագրվում է. «Իր ազգային առանձնահատկությունների, այդ թվում՝ լեզվի, մշակույթի, կրոնի շնորհիվ Հայաստանն ունի աննախադեպ հնարավորություն՝ ոչ միայն պահպանելու, այլեւ զարգացնելու եւ տարածելու իր մշակույթը ցանցային տեղեկատվական հասարակության շրջանակներում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին աշխարհում»:
Հետո իբր բացատրում են ծրագրում օգտագործված հասկացությունները: Ընդ որում, մշակույթի հանրահռչակումը մեկնաբանվում է որպես մշակութային ժառանգության եւ ժամանակակից արվեստի հանրահռչակում, իսկ բրենդն էլ թարգմանվում է որպես հատկանուն: Ոչ մի տեղ, սակայն, հանրությանը այդպես էլ չի բացատրվում, թե ի վերջո ինչ է հանրահռչակում բարդ բառը: Փոխարենը ծրագրի վրա աշխատողները չեն զլացել գրել, որ «Ծրագիրը առաջ է քաշում հանրահռչակման այնպիսի համապարփակ միջոցներ, որոնք կնպաստեն քաղաքացիական դինամիկ հասարակության եւ հայ ժողովրդի համար հոգեւոր հարուստ կենսաոճի ստեղծմանը»:
Հանրահռչակման ծրագրում այլ «ճռճռան» ու ճոռոմ ձեւակերպումներով ներկայացվում են հայկական մշակույթի ուժեղ կողմերը, որն ավելի շատ ազգային սնապարծության արտահայտություն է, օրինակ, թե ինչպես «լինելով փոքր ազգ՝ հայերն աշխարհում հիմնականում ճանաչված են մշակութային խարիզմատիկ գործիչների շնորհիվ՝ Շարլ Ազնավուր, Արամ Խաչատրյան, Արշիլ Գորկի, Վիլյամ Սարոյան, Գառզու, Սերժ Թանկյան», կամ ինչպես «Մեկ շնչին ընկնող հուշարձանների թվով Հայաստանը գերազանցում է մշակութային հարուստ ժառանգությամբ հայտնի շատ ավելի մեծ պետությունների»:
Այստեղ տեղին է հարց հնչեցնել, իսկ ո՞ր երկրում են մշակութային հուշարձաններն այդքան անխնամ վիճակում, չնայած նրանց վրայի ցուցանակները հուշում են, որ դրանք գտնվում են պետության պահպանության ներքո:
Ծրագիրը «գուժում» է նաեւ. «Տարածաշրջանում առկա լարվածությունը, ժողովրդավարական արժեքների ու ինստիտուտների անկատարությունը խոչընդոտում են ժամանակակից հայկական մշակույթի զարգացմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա մրցակցային հնարավորությունների ընդլայնմանը՝ Հայաստանից դուրս: Հայկական մշակույթին այսօր բնորոշ է մեկուսացվածությունը, որոշ դեպքերում՝ դրանից բխող գավառականությունը»:
Վերջին մտքի հետ դժվար է չհամաձայնել, այդ մասին ժամանակին ասել է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նախարարությանը կոչ անելով ձերբազատվել գավառականությունից:
Ծրագրում նաեւ փաստվում է. «Հայաստանը համաշխարհային հասարակության ընկալման մեջ առանձնանում է մյուս մշակույթներից իր բիբլիականությամբ՝ շնորհիվ Արարատ լեռան հետ կապված աստվածաշնչային պատումի, ինչպես նաեւ իբրեւ առաջինը քրիստոնեությունը ճանաչած պետություն: Ընդ որում, այս հանգամանքը Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն քրիստոնյաների, այլեւ այլադավանների համար: Այլ կերպ ասած՝ Հայաստանը ունի մեծ հնարավորություն վերածվելու ուխտատեղիի այնպես, ինչպես Երուսաղեմը, Մեքքան, Ֆուձիյաման, Տիբեթը եւ այլն»: Այդ պնդման առումով էլ փաստենք, որ միայն մեր բիբլիական բնօրրանում են հոգեւորականները քաղաքական քարոզչության լծվում կամ լիարժեք վայելում աշխարհիկ հաճույքները:
Հայկական մշակույթի հանրահռչակողները մտադիր են նաեւ «ապահովել հայկական մշակույթի «բրենդինգը» եւ տեղը Հայաստանի բնակչության շրջանում՝ «հաշվի առնելով զուգահեռաբար միջազգային եւ տարածաշրջանային մակարդակներում իրականացվող համանման աշխատանքները», անգամ «մշակույթին եւ մշակութային գործունեությանը հաղորդել պաշտամունքային բնույթ»:
Ստացվում է՝ բոլոր սկզբունքները հռչակված են, մնաց նախարար Պողոսյանի անմիջական մասնակցությամբ հայկական մշակույթը հանրահռչակվի: